Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրիստինա Վարդանյան․ «Մեր սանիտարական նորմատիվային պահանջով քաղաքի մոտ 20%-ը պետք է լինի ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, մենք ունենք ընդամենը 4%-ը»

Ապրիլ 12,2024 20:00

Երեւանի քաղաքապետարանում  «Փրկենք Երեւանի ծառերը» նախաձեռնության անդամները քննարկում են ծառերի փոխարինման ծրագիրը։ Ըստ այդ ծրագրի, ինչպես նախաձեռնության անդամներն են նշում, «կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն արժեքավոր եւ գեղազարդ ծառերով» ծրագրի թեղիներն ու հացենիները, որոնք երեւանցուն ապահովում են ստվերով եւ պաշտպանում շոգից, կփոխարինվեն փոքրիկ դեկորատիվ ծառերով, այս ծառերը չեն պաշտպանում փոշուց, շոգից, արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, չունեն ստվերային անհրաժեշտ զանգված, որն անհրաժեշտ է քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ վերջերս մայրաքաղաքի տարբեր փողոցներում ծառեր են հատվում, համապատասխան ՀՈԱԿ-ը այդ առնչությամբ ասում է, որ այդ ծառերն այլեւս կենսունակ չեն, դրանք պետք է փոխարինվեն այլ ծառերով։

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախաձեռնության փորձագետ Քրիստինա Վարդանյանն այսօր քննարկման ժամանակ ներկայացնելով մայրաքաղաքի կանաչ տարածքների իրավիճակն, ասաց՝ Երեւանը 100 տարվա ընթացքում մեծացել է 8 անգամ, 18 անգամ մեծացել է Երեւանի բնակչությունը, նույնը չենք կարող ասել կանաչ տնկարկների մասին․ «Եթե մեր սանիտարական նորմատիվը պահանջում է քաղաքի տարածքի մոտ 20%-ը ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, մենք, ցավոք, ունենք ընդամենը 4%-ը»։

Վարդանյանի ներկայացմամբ՝ վերջին անգամ ծառերի հաշվառում Երեւանում իրականացվել է 2007-ին, կա 1 մլն 670 –ից ավել ծառ, սակայն հիգիենիկ պահանջով՝ մեկ բնակչին 2 լայնասաղարթ ծառ է անհրաժեշտ, մենք ունենք 1,5-ից էլ քիչ։

Նա ներկայացրեց 2014-2015 թվականների գիտական հետազոտության արդյունքներ, ըստ որի՝ Երեւանի բնակչության շրջանում գրանցվում է հիվանդացության ցուցանիշների կայուն աճ,  այդ թվում՝ էկո-կախվածություն ունեցող՝ շնչառական, սիրտ-անոթային, չարորակ նորագոյացությունների։ Ըստ նույն հետազոտության՝ 2002-2014-ին  չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը ավելացել է 65,9%-ով, տարեկան մահացությունը` 77,1%ով։

ՀՀ-ում վերջին 30 տարիներին գրանցվել է ջերմային ալիքների օրերի քանակի եւ տեւողության  ավելացում, ինչին զուգընթաց, ըստ այդ հետազոտողների, ավելանում են բոլոր պատճառներից բնակչության մահվան դեպքերը։

2018-ին «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ստեղծվեց, ինչպես ասաց Վարդանյանը, ինքը սկսեց այնտեղ աշխատել, Երեւանն ուներ մի կարեւոր խնդիր՝ կանաչ ֆոնդը, էտի հետ կապված շատ լուրջ բացթողումներ։

«30 տարիների  ընթացքում Երեւանում ծառերն անդադար ենթարկվում էին խորը էտի։ Առաջինը որ արվեց 2018-ին «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ստեղծելուց հետո, արգելվեց խորը էտը։ Մենք, երբ աշխատում էինք ՀՈԱԿ-ում, քաղաքային տնկարանում ապահովեցին սեփական տնկանյութով, խոտանվում էր այն տնկանյութը, որը հարմար չէր Երեւանի համար։

Մյուսը խնդիրը թեղու տերեւակերով վնասված լինելն էր, մեր գլխավոր խնդիրն էր մասնագիտական պայքար տանել այս խնդրի հետ, որ կարողանանք կարգի բերել բույսերը, քանի որ նախորդ տարիներից կային միջատների մեծ քանակ եւ բույսի դիմադրողականության ցածր ցուցանիշներ։ Մենք հեռացրեցինք բոլոր ծառերից կեղեւը, որի տակ էին միջատները։ Գրագետ էտի, ծառերի սրսկման արդյունքում մաքրվեցին»,-ասաց Վարդանյանը։

Նա հայտնեց, որ ծառերի փոխարինման ծրագրով պիլոտային ծրագիր են արել, Հալաբյան փողոցում առանձնացվեց մի հատված, 14 հացենի ընտրվեց եւ այդ բույսերը,  պահպանելով թեղիները, տնկվեցին ծառերի արանքում․ «Որեւէ ծառ չենք հեռացրել, այլ այնպես ենք արել, որ փոքր տնկիները մեծանան, ձեւավորվեն, հետո հանրային քննարկումից հետո կորոշեինք՝ ինչ անել»։

Վարդանյանը ցույց տվեց Երեւանում էտված թեղիների եւ Ալմա-Աթիում, իր խոսքով՝ գրագետ խնամքից հետո մեծ սաղարթով թեղիների նկարները։

Նա վստահեցրեց ՝ ծառերի փոխարինման ծրագիրն իրականացվում է առանց պետական ինստիտուտների ներգրավման․ «Դիմել եմ բուսաբանության ինստիտուտին,  կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտին, առողջապահության եւ շրջական միջավայրի նախարարներին, ինչպես նաեւ ագրարային համալսարանին, քանի որ գիտականները հիմնականում ագրարայինից էին։ Համալսարանը գրել է, որ առհասարակ չի քննարկվել այդ ծրագիրը, այսինքն, անձինք լիազորված չէին համալսարանի կողմից նման գործունեություն իրականացնելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930