Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձր ենք գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը»

Ապրիլ 12,2024 17:50

Ապրիլի 11-ին Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Լեգա կուսակցության ներկայացուցիչ, օրվա նիստը նախագահող Պաոլո Ֆորմենտինին հարցադրում է ուղղել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլլիին։

Ստորև ներկայացնում ենք հարցումը, դրա պատասխանը և արձագանքը առանց խմբագրման՝ տառացի։

Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինի

Կցանկանայի տեղեկանալ, հաշվի առնելով, որ

Հարավային Կովկասի տարածաշրջանում Իտալիան կարևոր ազգային շահեր ունի, մասնավորապես՝ էներգետիկ և առևտրային բնույթի.

Ադրբեջանի միջազգային դիրքավորումը, որը ավանդաբար մոտ է Թուրքիային, խթանել է բազմաթիվ արևմտյան երկրների՝ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Բաքվի նկատմամբ ավելի բարենպաստ ընկալում ձևավորելու համար.

Մյուս կողմից Հայաստանը նախկինում հաստատապես ներառված էր Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշինքներում.

Այնուամենայնիվ, վերջերս Հայաստանն ի ցույց դրեց, որ ցանկանում է արմատապես փոխել իր միջազգային դիրքավորումը՝ ավելի մոտենալով Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին, մինչդեռ Բաքուն ավելի ու ավելի հեռու կեցվածք է ցուցաբերում վերջիններիս նկատմամբ.

Ներկայումս անհնարին չէ պատկերացնել Հայաստանի առաջընթաց ինտեգրումը եվրատլանտյան հանրությանը, եթե խրախուսվում է առաջ շարժվել իր նոր ուղով. 

Ինչ միջոցներ է մտադիր որդեգրել կառավարությունը՝ խրախուսելու Հայաստանի հետագա մերձեցումը Եվրատլանտյան Արևմուտքի հետ։

Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլլի

Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ դինամիկա են ապրում։ Մենք բարձր ենք գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը, և կարևոր է խրախուսել Երևանի առաջխաղացումը այնպիսի հիմնարար ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները: Գործող համագործակցության գործիքները՝ ԵՄՀայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Արևելյան գործընկերության տարածաշրջանային մեխանիզմը, ապահովում են այն ինստիտուցիոնալ շրջանակը, որտեղ կարելի է խորացնել երկխոսությունը և համագործակցությունը: Իտալիան հույս ունի, որ մենք կարող ենք հասնել Բրյուսելի և Երևանի միջև գործընկերության նոր օրակարգի սահմանմանը։ Դա կնպաստեր ռուսական խնամակալությունից Երևանի ամբողջական էմանսիպացիային։

Եվրոպական միության Քաղաքական և անվտանգության խորհուրդը մարտի 26-ին քննարկեց Հայաստանի օգտին աջակցության մի միջոցառում՝ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում։ Արդյունքում ձևավորվեց բարենպաստ դիրքորոշում։ Միջոցառումը ենթադրում է ոչ մահաբեր, ոչ հարձակողական տեխնիկայի մատակարարում, և որը նախագծված չէ Ադրբեջանի հետ առճակատման գծի մոտ հայ զինվորների տեղակայմանն աջակցելու համար։ Իտալիան նաև աշխատում է եվրոպացի գործընկերների հետ՝ Ադրբեջանին նման աջակցության համար, օրինակ՝ ականազերծման ոլորտում:

Մենք վճռականորեն աջակցում ենք Եվրամիության և մասնավորապես՝ նախագահ Միշելի միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման գործում, ինչը նախապայման է կովկասյան տարածաշրջանի խաղաղության, կայունության, անվտանգության և բարգավաճման ապագայի և Եվրոպայի հետ մերձենալու հեռանկարների համար:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ին, վերջինիս հետ Հայաստանը պաշտոնական հարաբերություններ է հաստատել 1992 թվականից։ Քաղաքական երկխոսության տեսանկյունից այդ հարաբերությունները հաշվի են առել Մոսկվայի հետ Հայաստանի մերձավորության հետ կապված դժվարությունները, հատկապես Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո։ Այնուամենայնիվ, համագործակցությունը երբեք չի դադարել։ Այն բանից հետո, երբ Հայաստանը սառեցրեց մասնակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, կարող է նոր փուլ բացվել։

Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն անցած մարտին մեկնել էր Երևան՝ հանդիպելով նաև նախագահ Խաչատուրյանի և վարչապետ Փաշինյանի հետ։ Ստոլտենբերգը խրախուսել է Հայաստանին, ինչպես նաև Ադրբեջանին (Բաքու կատարած այցի ընթացքում), համաձայնության գալ, որը թույլ կտա կարգավորել հարաբերությունները՝ ընդգծելով, որ հարցը մեծ նշանակություն ունի եվրատլանտյան տարածքում անվտանգության համար։

Վերջում երկու խոսք երկկողմ հարաբերությունների մասին. մենք ցանկանում ենք ամրապնդել համագործակցությունը Երևանի հետ տարբեր ոլորտներում։ Տնտեսականում, օրինակ, պետք է շեշտավորել ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճը, որը մենք ցանկանում ենք ավելի ամրապնդել։ Իտալիան հատուկ ուշադրություն է դարձրել Լեռնային Ղարաբաղից փախստականների՝ հայկական տարածք տեղափոխման հետևանքով առաջացած հումանիտար արտակարգ իրավիճակին, որն արդեն իսկ տրամադրվել է Միջազգային Կարմիր խաչի միջոցով, և հնարավոր հետագա աջակցությանը, որը մենք արդեն առաջարկել ենք Հայաստանի կառավարությանը։ 

            Պրն. Ֆորմենտինին արձագանքելով հայտարարեց, որ գոհ է գործադիրի պատասխանից՝ հույս ունենալով, որ Իտալիան կշարունակի նպաստել Հայաստանի լիարժեք ինտեգրմանը եվրատլանտյան հանրությանը.

Ակնկալում ենք, որ Իտալիան լիարժեք աջակցություն կտրամադրի եվրատլանտյան համայնքին Հայաստանի ինտեգրմանը։ Եվ դա իսկապես ավելին է, քան զուտ ակնկալիք: Մենք մշտապես կշարունակենք պնդել դա, քանի որ ինչպես արդեն նշել ենք, Իտալիան առևտրային և էներգետիկ ոլորտներում ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում և չպետք է նշանակի, որ մենք պետք է մի ողջ ժողովրդի թողնենք ճակատագրի քմահաճույքին։

Պետք է մշտապես հիշել այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, քանի որ այն, ինչ պարզապես, պարզունակ ձևով բնորոշվում է որպես այսպես կոչված «վտարում ադրբեջանական հողերից»՝ այնտեղ հազարամյակներ շարունակ ապրած հայերի էթնիկ զտում է: Այլ կերպ չենք կարող սահմանել տեղի ունեցածը։ Անհրաժեշտ է գիտակցել սա: Շատ լուծումներ կարող էին լինել։ Որպես օրինակ նշվում է Իտալիան՝ հիշեցնելով այն ամենն ինչ արվել է, օրինակ, Հարավային Տիրոլի՝ Ալտո Ադիջեի շրջանում: Սակայն դա հաշվի չառնվեց և այսօր Լեռնային Ղարաբաղում այլևս հայեր չկան։

Օգտվելով այս հնարավորությունից՝ հաշվի առնելով  պատմության մեջ Իտալիայի ունեցած դերը, մեր  պատմությամբ և մշակույթով պայմանավորված զգայունությունը, նշեմ, որ մենք նաև ակնկալում ենք, որ պետք է ապահովվի այդ տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության, հայկական եկեղեցիների, վանքերի և գերեզմանատների պաշտպանությունը, որպեսզի դրանք նույնպես չվերացվեն: Եվ այս ամենը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի՝ ապրիլի 24-ին նախօրեին: Սա իսկապես հարգանքի տուրք է խաղաղությանը: Համոզված եմ և  հուսով եմ, որ դա լինի իսկական խաղաղություն, որը կհարգի պատմական տարածքները, պատմամշակութային ​​ժառանգությունն ու ժողովրդի իրավունքները։ Մենք այս ամենը չպետք է մոռանանք Ադրբեջանի հետ մեր ամենօրյա հարաբերություններում: Եվ եթե մենք Հայաստանի պարագայում նկատել ենք առաջընթաց դեպի Եվրամիություն և նոր երկխոսություն (ինչպես նշեց Ստոլտենբերգը) ՆԱՏՕ-ի հետ, ապա պետք է ասենք նաև, որ, ըստ որոշ դիտարկումների, հավանաբար հակառակն է տեղի ունենում Հայաստանի հետ սահմանակից երկրում:

Շնորհակալություն:

Իտալիայում ՀՀ դեսպանություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930