Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի սառեցում է նկատվում, ինչի հետեւանքով այդպես էլ փետրվարից տեղի չի ունենում Պուտինի այցը Թուրքիա»

Ապրիլ 12,2024 17:46

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, բայց սա ուղղակի տպավորություն է, որ թուրքական հասարակության որոշ շրջանակներ սկսում են հոգնել իսլամիզմից, այն քաղաքականությունից, որի վրա հիմնված է Էրդողանի եւ նրա կուսակցության աշխարհընկալումը եւ քաղաքականությունը»,-ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Փաստարկ» մամուլի ակումբում:

«Ինձ դա հուշում է այն, որ խոշոր քաղաքներում է, որ տարիներ շարունակ Էրդողանը չի կարողանում հաղթել, մասնավորապես, Ստամբուլում, Անկարայում: Այսինքն` այն քաղաքներում, որտեղի բնակչությունն ավելի արեւմտամետ է: Եթե իմ այս տպավորությունը մոտակա չորս տարիներին եւ ավելի արագ հաստատվի, ապա կնշանակի, որ Թուրքիան ստիպված կլինի որոշակի առումով փոխել նաեւ իր արտաքին քաղաքականությունը՝ ավելի արեւմտամետ դառնալով:

Այս միտումը, որ Թուրքիայի արեւմտամետ քաղաքականությունն ավելի ուժեղանում է, արդեն երեւում է սկսած հունվարից: Բայց դա ոչ թե Թուրքիայի կառավարության որոշումն է, այլ ԱՄՆ ճնշումների ուժեղացումը: Թուրքական բանկերը հունվարից սկսել են հրաժարվել վճարներ, փոխանցումներ ստանալ ռուսական բանկերից: Իսկ դա շատ կարեւոր է, որովհետեւ թուրքական ընկերությունները արեւմուտքում գնում էին այն ապրանքները, որոնք արգելված են պատժամիջոցների շրջանակներում եւ վերավաճառում էին ռուսներին»,-ասաց պարոն Սաֆրաստյանը:

Ակադեմիկոսի դիտարկմամբ, սա բերել է ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի սառեցման, ինչի արտահայտումն է այն, որ փետրվարից այդպես էլ տեղի չի ունենում Պուտինի այցը Թուրքիա: Ու պարզ չի՝ երբ է լինելու ու արդյոք կլինի, թե ոչ:

«Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում ռազմական արդյունաբերությանը: Անցյալ տարի Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ռազմական արդյունաբերության արտադրանքով իրեն ապահովում է 80%-ով: Սա շատ բարձր թիվ է ժամանակակից աշխարհում եւ դրա արդյունքները մենք տեսնում ենք: Թուրքիան արտադրում է զենքի ամենատարբեր տեսակներ, ընդհուպ մինչեւ ռազմանավեր: Եվ սա քաղաքականություն է, որով Թուրքիան փորձում է ռազմական տեսանկյունից դառնալ ավելի ինքնուրույն ռազմական առումով, նաեւ, իմ կարծիքով, սպասարկում է Էրդողանի եւ նրա կառավարության մեծ ամբիցիաները՝ Թուրքիան դարձնել այնպիսի երկիր այս աշխարհում, որը որոշիչ ձայն ունի աշխարհի զարգացումներում:

Ընդհանրացնելով, Թուրքիան իր ցուցանիշներով միջին երկիր է այս աշխարհում, մասնավորապես, տնտեսության մակարդակով: Բայց քաղաքականության առումով ուզում է մտնել աշխարհի հզոր պետությունների շարքը: Եվ սա ունի իր հիմքում որոշակի գաղափար, որն Էրդողանը հայտարարել է սրանից դեռեւս տասը տարի առաջ՝ ձեւակերպելով. «Աշխարհն ավելի մեծ է, քան գունդը»:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930