«Կինը, որպես պաշտպան, մեծ անելիք ունի։ Առաջին հերթին, ինքը պետք է դուրս գա ինքնացենզուրայից։ Մեր հասարակությունը հիմա անառողջ վիճակում է»,-«Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում, «Կանայք և քաղաքացիական պայքարը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց երգահան Լիլիթ Բլեյանը՝ հավելելով, որ երկու օր է ՀՀ ԱԺ-ում անառողջ տեքստեր են հնչում՝ վտանգի տակ դնելով, թե մեզ, թե մեր երեխաներին, թե մեր պետությունը, բայց մենք գործի չենք դնում բնական ինքնապաշտպանական բնազդները․ արձանագրում ենք, որ շատ վատ բան է կատարվում, ու անցնում ենք մեր գործերին՝ ճիշտ այնպես, ինչպես իննամսյա շրջափակման ժամանակ նույն ինքնապաշտպանական բնազդով չգրկեցինք Արցախը, մեր ազգակիցներին։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Պետրոսյանն էլ խոսեց Արցախի իննամսյա շրջափակման ընթացքում կազմակերպության անդամների՝ հանուն կյանքի իրավունքի պայքարից։ Շրջափակման օրերին Լիլիթ Պետրոսյանը Երեւանում էր․ պատմում է, որ դա իրականում ավելի բարդ էր․ «Աղջիկները այնտեղից անընդհատ ասում էին՝ մի բան արեք․․․ ու երբ դուրս էին գալիս, ասում էին՝ ուտելիք հասցրեք, մարդիկ ուտելու բան իսկապես չունեն։ Բռնագաղթի ճանապարհին պատմություններն, իրոք շատ ցավալի էին․ ոնց որ ֆիլմ լինի ու այդ իրականության մասին Հայաստանում քեզ կարծես չթողնեն խոսես»։
Կարդացեք նաև
Լիլիթի խոսքով, Արցախի հայաթափման օրերին տեղի ունեցած բենզալցակայանի պայթյունի, այդ ողբերգության ժամանակ ամուսին-որդի կորցրած կանայք մեն-մենակ են կանգնած առկա մարտահրավերների դեմ։
Լիլիթ Պետրոսյանը մանրամասն անդրադարձավ բռնագաղթից հետո արցախցի կանանց խնդիրներին, որոնք առավելապես սոցիալական են։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ