Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Տեր-Աբրահամյան. Օրինակներ, թե ինչպես է ասողն ինքը վերջին երեք տարվա մեջ ոչ թե գրել, այլ կերտել մեր պատմությունը Կայսրության սցենարով

Ապրիլ 12,2024 17:10

Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ասում է՝ մեր պատմությունը կայսրությունն է գրել:

Լավ է ասում, և որպես մանավանդ «Ռուս-թուրքական վանդակի» հեղինակ (նկատի ունի իր համանուն հեղինակային հաղորդաշարը -«Ա.») զարմանալի կլիներ, որ չհամաձայնեի:

Բայց:

Ասելը չի նշանակում հասկանալ, թե իրականում ինչի մասին է խոսքը, առավել ևս չի նշանակում չկերտել էդ պատմությունը էդ նույն կայսրության սցենարով:

Հիմա ես օրինակներ բերեմ, թե ինչպես է էդ ասողն ինքը վերջին երեք տարվա մեջ ոչ թե գրել, այլ կերտել մեր պատմությունը Կայսրության սցենարով:

1.Պատերազմն ավարտելը Շուշիի գրավումով, նշանակում է միլիմետրի ճշտությամբ կատարել ռուս-թուրքական դաշինքի կողմից նախապես գրված սցենարը: Մինչև հիմա հավատարիմ մնալ ու դուրս չգալ նոյեմբերի 9-ից, նշանակում է հավատարիմ մնալ ռուս-թուրքական դաշինքին:

2.Պարտությունը որպես անխուսափելի, միակ հնարավոր ելք ընդունելը, պարտությունը հիմք և գաղափարախոսություն ընդունելը, որպեսզի հայ ժողովուրդը երբեք այլևս չմտածի դիմադրելու և պայքարով հաղթելու հնարավորության մասին:

3.Տարածաշրջանում Կայսրության գլխավոր գործիք Ադրբեջանի բանակի բոլոր պահանջներին ու վերջնագրերին ընդառաջ գնալը, և դրա դեմ երեք տարում արդյունավետ հակագործիք չստեղծելը՝ ի դեմս արմատապես բարեփոխված հայկական զինուժի:

4.Ի դեմս Հայաստանի ղեկավարի՝ պատերազմի մեղքը սեփական անձի վրա վերցնելը: Ինչը նշանակում է, որ Հայաստանն է մեղավոր պատերազմում` դրա բոլոր հետևանքներով: Այսինքն`պատերազմի մեղքը Ադրբեջանից և ռուս-թուրքական դաշինքից մաքրելը: Նույնիսկ չհասկանալով (կամ գուցե հասկանալով), որ դա ռուս-թուրքական դաշինքի գլխավոր նպատակներից է քարոզչական պատերազմում:

5.Փաստացի Սովետական Հայաստանը միակ լեգիտիմ հայկական պետություն ճանաչելը, միակ իրական Հայաստան: Որովհետև սովետական Հայաստանի սահմաններն են սրբության սրբոցը: Միջազգային հանրության մասին հեքիաթներ չպատմել: Փաստացի՝ այսօրվա քաղաքական կուրսն ասում է, որ միակ լեգիտիմ Հայաստանը Սովետական Հայաստանն է` ոչ Երրորդ, ոչ էլ Առաջին Հանրապետություններն, ըստ այդմ, այդպիսին չեն: Ինքնիշխանություն գոռալը հաշիվ չէ, փաստերն են կարևոր:

6. Ռուս-թուրքական դաշինքի կողմից 1920-21 թ.թ.-ին Հայաստանի համար գծված սահմանները որպես միակ լեգիտիմ և իրական Հայաստան ընդունելը: Ավելորդ է ասել, որ այդ սահմանները գծվել են այնպես, որ հայ ժողովուրդ չունենա անկախության և անվտանգության որևէ տևական հեռանկար:

7. Եթե սենց չանենք կամ էնպես անենք, Թուրքիան մեր վրա կհարձակվի հին ու կեղտոտ կգբ-իստական մեթոդի օգտագործումը հայ ժողովրդի դեմ:

8. Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, ԼՂՀ ղեկավարության հետ համատեղ այնպես անել, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում հանկարծ մեկ օրից ավել դիմադրություն չլինի, որպեսզի նույն այդ, իբր այդքան սիրելի, միջազգային հանրությունը չհասցնի ինչ-որ քայլեր անել` նշանակում է ամենավճռական պահին նորից հավատարիմ մնալ ռուս-թուրքական դաշինքին: Դրա դիմաց ստանալով Հայաստանի դեմ հարձակման հետաձգում, և Երևանի ընտրությունների հանգիստ անցկացում…

Կարող եմ դեռ շարունակել…

Իսկ ինչն են ամենամեծ խնամքով թաքցրել մեզնից մեզ համար պատմություն գրողները:

Ամենախնամքով թաքցրել են ու թաքցնում են այն, որ անկախ իր փոքր քանակից, կազմակերպված և ճիշտ առաջնորդվող հայ ժողովուրդն ի զորու է հաջողությունների և հաղթանակների հասնել իր պայքարում` հենվելով սեփական ուժերի վրա:

Եվ այսօրվա ամբողջ քաղաքականությունն էլ հիմնված է այդ իրողության թաքցման վրա: Այստեղից էլ` միջազգային իրավունքը մեզ ապավեն ու պահապան, այստեղից էլ պատերազմի վախով ժողովրդին կառավարելու մեթոդը և այլն:

Կարդացեք, լռեք, վրդովվեք:

Բայց հակափաստարկ չունեք այս ամենի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930