Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյան. «Կառավարությունը չի կատարել Ազգային ժողովի առջեւ վերցրած պարտականությունները, չի իրականացրել այդ ծրագիրը, ինչը պետք է ծնի այս կառավարության հրաժարականի պահանջ»

Ապրիլ 12,2024 16:40

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում խոսեց վերջին երկու օրվա ընթացքում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ապրումների մասին, որ ունեցան կառավարության հետ հանդիպման ժամանակ:

«Այդ երկու օրը կառավարությունը ներկայացնում էր, ըստ էության, 2023 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը: Զեկույց էր ներկայացնում խորհրդարանին, թե ինչ է կատարել 2023-ին՝ կառավարության 2021-2026 թվականների իրենց ծրագրին համահունչ: Փաստացիորեն, երբ դիտարկում ենք իրենց ծրագիրը եւ զեկույցը, ակնհայտորեն տեսնում ենք, որ այս կառավարությունը ոչ միայն չի կատարել իր ծրագիրը, որի համար իրենք ձայներ, քվեներ էին ստացել հանրությունից, դեռ ավելին. այս կառավարությունը իրականացրել է լրիվ՝ 180 աստիճան հակառակ գործունեություն: Եվ մեր ելույթներն ամբողջությամբ հենց դրան էին նվիրված:

Ինչ է խոստացել ազգային անվտանգության ոլորտում եւ ինչ է արել, ինչ է խոստացել ժողովրդավարության կայացման ոլորտում եւ ինչ ունենք այսօր»,- ասաց տիկին Կյուրեղյանը եւ առանձին օրինակներ մատնացույց արեց տարբեր այլ ոլորտներից:

Մասնավորապես, որ Հայաստանը լինելու է Արցախի ինքնորոշման իրացման եւ անվտանգության երաշխավորը, սակայն այսօր հայկական Արցախ չկա:

Որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որոնց ազատության մեջ գտնվելը իշխանությանը ձեռք չի տալիս: «Ես զարմանում եմ եվրոպական կազմակերպությունների վրա, որոնք հայ ժողովրդավարության կայացումը իրենց համար որպես առաքելություն են վերցրել, սակայն, պարզապես, երկակի ստանդարտներ են կիրառում: Հնարավոր չէ չտեսնել այն ամենը, ինչ կատարվում է այսօր Հայաստանում ժողովրդավարության ոլորտում»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ այս իշխանությունն այլեւս լեգիտիմ չէ, որովհետեւ նրանք ընտրվել են մեկ խոստումով՝ իրականացնում են բոլորովին այլ բան:

«Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը չի կատարել Ազգային ժողովի առջեւ վերցրած պարտականությունները, չի իրականացրել այդ ծրագիրը: Իսկ դա, բնականաբար, պետք է ծնի այս կառավարության հրաժարականի պահանջ»,-եզրակացրեց պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930