Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդյոք ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել սահմանանշում կամ սահմանագծում, որ պաշտոնական հաղորդագրության մեջ կոնկրետ գնահատական է տրվում, թե որ հատվածով է անցնում սահմանը. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 12,2024 16:13

«Իսկ ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն հատվածով, որը նկարագրված էր պաշտոնական հաղորդագրության մեջ: Արդյոք ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել սահմանանշում կամ սահմանագծում, որի հետեւանքով այսօր ունենք իրավիճակ, որ պաշտոնական հաղորդագրության մեջ կոնկրետ գնահատական է տրվում, թե որ հատվածով է անցնում սահմանը: Հենց միայն այս հանգամանքը ցույց է տալիս այս իրավիճակի ողջ աբսուրդությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ներքին Խնձորեսկում տեղի ունեցած միջադեպին, երբ հովիվը հոտին հետ բերելու համար անցել էր ադրբեջանական կողմ եւ սկսվել էր այդ միջադեպով հրաձգություն եւ դրան հաջորդած ԱԱԾ հաղորդագրությանը, թե պատրաստ են ադրբեջանցիների հետ հետաքննություն անցկացնել՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ըստ Աբրահամյանի՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը չեն կանգնում միմյանց դիմաց, կողմերը կանգնում են որոշակի հեռավորության վրա, «Այսինքն՝ մի գիծ չէ, որ երկու կողմն էլ գալիս, կանգնում են, այս իրավիճակում, երբ ակտիվ քննարկվում է ՀՀ-Ադրբեջանի միջեւ սահմանազատման, սահմանագծման գործընթացը, այդ մասով արդեն իսկ խնդիր է: Այսպիսի հաղորդագրություն, որը ունեցանք նաեւ որոշ ժամանակ առաջ ՊՆ-ի կողմից, բավականին լուրջ ու վատ ազդեցություն են թողնում զինված ուժերի վրա ու այն ստորաբաժանումների ու ծառայությունների վրա, որոնք զբաղված են սահմանագծի պաշտպանությամբ ու պահպանությամբ: Այն, որ իշխանությունը, այս դեպքում ԱԱԾ-ն, փորձում է անել հաղորդագրություններ կամ հայտարարություններ, որոնք, ըստ իրենց, չեն լարում իրավիճակը, ասեմ՝ նախորդ դեպքում Ներքին Հանդի պարագայում եղավ նմանատիպ հայտարարություն, դրա մասին խոսեց նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, բայց դա չխանգարեց Ադրբեջանին ծանր հարվածներ հասցնելու եւ հայկական կողմին զոհեր պատճառելու առումով»:

Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաեւ Փաշինյանի այն հայտարարությանը, թե երաշխիք չկա, որ եթե Տավուշի մարզից տարածքներ զիջենք Ադրբեջանին, պատերազմ չի լինի: Պատասխանելով լրագրողի հարցին՝ եթե Փաշինյանը վստահ է, որ դրանով խաղաղություն չի հաստատվի, ինչու են զիջում տարածքները, պարոն Աբրահամյանն ասաց. «Պրագմատիկ բացատրություն չի կարող լինել այստեղ, երբ որ Փաշինյանն ասում էր՝ սահմանազատումը սկսում ենք Տավուշից, համապատասխան հանձնաժողովը ներկայացնող փոխվարչապետը հայտարարեց, որ այդ գործընթացը չի սկսվել: Այն դեպքում, երբ մի երկու շաբաթ առաջ Փաշինյանն ազդարարում էր, որ սկսվել է սահմանազատման գործընթացը ու նշում էր Տավուշը:

Էլ չեմ խոսում այն մասին, որ այս պահին տեղեկություններն են այնպիսին, որ Ադրբեջանը համաձայնություն էլ չի տվել Տավուշից այդ գործընթացը սկսելուն: Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջանի ակտիվությունը եւ գործողությունները կարող են իր համար վնասակար լինել իշխանության պահպանման տեսանկյունից եւ փորձում է ստեղծել իրավիճակ, հանրությանը կեղծիքով համոզելու, որ այն, ինչ տալիս ենք բացառապես ադրբեջանական տարածքներ են, այն դեպքում, երբ կոնկրետ քարտեզների շուրջ չկա համաձայնություն: Բնականաբար, սա Փաշինյանի միակողմանի զիջումների քաղաքականությունն է, որը հատուկ է եղել այս իշխանություններին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930