Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցը չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը»․ Արծվիկ Մինասյան

Ապրիլ 12,2024 14:00

Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը երեկ դեմ է քվեարկել ընդդիմության նախաձեռնած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկման արդյունքով առաջարկված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման և սահմանագծով վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ երկուշաբթի օրն այս հայտարարության նախագիծը կդրվի շրջանառության մեջ։

«Դուք ինքներդ էլ կտեսնենք, թե ինչպիսի հստակ արձանագրումներ կան, որոնցից մեկը վերաբերում է Արցախին, որ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցի կարգավորումը որեւէ կերպ չի կարող սահմանափակել կամ արգելել Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի՝ միջազգային երաշխիքներով իրացումը։

Եվ երկրորդ, որեւէ մեկը չի կարող կանխատեսել կամ կանխորոշել Արցախի կարգավիճակը։ Սա սրանց համար կարմիր լաթ է, ինչպես իրենք են սիրում ասել, որովհետեւ վախեցած են, խոստացել են թշնամուն, որ չի լինելու այդպիսի բան։ Պատահական չէ, որ ես երեկ բարձրաձայնեցի հարցը՝ բա դուք ասում էինք, որ Արցախի իշխանությունների հետ սերտ համագործակցում եք, հիմա այդ իշխանությունների գործունեությունը Հայաստանում դարձավ սպառնալի՞ք։ Այս աբսուրդն ու զավեշտը մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի։

Կամ հարց եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ դուք ասում եք՝ խորհրդային Հայաստանի սահման, Ադրբեջանն ընդունո՞ւմ է դա, դուք ծանո՞թ եք Ադրբեջանի Սահմանադրությանը, անկախության իրենց փաստաթղթերին, այնտեղ գրվա՞ծ է՝ խորհրդային սահման։ Ուղիղ հակառակը, Ադրբեջանը հրաժարվել է ԽՍՀՄ պայմանագրերից»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ Ալիեւն այն ժամանակ ասաց, որ Ալմա-Աթայի հռչակագրին համաձայն է, երբ իրեն պետք էր Արցախը զավթել ու նվաճել։ «Հիմա ինչո՞ւ չի տալիս Ալմա-Աթայի անունը։ Նույն Ալմա-Աթայի հռչակագիրը որեւէ իրավական հիմք չէ, իրավական հիմքն այն արձանագրությունն է, որն Ադրբեջանը պաշտոնապես իրն համար գործողության մեջ է դրել 1993 թվականի սեպտեմբերի 24-ից։ Այդ արձանագրության երկրորդ մասում հստակ է ասված, որ երկրների համար այս համաձայնագրի կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնապես անդամակցելու պահից։ Իլհամ Ալիեւի հայրը 1993 թվականի սեպտեմբերի 24 ստորագրել եւ ԱՊՀ ռեեստր է ուղարկել այս տվյալները։ Հետեւաբար, Ադրբեջանի համար այս իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթն ունի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 24-ից։

Նույն Նիկոլ Փաշինյանը, երբ վկայակոչում է Ալմա-Աթայի գործընթացը, չի էլ տիրապետում այս տարրական բաներին։ Եթե նա նույնիսկ դա է հիմք ընդունում, 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը պետք է լինի սահմանազատման հիմք։ Եվ դա հիմք ընդունելով՝ դու պետք է կատարես ճշգրտումներ»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ հայտարարության տեքստում նշվում է, որ ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքները նրանք են, որտեղ 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ գործել է ՀՀ օրենքը։ Երկրորդ, բոլոր այն տիտղոսներն են՝ Արծվաշենի,ՀՀ այն բռնազավթված տարածքների նկատմամբ, որոնք ԽՍՀՄ ժամանակաշրջանում պատկանել են Հայաստանին։

Ըստ Մինասյանի՝ սեղանի շուրջ պետք է նստել ու խոսել սահմանազատման այս հիմքերի ու սկզբունքների մասին։ Որից հետո, եթե կլինի համաձայնություն, այդ հարցը պետք է դնել հանրաքվեի, առանց հանրաքվեի ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որեւէ տարածք չի կարող հանձնվել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930