«Սա համարում եմ ոչ այնքան Նարեկ Մալյանի վերդիկտը, այլ դատավորի վերդիկտը: Այսուհետեւ կարող ենք ասել, որ այս գործով ողջ պատասխանատվությունը կրում է դատավորը, դա նրա ընտրությունն է: Մինչ այս կարող էինք խոսել դատախազության, քննչական մարմինների, հիմա դատավորն իր կնիքով հաստատեց: Մենք սա չենք մոռանա»,- «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով նիստից հետո լրագրողներին ասաց նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը
Անդրադառնալով դատախազի միջնորդությանը Մալյանի նկատմամբ պատժի հետ կապված՝ Մելիքյանը նկատեց, որ բացի արդարացնող դատավճռից, այլ դատական ակտ չենք կարող ունենալ. «Բայց տեսեք՝ ինչ է ասում մեղադրողը՝ նախատեսված է 1-4 տարի ժամկետով սանկցիա, առկա է մեղմացնող հանգամանք, առկա չէ ծանրացնող հանգամանք, անձը չունի դատվածություն: Եթե մաթեմատիկական կանոններով ենք նայում, այդպես էլ առաջնորդվում են, կիսում են 1-ից մինչեւ 4-ը, ստացվում է 2,5, մեղմացնող հանգամանք էլ լինում, նվազեցնում են:
Չհասկացա՝ ինչ մաթեմատիկա էր դատախազությունում, որ դատախազը ոչ թե 2,5 տարուց քիչ պատիժ առաջարկեց, այլ՝ ավելի շատ:
Այն, որ իրավաբանություն այս գործում չկար, գիտեինք, բայց որ մաթեմատիկայի հետ էլ խնդիրներ կան՝ մինչեւ 4-ի հաշվարկի հետ կապված, ես չգիտեի. նման բան չէի տեսել»: