Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս հակահայկական դպրոցական օլիմպիադան Ադրբեջանի զավթողական քաղաքականության բազմաթիվ դրսևորումներից ընդամենը մեկն է. «Գեղարդ»

Ապրիլ 12,2024 13:05

Վերջերս ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 27-ին աշակերտական օլիմպիադա է անցկացվելու  «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով (այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նկատի ունեն Հայաստանի Հանրապետության տարածքը):

Միջոցառումն իրականացնում են Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը, Նախիջևանի կրթության նախարարությունը, Ադրբեջանի կրթության ինստիտուտը, Նախիջևանի պետական ​​համալսարանը և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը։

Ըստ կազմակերպիչների՝ օլիմպիադայի նպատակն է բարձրացնել աշակերտների իմացությունը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» պատմության, աշխարհագրության, մշակույթի, գրականության, ականավոր հասարակական գործիչների, պատմական գործիչների, տեղանունների և բանահյուսության մասին ու ապահովել գիտելիքների խորը ուսումնասիրությունը: Երեք փուլով անցկացվող օլիմպիադային պետք է մասնակցեն 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտները:

Այս միջոցառումն Ադրբեջանի զավթողական քաղաքականության բազմաթիվ դրսևորումներից ընդամենը մեկն է։ Ադրբեջանի ղեկավարությունը, չթաքցնելով իր վարած քաղաքականության բնույթը, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ադրբեջանցիների «պատմական հայրենիքն» է, և իրենք անպայման պետք է այնտեղ վերադառնան։

Իլհամ Ալիևն այս թեզով հանդես է եկել 2022 թ. «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության վարչական շենք իր այցելության ժամանակ։ Հարկ է նշել, որ այդ  կազմակերպության գործունեությունն ամբողջովին միտված է պետական հովանավորչությամբ վերը նշված կեղծ թեզերի մշակմանն ու տարածմանը:

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես են Ադրբեջանում հայատյացություն սերմանում անգամ մատաղ սերնդի շրջանում։ Սա նաև ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները  չեն պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական և անօրինական ծրագրերից։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների հովանավորությամբ կազմակերպվող այս և նմանատիպ այլ հակահայկական միջոցառումները և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի զավթողական քաղաքականության և ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների սպառնալիքի վրա:

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930