Հնարավո՞ր է Հայոց պատմության դասագրքերը փոփոխվեն, քանի որ վարչապետը պարբերաբար շեշտում է իրական եւ պատմական Հայաստանի մասին, ասում՝ պատմական եւ իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար, իսկ օրինակ` պատգամավորներն էլ հեգնում են՝ դասագրքերում պատմական հայրենիքի մասին է գրված՝ Վան, Փայտակարան, այլ ոչ թե Սյունիքի եւ այլն։
Այս հարցին ի պատասխան՝ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց՝ մեր պատմությունը մեր պատմությունն է, պատմության դասագրքերն էլ մեր պատմության մասին են։
«Խոսքը պատմությանը նայելու դիտանկյան մասին է, ոչ թե այն մասին, որ Մեծ Հայքի նահանգները կամ որեւէ այլ ժամանակաշրջան կամ դրվագ դադարում է լինել մեր պատմությունը։ Ամբողջ տրամաբանությունն այն է, որ մենք կարողանանք մեր պատմությանը մոտենալ այսօրվա մեր պետության ու պետական շահի դիրքերից, կարողանանք վերագնահատել այդ իրադարձությունները՝ հաշվի առնելով այսօրվա մեր պետության մարտահրավերներն ու նաեւ այն խնդիրները, որ ունենք լուծելու»,-ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ Հայոց պատմություն առարկան Հայաստանի պատմություն անվանափոխելու նախարարության նախաձեռնությունը հենց այս խնդրին է ուղղված, որպեսզի կարողանանք պատմության մոտեցմամբ փոփոխություն անել, մեթոդաբանական փոփոխություն․ «Բովանդակության փոփոխության մասին չէ, սա մեթոդաբանական մոտեցման մասին է, որպեսզի մեր պատմության իրադարձությունների մեկնաբանության մեջ գերակշռի այսօրվա մեր պետության դերից դրանց վերաարժեւորումը»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ