Դպրոցներում ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպվում է, խուճապի առիթ չկա ո՛չ ծնողների եւ ոչ էլ դպրոցների շրջանում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված այն կեղծ տեղեկություններին, թե մայրաքաղաքի դպրոցներում ահաբեկչություն է պատրաստվում։
Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում պարբերաբար նման կեղծ տեղեկություններ տարածելու միտում է նկատվում, տելեգրամյան ալիքներում տարածված այդ կեղծ տեղեկությունը ուսումնասիրում են իրավապահները, ամբողջ իրավիճակը գտնվում է շատ լուրջ ուշադրության եւ ուսումնասիրության ներքո․ «Այս պահին անհանգստանալու առիթ չեմ տեսնում։ Մեդիափորձագետները տարածեցին տեղեկություն, թե ինչպես կարելի է համոզվել, որ տեղեկատվությունը կեղծ է։ Օրինակ՝ տեսնելով, որ այն լուսանկարները, որոնք տարածվում էին, նույնությամբ կրկնում էին այլ երկրի այլ դպրոցների հետ կապված նմանատիպ տեղեկատվություն տարածելու տեսանկյունից»։
Նախարարի դիտարկմամբ՝ հիբրիդային պատերազմը մեզանից հեռու իրականություն չէ, այսօր կարեւոր է մեդիագրագիտության դերը․ «Կարծում եմ՝ մեր երեխաները դպրոցում սովորելով մեդիագրագիտության պարզ կանոնները՝ տեղեկատվության ճիշտ եւ կեղծ աղբյուրները պետք է կարողանան տարբերակել»։
Անդրադառնալով դպրոցներում անվտանգության ապահովմանն ու թե ովքեր են իրականացնում անվտանգության ծառայությունները, նախարարն ասաց, որ այժմ մշակում են դպրոցների անվտանգության նկարագիրը․ «Ընդհանուր առմամբ դպրոցներում անվտանգության ապահովման եղանակներն ու գործիքակազմը պետք է ընդլայնվի։ Այդ իմաստով մենք պետք է նաեւ բավականին ադեկվատ լինենք իրավիճակին, ասենք՝ անվտանգության այն միջոցառումները, որոնց կարիքը կա. օրինակ՝ բանուկ հատվածներում գտնվող դպրոցներում կամ ավագ դասարաններ ունեցող դպրոցներում, գուցե այլ պիտի լինի, իսկ գյուղականում՝ այլ»։
Կարդացեք նաև
Անդրեասյանի խոսով՝ դպրոցների ելումուտը խիստ կանոնակարգված է, կողմնակի անձանց մուտքը դասապրոցեսի ընթացքում չի թույլատրվում, թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ այդ անձի հետ կա տեսակցություն կամ երեխայի ծնողն է, օրինական ներկայացուցիչը։
«Մեր դպրոցները, համաձայն միջազգային տարբեր հետազոտությունների, համարվում են ամենաապահով դպրոցներից»,-ասաց նախարարը։
Արդյոք խնդրահարույց չէ, որ դպրոցներում անվտանգությունն ապահովում են սովորական պահակները, որոնք հաճախ տարեց մարդիկ են, նախարարն ի պատասխան այս հարցի, ասաց՝ այս պահին հաստիքացուցակի համաձայն՝ դպրոցներն ունեն պահակներ, դպրոցների մի մասում տեսախցիկներ կան․ «Նոր կառուցվող դպրոցներում տեսախցիկների համակարգն ապահովում ենք։ Դպրոցների կառավարման համակարգում փոփոխություններ ենք արել, վարչատնտեսական կառավարումն առանձնացրել ենք, այս պահին դիտարկում ենք անվտանգությունը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը, որը դեռ պետք է լավ մշակվի»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ