Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անմեղսունակությունն ու համատարած անգործունակությունն ավելի վտանգավոր են, քան այն, որ Փաշինյանը Հայաստանը դեպի անդունդ է մեզ տանում. Դավիթ Անանյան. «Հրապարակ»

Ապրիլ 12,2024 11:26

«Հրապարակի» զրուցակիցը ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն է:

– Օր օրի ավելանում են անվտանգային խնդիրները, խոսվում է Տավուշից չորս գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին, սակայն վարչապետն այլեւս չի թաքցնում, որ իշխանությունը պահպանելու խնդիր է լուծում, օրերս ասել է, որ ՀԱՊԿ-ն ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ մեզ օգնության, այլ որպես խաղաղապահ, ինչի արդյունքում «Հայաստանում կձեւավորվեր դրածո իշխանություն»:

– Նա ուզում է լղոզել մի իրականություն, որում հայտնվել է հայ ժողովուրդն ու իր սեփական մաշկի վրա ամեն օր զգում է այդ իրականության հետեւանքները: Անընդհատ վերադառնում ենք այն գաղափարին, որ օրվա իշխանության, հատկապես իշխանության գլուխ կանգնած անձի կողմից կործանարար գործողություններ են արվում: Նրանք եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ ժամանակակից պետությանը բնորոշ ատրիբուտները, ըստ էության, չունենք: Մենք շարունակում ենք մնալ խոր ճգնաժամի մեջ, օրվա իշխանություններն իրականացնում են հակապետական, հակազգային քաղաքականություն, պետությունը, որպես այդպիսին, ունի դրոշ, գերբ, օրհներգ, դրանք կան, սակայն բավարար չեն, որպեսզի մենք խոսենք պետության ինքնիշխանության մասին: Ինչ-որ մի պահից Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը: Ինքնիշխանությունը կորցնելու համար մեկ մեղավորը չի կարող խոսել պետության պահպանման մասին: Նրա երեկվա ելույթները ստիպված լսեցի ու եւս մեկ անգամ համոզվեցի, որ ամեն ինչ գնալով ավելի սխալ ու վտանգավոր ուղղությամբ է ընթանում: Խնդիրները խորանում են, իսկ ես մտահոգված չեմ, թե ինչ խոսեց երկրի դե յուրե ղեկավարը, այլ մտահոգված եմ, որ հակառակ կողմից հակադարձողների բանակ, որպես այդպիսին, որն իսկապես պատրաստ է երկրի ինքնիշխանությունը պաշտպանել, չտեսա: Ըստ էության, նրանք գոյություն չունեն: Այսինքն` ավելի մտահոգիչ է, որ բոլորս գլուխներս կախ գնում ենք դեպի անդունդ: Անմեղսունակությունն ու համատարած անգործունակությունն ավելի վտանգավոր են, քան այն, որ Փաշինյանը Հայաստանը դեպի անդունդ է մեզ տանում: Թե ինչ կխոսի այսօր կամ վաղը, ինչ մանիպուլյացիոն հայտարարություններ կանի, ՀԱՊԿ-ի եւ չորս գյուղերի մասին ինչ կասի, այսօր էական չեն նրանց համար, ովքեր տեսնում են իրական վտանգները:

– Անկախ ամեն ինչից, Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի վարչապետը, եւ նա Տավուշից տարածքներ հանձնելու մտքից հետ չի կանգնում: Ի դեպ, երեկ էլ հայտարարեց, որ այդ գյուղերը հանձնեն Ադրբեջանին, թե ոչ, միեւնույն է՝ խաղաղության երաշխիքներ չկան:

– Շատ պարզ ու հասարակ միտք է ասում, ազնվաբար ասում է՝ մեր առջեւ մի պահանջ է դրվել, որը երկկողմանի հարաբերություններում Փաշինյանին ուղղված ցուցում է, որն ուղղակիորեն պետք է կատարվի: Թիվ մեկ ամբիոնից այս հայտարարությամբ երեկ խոստովանություն հնչեց, որ ինքը` Փաշինյանը, կատարում է թշնամի երկրի ղեկավարի անմիջական ու ուղղակի ցուցումները, բայց, փաստորեն, չկան երաշխիքներ, որ այդ ցուցումներն ապագայում առավել կործանարար հետեւանքներ չեն թողնելու: Ես իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում երկրի դե յուրե ղեկավարի այս հայտարարությանը: Նա հանցագործության մասին բաց հայտարարություն արեց, սեփական հանցագործության մասին` թիվ մեկ ամբիոնից:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930