Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել։ Գյուղերում գիտեն՝ կարկուտը որտեղ է գալիս, գիտեն, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, տանում էին այդ ծեծած տեղերը ցորեն էին ցանում, ասում՝ թող ծեծի»

Ապրիլ 12,2024 11:18

Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության ոլորտի ապահովագրման փորձնական ծրագրում փոփոխություններ անելու մասին որոշման զեկուցման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանից հետաքրքրվեց՝ ապահովագրման ենթակա մշակաբույսերի ցանկը փոխո՞ւմ ենք, ցրտահարություն եղե՞լ է։

«Հուսով ենք՝ չի լինի»,-պատասխանեց Պապոյանը։

«Ինչի՞, պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել»,-հումոր արեց Փաշինյանը։

Ապա նախարարը բացատրություն տվեց՝ ցրտահարության ռիսկի մեծ մասը երեւի թե անցել է, բայց որոշակի ռիսկ դեռ կա․ «Հարցն այն է, որ մինչեւ որոշումն ընդունենք, պոլիսները վաճառենք, տեխնիկական մաս կա, իրենք ընդունեն, արդեն անցած կլինի։ Ու մի կողմից անիմաստ կլինի գյուղացիների համար, մյուս կողմից կարող է որոշակի սպեկուլյացիաների հնարավորություն ստեղծվի։ Սա հեշտ բանակցություններ չէին ապահովագրական ընկերությունների հետ, դա եղել է պայմաններից մեկը, որ այս պահին ժամանակավոր լուծման գանք այս տարվա համար»։

Փաշինյանը հետաքրքրվեց՝ իսկ հացահատիկը կարկուտից ինչո՞ւ չենք ապահովագրում։

Նախարարը պարզաբանեց՝ հացահատիկը կապահովագրենք երաշտից, երաշտից ապահովագրման պոլիսներ կվաճառենք։

«Էդ եմ ասում, բա կարկուտից ինչի՞ չեք ապահովագրում։ Մենք տեղեկություններ ունենք, որ մարդիկ գիտեն, որ ամեն տարի կարկուտ է գալիս, գնում էին այնտեղ ցորեն էին ցանում, որ ապահովագրություն ստանան։ Համենայնդեպս, էսպիսի տեղեկություններ մեզ հասել են, ապահովագրական ընկերություններն էլ ․․․առնվազն տենց շահարկումներ կային, գյուղերում մարդիկ գիտեն՝ կարկուտը որտեղ է գալիս, գիտեն, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, տանում էին այդ ծեծած տեղերը ցորեն էին ցանում, ասում՝ թող ծեծի»,-ասաց Փաշինյանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց՝ այս բարեփոխումը կառավարության ամենաբարդ բարեփոխումներից է, որովհետեւ մի քանի տարի ներդրված ապահովագրական համակարգը չի կարող ապահովել բոլոր ռիսկերի ճիշտ կառավարումը․ «Մեր նպատակն է մի քանի տարի կառավարության կողմից սուբսիդավորել համակարգը։ 2023-ին ապահովագրական վճարների հանրագումարը կազմել է 1,8 միլիարդ դրամ, եւ դրա զգալի մասը կառավարությունը սուբսիդավորել է։ Մենք սուբսիդավորում էինք ապահովագրական վճարները, որպեսզի այս շուկայի նկատմամբ առաջանա պահանջարկ, ֆինանսական համակարգը հետաքրքրված լինի այդ ծառայությունը դիտարկել որպես երկարատեւ եկամտաբեր գործունեություն եւ ներգրավվի դրա մեջ»։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է 2024 թվականի համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցել վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930