Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Մեր խմբակցության համար անընդունելի եւ դատապարտելի է այս նախագծի երկրորդ ընթերցմամբ ներկայացված տարբերակը, ինչպես անընդունելի էր առաջին տարբերակը։ Մենք ներկայացրել էինք առաջարկություն, որպեսզի շտկվի, եւ այն մտահոգությունները, որոնք կային հանրության մեջ, այդ թվում՝ նաեւ Հայ առաքելական եկեղեցու կողմից բարձրացված, անտեսվել են, արհամարհվել են։ Հետեւաբար, մեր խմբակցությունը դատապարտելով, դեմ է քվեարկում այս նախագծին»։
Նախագիծն ընդունվեց 57 կողմ, 25 դեմ ձայներով։
Հիշեցնենք, որ այս նախագիծը մշակվել է ՔՊ-ական պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի կողմից։ Դրանով նախատեսվում է նաեւ օրենքով արգելել կուսության ստուգումը, քանի որ այն դիտարկվում է բռնության տեսակ։
Կարդացեք նաև
«Կուսության ստուգում, վաղ քարե դար… համաձայն եմ, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ, բայց եկեք կիրառական հարթության մեջ էս ամեն ինչը դիտենք: Գեղամ Նազարյանը ճիշտ է ասում՝ մի՛ բերեք զուգընկերությունը հավասարեցրեք ընտանիքի հետ»,- երեկ այդ նախագծի քննարկման ժամանակ ասել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ