Երեւանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում ապրիլի 11-ին շարունակվեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի դատը։
Մինչեւ դատական նիստն սկսելը՝ նախագահող դատավոր Սուսաննա Գզոգյանը դահլիճում ներկա գտնվողներին նախազգուշացրեց, որ որեւէ արտահայտություն, բացականչություն, ծափահարություն, վիրավորանք հնչեցնելու դեպքում, ինքը, ինչպես նախորդ նիստում, անխտիր բոլորին հեռացնելու է նիստերի դահլիճից, որից հետո միայն Նարեկ Մալյանին թույլատրվեց մտնել դահլիճ եւ շարունակել նախորդից կիսատ մնացած իր վերջին խոսքը։
Նարեկ Մալյանը ներկայացրեց իր նկատմամբ վարույթ նախաձեռնելու պատճառները, քննչական գործողությունների ընթացքում նախաքննական մարմնի կողմից թույլ տրված օրենքի կոպիտ խախտումները եւ այլ անօրինականությունները։
Ասաց, որ իրեն մեղադրում են, ըստ էության, իշխանության նկատմամբ ատելություն քարոզելու մեջ։ Ատելության խոսքի եւ բռնության կոչերի հոդվածները, ըստ Մալյանի՝ մեծ գայթակղություն են աշխարհի բոլոր բռնապետների համար, որոնք դրանք օգտագործում են իրենց երկրներում ընդդիմադիրներին լռեցնելու նպատակով։ Եվ ցանկության դեպքում յուրաքանչյուր քննադատություն կարելի է որակել որպես ատելության խոսք, ինչը, ըստ նրա՝ հիմա արվում է իր նկատմամբ։ Մինչդեռ, ինքը քննադատել եւ շարունակելու է քննադատել դավաճանությունը’ առանց ՔՊ կուսակցության հայացքներին անդրադառնալու։ Եվ եթե դավաճանությունը ՔՊ կուսակցության քաղաքական հայացքը չէ, ուրեմն դատարանը իր նկատմամբ պետք է արդարացման որոշում կայացնի։
Կարդացեք նաև
Դատարանը հեռացավ վճիռ կայացնելու, որը կհրապարակի այսօր ժամը 12:00ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ