Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են

Ապրիլ 12,2024 10:00

Ազգային ժողովի ապրիլի 10-ի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով հաստատեց երկու բան.

1/ Տավուշի մարզին սահմանակից տարածքների հանձնումը որեւէ երաշխիք չի տալիս, որ Ադրբեջանը մեզ վրա չի հարձակվի, այսինքն, ըստ էության, հանձնես-չհանձնես, միեւնույն է՝ պատերազմ է լինելու,

2/ այդ, այսպես կոչված, «սահմանազատումը» որեւէ ձեւով չի ենթադրում, որ Սյունիքում, Վայոց Ձորում եւ Գեղարքունիքում, որտեղ թշնամին ներխուժել է մեր տարածք, տեղի կունենա համապատասխան գործընթաց:

Սա բացառիկ դեպք է պատմության մեջ, երբ Հայաստանի առաջին դեմքը (լինի թագավոր, նախագահ, թե առաջին քարտուղար) բացահայտորեն քարոզի հակառակորդ երկրի թեզերը: Եթե իրավիճակն արտառոց է, ապա փոխազդեցությունն էլ պիտի արտառոց լինի, որովհետեւ դա հեռու է զուտ քաղաքական գործընթացից, իշխանության համար պայքարից, ռուսամետ կամ արեւմտամետ, «ներկա» կամ «նախկին» լինելուց:

Այդ պատճառով ինձ համար միանգամայն հասկանալի է, որ իշխանության այդ մտադրությանը դիմադրում են տարբեր ուժեր, այդ թվում՝ Մայր Աթոռը, խորհրդարանական ընդդիմությունը, «Հայաքվեն» եւ ուրիշները:

Վստահ եմ, որ կան ՔՊ-ականներ, որոնք հասկանում են մի պարզ բան. այդ տարածքները հանձնելուց հետո Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերի համար ստեղծվելու են կյանքի համար անտանելի պայմաններ (առաջին հերթին՝ կոմունիկացիաների առումով), եւ պատմական մոտակա հեռանկարում այնտեղ հայեր չեն ապրելու: Այդ պարզ իրողությունը հասկանալը եւ դրան հակադրվելը կապ չունի կուսակցական պատկանելության, Փաշինյանի հանդեպ համակրանք-հակակրանքի, 2018 թվականի հեղափոխությունն ընդունել-չընդունելու հետ:

Այդ ամենն, իհարկե, հրաշալիորեն հասկանում է ՔՊ-ական վերնախավը: Իսկ թե ինչու են ներկայիս իշխանությունները համառում կործանարար ճանապարհով գնալու հարցում՝ այդ հարցի պատասխանը, կարծում եմ, կտա դատավարությունը, որը տեղի կունենա իշխանափոխությունից հետո (երբ էլ դա լինի):

…Չարենցի դատողությունները «Երկիր Նաիրիի» մասին բացարձակապես այն մասին չեն, որ պետք է հանձնել «պատմական Հայաստանը» հանուն «իրական Հայաստանի»: Գոնե Չարենցին որպես ձեր կործանարար քաղաքականության հիմնավորում մի’ բերեք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Միմիակ բացառիկ դէպքը Հայոց Պատմութեան մէջ այն էր, որ հայերը կարողացած էին հայկական հող ազատագրել, ետ առնել, թուրքերից:
     
    Այժմու կացութեան մէջ, եթէ Փաշինյանը խելք ունենայ, պարզապէս կը հրաժարի: Նախապէս համաձայնութիւն ձեռք բերելով որ իր ընտանիքին հետ կը մեկնի ուրիշ երկիր:
     
    Իսկ այդ դատավարութիւնը, որեւէ դէպքում, չի լինելու: Կամ զինք բնաւ պիտի չդատեն, յաջորդները, կամ էլ իսկական դատավարութիւն տեղի պիտի չունենայ, այլ դատավարութեան դատարկ ձեւակերպութիւն մը:
     
    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930