Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջական ի՞նչ վտանգների է ենթարկվում մարդու մարմինը տիեզերքում

Ապրիլ 12,2024 09:30

1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը «Վոստոկ-1» տիեզերանավով թռիչք կատարեց «Բայկոնուր» տիեզերական կայանից՝ դառնալով համաշխարհային պատմության մեջ առաջին մարդը, որը եղել է տիեզերական բաց տարածությունում։ Այդ օրվանից ի վեր ապրիլի 12-ը նշվում է որպես Տիեզերագնացության օր: Օգտագործելով առիթը, դիտարկենք, թե առողջական ինչ հիմնական ռիսկերի է ենթարկվում մարդու մարմինը՝ տիեզերական ճանապարհորդություններ իրականացնելիս։ 

Մարմնի ստորին հատվածի ոսկրերը (ոտքերի, կոնքի, ողնաշարի), չենթարկվելով Երկրի ձգողականության ազդեցությանը, ավելի քիչ են աշխատում։ Ծանրաբեռնվածության նվազումը հանգեցնում է ոսկրերի խտության կորստի, ինչի պատճառով մեծանում է հանքանյութերի պարունակությունը մարմնի այլ հատվածներում, ինչն էլ բերում է բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ երիկամային քարերի առաջացման կամ մեզի մեջ կալցիումի քանակի ավելացման։

Տիեզերագնացների մոտ նվազում է մկանային զանգվածը, ուժն ու դիմացկունությունը, քանի որ շարժվելիս ավելի քիչ ծանրաբեռնվածություն է ընկնում ոտքերի ու մեջքի վրա։ Արդյունքում մկանները կարող են թուլանալ ու ապաճել։ Այս խնդրի դեմ պայքարելու համար Միջազգային տիեզերական կայանում գործում է մարզումների խիստ ռեժիմ։

NASA-ի տիեզերագնաց և բորտ-ինժեներ Բոբ Հայնսը՝ մարզվելիս։ Լուսանկարը՝ NASA-ի

Եթե մարդն իր ամբողջ կյանքն ապրել է Երկրի վրա, որոշ ժամանակ կպահանջվի, որ նրա մարմինը սովորի միկրոձգողականությանը։ Մարդու գլխուղեղը նեյրոնային շղթաների բարդ համակարգ, որը թույլ է տալիս պահպանել հավասարակշռությունը, կարգավորել տեսողությունը, կողմնորոշվել տարածության մեջ և այլն։ Գլխուղեղը ստանում ու մեկնաբանում է աչքերից, ներքին ականջի վեստիբուլյար օրգաններից, մկաններից և հոդերից ստացված տեղեկատվությունը։ Իսկ ձգողականության բացակայության պատճառով մկանների և ներքին օրգանների տվյալները տարբերվում են սպասվածից: Օրինակ՝ ներքին ականջը հակասական ազդանշաններ է ստանում՝ համեմատած Երկրի վրա ստացված ազդանշանների հետ։

Տիեզերական թռիչքների սկզբնական փուլերում տիեզերագնացները կարող են ապակողմնորոշվել, կորցնել ուղղության զգացողությունն ու ճոճվել, ինչը բարդացնում է հիմնական խնդիրների կատարումը։

Աչքերը նույնպես փոփոխություններ են կրում տիեզերքում, հատկապես երկարատև առաքելությունների ժամանակ։ Փոփոխությունները կապված են տեսողական նյարդի սկավառակի այտուցի, տեսողության փոփոխությունների հետ։ Ամենահայտնի խնդիրներից մեկը Տիեզերական նեյրոօկուլյար համախտանիշն է, որը առաջացնում է աչքի ետին հատվածի այտուց։

Տիեզերքում տիեզերագնացները կարող են բախվել արյան ծավալի, օրթոստատիկ տոլերանտության և աերոբային ունակության նվազման, առիթմիայի զարգացման խնդրին։ Թեև սիրտ-անոթային համակարգը լավ է աշխատում տիեզերքում, միկրոձգողականության պայմաններում սիրտն ավելի քիչ է աշխատում, ինչը ժամանակի ընթացքում կարող է բերել ֆիզիկական վիճակի վատացման ու սրտի չափսի փոքրացման։ Կա նաև կարծիք, որ տիեզերական ճառագայթումը կարող է ազդել արյունատար անոթների լորձաթաղանթի էնդոթելային բջիջների վրա, ինչը կարող է նպաստել սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը։

Ինչպես և օրգանիզմի այլ համակարգերը, այնպես էլ ստամոքս-աղիքային համակարգը կրում է ձգողականության կորստի հետևանքները։ Առանց ծանրության ուժի, որն օգնում է տեղափոխել սնունդն աղեստամոքսային տրակտով, նվազում է աղիների գալարակծկանքը։

Երկրի վրա եղած ժամանակ մթնոլորտը պաշտպանում է մարդուն տիեզերական վնասակար ճառագայթումից։ Ցածր մերձերկրյա ուղեծրից դուրս տիեզերական ճառագայթումը կարող է զգալի վտանգ ներկայացնել տիեզերագնացների համար: Նրանք կարող են բախվել ճառագայթային հիվանդության, կենտրոնական նյարդային համակարգի խնդիրների, դեգեներատիվ հիվանդությունների, քաղցկեղի զարգացման վտանգի հետ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Center for Space Medicine

Գլխավոր լուսանկարը՝ NASA-ի․ NASA-ի տիեզերագնաց Քրիստինա Կոքսը ներկայացնում է, թե ինչպես են հեղուկները լողում միկրոձգողականության պայմաններում։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930