Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական հետաքննության բարդ ճանապարհը

Ապրիլ 12,2024 13:00

Հետաքննական լրագրությունը համարվում է ժամանակատար, դժվար եւ երբեմն վտանգավոր աշխատանք։ Դու բացահայտում ես այն, ինչը խնամքով թաքցնում են հանրությունից, փորձում ես իրադարձությունների տրամաբանական կապը գտնել, փաստերի խճճված կծիկը քանդել։ Իսկ ինչպե՞ս։ Գրող Նիկոլայ Գոգոլը իր «Մեռած հոգիներ» գործում նշում է՝ «օրինակը կանոններից ուժեղ է»։ Ես ցանկանում եմ այս հարցին պատասխանել  իմ պրակտիկայի արդյունքում կուտակված  փորձով։

«Հետք» Մեդիա Գործարանում սովորելու ընթացքում մենք (15 ուսանողներս եւ 3 դասախոսները) սկսեցինք հետաքննություն Հայաստանի ապաստարանների մասին։ Հոկտեմբերին սկսեցինք, ավարտեցինք հունիսին։ Տեւեց 9 ամիս, ընկերուհիս սպասում էր իր աղջկա ծննդին, ես՝ մեր հետաքննությանը։

Հետաքննության առիթն էր Ադրբեջանի՝ 2022-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերվա հարձակումը Հայաստանի վրա։ Դրա հետեւանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ։ Համաձայն 2022-ի սեպտեմբերի ՀՀ ՄԻՊ արտահերթ զեկույցի՝ ադրբեջանցիները կանխամտածված թիրախավորել էին Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչությանը: Եռօրյա գործողությունների ընթացքում զոհվեց 4 խաղաղ բնակիչ, վիրավորվեցին 7-ը, 1-ը համարվում է անհետ կորած։ 7600 խաղաղ բնակիչ տարհանվեց:

Մենք 2022-ի ռազմական ագրեսիայից հետո ուսումնասիրեցինք սահմանամերձ Տաթեւ, Տեղ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Ճամբարակ, Շողակաթ եւ Վարդենիս համայնքներում քաղաքացիների անվտանգության ապահովման պայմանները, մասնավորապես՝ պատսպարման միջոցները։ Ոչ բոլոր տեղերում կային ապաստարաններ, եղածներն էլ, հիմնականում, բարվոք վիճակում չէին։

Մինչ այս եզրակացությունը որպես «լիդ» գրելը, մենք կատարել էինք ահռելի աշխատանք։

Նախ եւ առաջ սկսեցինք հավաքագրել տվյալներ։ Ստեղծեցինք էլեկտրոնային աղյուսակ, բաժանեցինք աշխատանքը՝ ով ինչ պետք է անի։ Սվետլանան, օրինակ, օրենքներն էր ուսումնասիրում, հղումներն էլ ավելացնում էր համապատասխան բաժնում։ Շուշանն առանձին փաստաթղթի մեջ ավելացնում էր, թե ինչ է գրել մամուլը այս թեմայի մասին։  Ես ու Անահիտը համայնքապետարանների կայքերն էինք հերթով մտնում, կոնտակտներն ավելացնում մեր աշխատանքային աղյուսակում։ Մեկը հարցումներն էր կազմում՝ իմանալու, թե համայնքներում կան ապաստարաններ եւ ինչ վիճակում են դրանք, մյուսը՝ զանգում տեղեկանում էր՝ հարցումները հասե՞լ են, թե՞ ոչ։

Համայնքապետարաններից հարցումների պատասխանները ստացանք, որոնք, մեղմ ասած, ոչինչ չէին ասում։ Իրականում հարցումներ կազմել էինք Գործարանի անձնակազմի, Էդիկ Բաղդասարյանի օգնությամբ։ Հարցերը մտածված էին, կոնկրետ։ Զանգել էինք, որ ստանանք մեկնաբանություն չստացված պատասխանների մասին, ասացին՝ դիմեք մարզպետարաններ, դիմեցինք։ Երկարատեւ քաշքշուկներից հետո ստացանք որոշակի պատասխաններ։

Ժամանակն էր ստուգելու՝ արդյոք այն, ինչ մեզ պատասխանել էին, համապատասխանո՞ւմ է իրականությանը։ «Հետք» Մեդիա Գործարանը տալիս է գործուղման հնարավորություն։ Բաժանվեցինք խմբերի եւ մեկնեցինք մարզեր։ Յուրաքանչյուր մարզից բերեցինք պատմություններ, որոնք առանձին հրապարակեցինք, իսկ հետաքննությունում հղումներ տվեցինք։ Ապաստարանների մասին տեղեկությունները, որոնք հայտնել էին մեզ համայնքապետարաններից, չէին համապատասխանում իրականությանը։ Հետաքննությունը դրանով է առանձնահատուկ, որ քեզ չեն կարող խաբել, համենայնդեպս, այս դեպքում խաբել հնարավոր չէր։

Էլ ի՞նչ հետաքննություն, եթե բաց աղբյուրներից չես օգտվելու։ ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում են համայնքների պարտականությունները։ Հոդվածի 12-րդ կետը վերաբերում է աղետների ռիսկերի նվազեցման եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպմանը եւ իրականացմանը։

Համայնքային բյուջեներում կա առանձին տող, որով նախատեսված են  քաղպաշտպանության հատկացումներին։ Տրամաբանորեն, հենց այստեղ պետք է լինեին ապաստարանների կառուցման, կահավորման համար նախատեսված ծախսերը։ Մեր դիտարկած համայնքների մեծ մասում, սակայն, բյուջեի քաղպաշտպանություն տողի տակ որեւէ հատկացում չկար։

Մենք ուսումնասիրեցինք համայնքային բյուջեները եւ… 2022-ին քաղպաշտպանության համար բյուջեով հատկացումներ ունեցել էին միայն Տեղ ու Շողակաթ համայնքները։ Մենք հարցումներ ուղարկեցինք նաեւ այս խնդիրը պարզելու համար։ Անին եւ Էմիլյան, շատ լավ եմ հիշում, չէին կարողանում կապի դուրս գալ համայնքապետարանների հետ, մեծ մասը չէր պատասխանում մեր ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր հարցերին։

Երբ հոկտեմբերին սկսել էինք, ես կարծում էի նոյեմբերի վերջ կավարտենք, հետո՝ մինչեւ Նոր տարի, հետո՝ մինչեւ մարտ… Հետաքննությունը, իրոք, նման է երեխա ունենալու կամ սովետի ժամանակ ֆիլմ նկարելու, երբ պիտի ֆիլմդ ուղարկեիր Մոսկվա եւ սպասեիր պատասխանի։ Մինչեւ այն չտպագրվի, չես կարող կարծել, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա։ Գուցե կհարցնեք՝ «բա հետո ի՞նչ եղավ, ի՞նչ արդյունքի հասաք»: Բայց հետտպագրական ընթացքը լրիվ այլ պատմություն է։ Երբ տպագրում ես հետաքննությունդ, զգում ես, որ քայլ ես արել, որ օբյեկտիվ ես, համարձակ, իսկ դա շատ կարեւոր է ինչ-որ բան փոխելու համար……

Հետաքննության հղումը՝ այստեղ:

Աննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵՊՄՀ, 3-րդ կուրս

«Առավոտ» օրաթերթ
11.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930