Գյումրու համայնքապետարանը մտադիր է վերանորոգել «Շիրակ» գերեզամանատանը գտնվող 1992-1995 թվականներին արցախյան պատերազմի ժամանակ նահատակված ազատամարտիկների զինվորական պանթեոնը։
Զինվորական պանթեոնի վերանորոգման համար գումար հատկացնելու հարցը ներառված է Գյումրու ավագանու վաղվա նիստի օրակարգում։
Թե ով կամ որ խմբակցությունն է կարևորագույն այս հարցը բերել օրակարգ, պարզ կդառնա վաղը, սակայն նշենք, որ զոհված հերոսների նկարները տարբեր կառույցների պատերից հանելու ամոթաբեր երևույթի ֆոնին Գյումրու քաղաքային իշխանության այս նախաձեռնությունը իրոք գովելի է, հատկապես, երբ առիթ ունեցել ենք անդրադառնալ, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում Արցախն ազատագրած հերոսների պանթեոնը։
Երկու տարի առաջ մեր խմբագրություն էր դիմել արցախյան առաջին պատերազմի առաջին զոհի՝ Սամվել Խաչատրյանի՝ Միայնակ Գայլի քույրը՝ Մանիկ Խաչատրյանը՝ դժգոհելով, որ Գյումրու «Շիրակ» գերեզմանոցում նահատակված ֆիդայինների պանթեոնը բացարձակ անուշադրության է մատնված։
Արցախն ազատագրած հերոսների եղբայրական գերեզմանոցը ծածկված է մոլախոտով, արմատուրաներով, այն դարձել է անանցանելի, կողքի գերեզմաններից աղբը երբեմն հավաքում ու թափում են զինվորական պանթեոնում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ