Այսօր ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում կրկին խոսեց պատմական եւ իրական Հայաստանների մասին. «Ես էսօր էլ եմ ասում, որ մենք սերում ենք Կիլիկիայից, մենք սերում ենք Հայկական բարձրավանդակից, մենք սերում ենք Վանի թագավորությունից: Խնդիրը սրա մեջ է՝ մենք էսօրվա աշխարհին պիտի նայենք Վանի թագավորությա՞ն աշտարակից, թե՞ Հայաստանի Հանրապետության աշտարակից: Դիպուկ հարց հնչեց՝ ինչպե՞ս կարող է լինել 7-րդ դարի եկեղեցի ու մի քանի մետր այն կողմ լինել Ադրբեջան: Ինչպե՞ս կարող է լինել 7-րդ դարի եկեղեցի եւ մի քանի մետր էն կողմ լինել Թուրքիա: Խոր Վիրապը՝ մեր քրիստոնեության ակունքը, գտնվում է մի տեղ, որից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, հայեցակարգային բանավեճը այստեղ է: Երբ որ մենք ասում ենք Խոր Վիրապից այն կողմ Թուրքիա չկա, մենք ընտրում ենք պատմական Հայաստանը, երբ ասում ենք՝ մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, ընտրում ենք իրական Հայաստանը»:
Հետո Փաշինյանն ասաց, թե ինչու է ինքը այսքանից հետո իշխանության մնացել. «Ասում եք՝ մենք ազգային արժեքներին դեմ ենք, մեր ծագումն ենք ուրանում: Մեր արժեքներից մեծագույնը մեր լեզուն է եւ եթե ինձ որեւէ մեկը հարցնի, թե ի՞նչն է պատճառը, որ ես ձեր թվարկածներից հետո շարունակում եմ մնալ ՀՀ վարչապետ, կներեք էս զեղման համար, ես կասեմ՝ որովհետեւ ես տիրապետում եմ մեր ազգային արժեքներից ամենակարեւորներից մեկի՝ հայոց լեզվի ոչ միայն տառին, այլեւ հոգուն, ոգուն, էմոցիային, որով ես զգում եմ նաեւ ՀՀ քաղաքացիների զգացումները եւ էմոցիաները: Պետք չի էմոցիաների վրա խաղալ:
Ասում եք՝ Տավուշում սպասում են ձեզ: Կներեք, էլի, ես Ոսկեպար եւ Կիրանց գյուղում վարչապետ լինելուց հետո մի քանի անգամ եմ եղել:
Էդ որ որոշ հոգեւորականներ կան, հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, էնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են այնտեղ պատարագ արել, սա ստենդ-ա՞փ է, ես չեմ հասկանում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ