«Այսօր ռուս-ուկրաինական պատերազմը ցույց է տալիս աշխարհաքաղաքական անվտանգային բալանսների գոյություն չունենալը, այդ թվում՝ ռազմական գիտության կարծրացած, ավանդացած սկզբունքների կրախը»,-այս մասին այսօր Երեւանում կայացած «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն․ հայեցակարգից իրականություն» փորձագիտական համաժողովում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այսօր անվտանգության աշխարհում այլեւս անվտանգ չէ, ծանր ժամանակաշրջան է մոլորակն ապրում, ուժերի վերադասավորում է, որը ոչ միայն քաղաքական, անվտանգային, տեկտոնական մեծ փնջերի վերադասավորում է, այլ դա վերաբերում է նաեւ ռազմական գիտությանն ու անվտանգային ինստիտուտներին․«Աշխարհում կարծես վերջնականապես հաստատվում է անվտանգային եւ ռազմական ոլորտում վիրտուալ կամ հիբրիդային ռիսկերի պետական ինստիտուտների կայացումը։ Այսինքն, աշխարհում կիբեր եւ հիբրիդային ռիսկերի պետական ինստիտուտներ են կայանում, սա նոր իրողություն է, որ արեւմուտքում նոր դինամիկա ունի։ Մենք պիտի ապրենք այս իրողության հետ։ ՀՀ ԶՈւ բարեփոխման, կերպարանափոխման նոր ծրագիրը սկսվում է նաեւ այդ գործընթացից»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար վրացի գործընկերների փորձը բավականին հետաքրքիր է․ «ՀՀ անվտանգության եւ ԶՈւ բարեփոխման ծրագրում մենք այսօր ուշադրություն ենք դարձնում Վրաստանի բավականին լավ փորձին, հատկապես սերժանտական ինստիտուտի կայացման գործոնին։ Պրոֆեսիոնալ սերժանտական ինստիտուտի առումով տարիներ շարունակ փորձել ենք ինչ-որ բան անել, բայց ցավոք․․․ մենք Վրաստանի չափ փորձ չունենք»։
ՀՀ ԶՈւ բարեփոխման ուղղությունն, ըստ Հովհաննիսյանի, առաջին հերթին ուղղված է կրթության վրա, սկսած ամենացածր օղակի պատասխանատուներից մինչեւ ամենաբարձր օղակի պատասխանատուներ։
Կարդացեք նաև
Հովհաննիսյանի խոսքով՝ ուկրաինական պատերազմը ցույց է տալիս աշխարհաքաղաքական անվտանգային բալանսների գոյություն չունենալը, այդ թվում՝ ռազմական գիտության կարծրացած, ավանդացած սկզբունքների կրախը․ «Մենք տեսնում ենք օրինաչափությունների կրախ, եւ ցավոք, մենք այդքան խելք չունեցանք, այդքան հմտություն եւ իմաստնություն չունեցանք, որ տեսնեինք այդ կրախները դեռ 2016-ին, ոմանց դեպքում՝ 2020-ին։
Բայց այսօր Ուկրաինան վերջնականակապես այդ տապանաքարը դնում է, որ պետք է այլ իրողության մեջ լինել՝ ռազմական գիտությունը նոր չափորոշիչներ, նոր արագություններ է ստանում, արհեստական բանականություն եւ այլն։ Բազում նոր ուղղություններ ու նոր ռիսկեր են գալիս, որոնց հետ նույնիսկ չես էլ հասցնում ծանոթանալ։ Այս դինամիկայի մեջ մենք մեր գործընկերների հետ բավականին լավ փորձ ունենք ուսումնասիրելու, այդ թվում՝ մեր արեւմտյան գործընկերների, որ այսօր իրենք իրենց կոնցեպտները փորձարկում են Ուկրաինայում, իհարկե, բոլորը չէ, որ արդարացնում են իրենց։ Մենք պետք է խորքային ռեֆորմ անենք՝ մեր մտածողության, մեր գործելաոճի, մեր ամեն ինչը պիտի փոխվի, որովհետեւ կարծրացած իրողությունների մեջ էինք ապրում»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ