«ՀՀ-ն դառնում է օրինակելի այն տեսանկյունից, թե Եվրոպայի խորհուրդն ինչ է անում այս երկրում․ այսինքն՝ աջակցում է կառավարությանը վարչարարության գործընթացների ամրապնդման ուղղությամբ, բարելավում շփումը իշխանության և բնակչության միջև բազմաշերտ, տարբեր ուղղություններով, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների երաշխավորման համար»,-Եվրոպայի խորհրդի (ԵԽ) կողմից Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթի ներկայացման ժամանակ հայտարարեց ԵԽ-ի Միգրացիայի և փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Բեսթը։
Նա նշեց՝ վստահաբար այս ամենը կհասնի ամենախոցելիներին․ «Հետևաբար այս աջակցության փաթեթը, որը մեծ հպարտությամբ այսօր ներկայացնում ենք, անդրադառնալու է կառուցվածքային, ընթացակարգային, կարողությունների հետ կապված հարցերին։ Լուծումները, որ առաջակվում են ոչ միայն վերաբերվում են փախստականներին, այլև կհասնեն ՀՀ բնակչությանն՝ ընդհանուր առմամբ»։
Փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո, կազմվել է ԵԽ Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի 2023 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ համատեղ սահմանվեցին Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023-2026թթ․) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021-2025թթ․) համահունչ:
Արձագանքման փաթեթի շրջանակներում, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023-2026թթ․) անբաժանելի մասն է, Եվրոպայի խորհուրդը նշում է 2023 թվականին Հայաստան բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված փախստական երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությունը, փախստականներին ընդունած համայնքներին, մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին աջակցություն, Հայաստանի առողջապահության համակարգում Ղարաբաղից բուժաշխատողների լիարժեք ինտեգրում, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրում:
Կարդացեք նաև
Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց․ «Կցանկանայի ընդգծել ԵԽ-ի ու ՀՀ-ի համագործակցության և 2023-2026 թվականների գործողությունների փաթեթը և դրա կարևորությունը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրվող աջակցության ծրագրի ավելի արդյունավետ, օրենսդրական ավելի արդյունավետ փաթեթներ մշակելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների հանրայնացման և պաշտպանության առումով»։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կարծիքով՝ բռնի տեղահանված անձանց աջակցության նպատակով իրականացված և իրականացվող ծրագրերը կարևոր դերակատարություն ունեն՝ հատկապես, եթե դրանք իրականացվում են միջազգային աջակցությամբ․ «Դա հնարավորություն է տալիս ունենալ ինչպես փորձագիտական աջակցություն, այնպես էլ տարբեր այլ բնագավառներում աջակցություն։ Այս առումով ԵԽ-ի աջակցությունը լուրջ դերակատարություն ունի, քանի որ ներառում է բացի մնացյալ այլ հանգամանքներից նաև կարևոր փորձագիտական աջակցություն բռնի տեղահանված անձանց առնչվող տարատեսակ խնդիրների՝ այդ թվում իրավունքների պաշտպանության դիտանկյունից»։
«Գործողությունների փաթեթի նպատակն է աջակցել փախստականների մարդու իրավունքների պաշտպանությանը, օգնել համայնքներին արդյունավետ արձագանքել փախստականների հոսքին, ապահովել երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությունը, ամրապնդել մարդու սոցիալական իրավունքները, ինչպես նաև աջակցել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների կարողությունների ամրապնդմանը», – նշեց իր խոսքում Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության ղեկավար Կլաուս Նոյկիրխը։
Գործողությունների շարքում են Հայաստանի առողջապահական համակարգում լիարժեք ինտեգրումն, այդ թվում մտավոր առողջության ապահովումը, մոտ 2000 բուժաշխատողների կարողությունների զարգացման դասընթացների միջոցով՝ նպաստելով փախստականներին տրամադրվող հոգեբանական աջակցության և առողջապահական ծառայությունների բարելավմանը։
Հետկոնֆլիկտային պայմաններում երեխաների իրավունքների պաշտպանություն՝ առաջարկելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան իրավական և քաղաքականության մշակմանն ուղղված աջակցություն։ Միաժամանակ, ծրագիրը կենտրոնացած է հանրային ծառայողների և այլ մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ արդյունավետորեն պաշտպանելու համար հակամարտությունից տուժած հայ երեխաների, ներառյալ՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների իրավունքները: Բացի դրանից, ծրագրի նպատակն է բարձրացնել արդյունավետ խնամակալության և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման մասին երեխաների ու ծնողների իրազեկվածությունը։
Բազմակողմանի աջակցություն կտրամադրվի նաև մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, աջակցելով անձնակազմի կարողությունների ամրապնդմանը բարձր ռիսկային և սթրեսի կառավարման պայմաններում՝ ապահովելով խոցելի խմբերի, այդ թվում՝ Ղարաբաղի տարածաշրջանից փախստականների սոցիալական իրավունքների պատշաճ պաշտպանությունը և խթանումը:
Ծրագրի մեկ այլ շեշտադրումն է՝ աջակցել վերաբերելի օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտի զարգացմանը՝ ապահովելու, որ տեղահանված անձինք կարողանան իրացնել մարդու հիմնարար իրավունքները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Մասնավորապես, ծրագրերից մեկի շրջանակներում կգնահատվի Ինտեգրման և վերաինտեգրման ռազմավարության նախագիծը, ինչպես նաև «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը:
Արձագանքման փաթեթի շրջանակներում նախատեսած չորս նոր ծրագիր․
- Մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում
- Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում
- Երեխաների իրավունքների պաշտպանություն
- Աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին
Ընթացիկ ծրագրերում ներառված լրացուցիչ բաղադրիչներ․
- Կանանց նկատմամբ բռնության հաղթահարում և գենդերային հավասարության ամրապնդում
- Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ
Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի 2023 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ համատեղ սահմանվեցին Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023-2026թթ․) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021-2025թթ․) համահունչ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ