Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Նահապետից սերած լինելու Փաշինյանի խոսքերը, ՔՊ-ականների հարստություններն ու Ռուբինյանի կարդացած գիրքը ՀՅԴ-ի մասին. ԱԺ-ում բանավեճ է

Ապրիլ 11,2024 18:08

Այսօր ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ վարչապետի այն թեզին, թե Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու որոշումը կայացվել է դեռեւս 1996-ին Լիսաբոնի գագաթնաժողովում:

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում «հզոր պետություն, հոգատար հանրություն, երջանիկ անհատ», «անվտանգություն եւ բարեկեցություն», «ազատ եւ անկախ Արցախ» ունենալու խոստումներ էին, գրել էին՝ «Արցախը հայ ժողովրդի արժանապատվության միջնաբերդն է, այն պարզապես հողատարածք չէ, այն ժողովուրդ է, սեփական ճակատագրին տեր կանգնած ժողովուրդ՝ իր միակ եւ անզիջելի հայրենիքով: Այդ հայրենիքի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավորը ՀՀ-ն է»: Առը հա քեզ: Ապահովեց ՀՀ-ն Արցախի անվտանգությունը»:

Հետո Արծվիկ Մինասյանը հիշեցրեց «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին. «Այսինքն, եթե Լիսաբոնում էր դա որոշվել, ի՞նչ էիք ասում»:

Գործող ծրագրում ՔՊ-ն գրել էր, թե ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար, այս նպատակներին կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման միջոցով. «Սա ասում է մի կառավարություն, որի ղեկավարն այստեղից հայրենազրկված Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ներկայացուցիչներին համարում է սպառնալիք ՀՀ անվտանգությանը: Որտե՞ղ էիք անկեղծ»:

Իրական ու պատմական հայրենիքի հակադրության հետ կապված Արծվիկ Մինասյանն ասաց. «ՔՊ-ի ղեկավարը 2020-ին ուղերձ է հղել, մեջբերում անեմ՝ «Մեր ազգային անվտանգության հարցը քննելիս, կարծում եմ, նախ պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը: Ազգային ինքնության ամենաառանցքային բաղադրիչը հենց կապն է արմատների հետ և ազգի պատմության ընթացքում ձևավորված ժառանգության, արժեքների նկատմամբ սեփականատիրական զգացումը, ինչը պիտի ուժեղացնի յուրաքանչյուր անհատի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, այսպիսով նաև՝ ազգի, ժողովրդի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ Նահապետից և մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության»:

Արծվիկ Մինասյանը հեգնեց՝ սա ասում է մի կառավարության ղեկավար, որն ԱԺ ամբիոնից հակադրում է իրական Հայաստանը պատմական Հայաստանին. «Որտե՞ղ եք անկեղծ, ո՛չ այնտեղ եք անկեղծ, ո՛չ այստեղ, վերջում կասեմ որտեղ»:

Մինասյանն ասաց, որ Հայաստանի տարածքներ են բոլոր այն տարածքները, որտեղ գործում են ՀՀ օրենքները. «ՀՀ տարածքներ են նաեւ բոլոր նրանք, որոնք իրավունքի ուժով պատկանում են ՀՀ-ին՝ Արծվաշենը ու բոլոր այն տարածքները, որոնք բռնազավթված, օկուպացված են Ադրբեջանի կողմից: Այս տարածքների վերաբերյալ ցանկացած որոշում, որը մի միլիմետր անգամ ենթադրում է փոխանցում հակառակորդին, պահանջում է հանրաքվե»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ Փաշինյանն անկեղծ է միայն մի տեղ. «Անկեղծությունը մեկ բանում է, ձեր կողմից ձեր իշխանությունը, ձեր պաշտոնը պահելու եւ ձեր խմբի հարստությունը պահպանելու ձգտումն է»:

Տեղից ՔՊ-ականները սկսեցին քահ-քահ ծիծաղել, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Հարստություն ասելով՝ չեմ ասում, որ դուք միլիարդատերեր եք, ձեր բարեկեցությունն այնքան եք բարձրացրել, որ…»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դահլիճում փորձելով լռություն պահպանել՝ ասաց, որ Արծվիկ Մինասյանը նկատի ուներ իրենց հոգեւոր հարստությունը եւ շտկեց իրեն: Մինասյանը հեգնեց, թե այնքան գրքեր եք կարդացել, օրինակ, Նժդեհ: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղից բղավեց. «Կարդացել ենք «Դաշնակցությունն անելիք չունի այլեւս» աշխատությունը»:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Իհարկե, չունի, որովհետեւ դուք այստեղ եք: Չեմ ուզում անդրադառնամ այն զազրախոսություններին, որ հնչում են ՀՅԴ-ի հասցեին այս ամբիոնից»:

Ելույթից հետո Արծվիկ Մինասյանը երբ փորձում էր հեռանալ, Ալեն Սիմոնյանը հույս հայտնեց, որ ընդդիմադիրները չեն լքի դահլիճը սովորության համաձայն, այլ կմնան ու կլսեն նաեւ ՔՊ-ականների ելույթները:

Այստեղ Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Ռուբինյանն ասաց՝ Դաշնակցությունն անելիք չունի, մնամ ի՞նչ անեմ»:

Որքան էլ Ռուբինյանը համոզեց, թե՝ «Ես չեմ ասել, Քաջազնունին է ասել», Մինասյանը մնաց անդրդվելի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930