Լրահոս
Օրվա լրահոսը

Կրիպտոարժույթով ձեռք բերելով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող տելեգրամյան խանութ-հարթակ՝ ներգրավվել է հանցավոր կազմակերպության մեջ և ավելի քան 43մլն դրամի չափով փողերի լվացում կատարել 

Ապրիլ 11,2024 17:51

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 29–ամյա բնակչի կողմից 2019թ․ ստեղծված և մինչ օրս գործող, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և դրա արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ պարզվել է, որ 2023թ․ հունվարին 29–ամյա երիտասարդը, տեսնելով «Տելեգրամ» հավելվածում գործող «Kanachu Shuka» հարթակը, որտեղ գրանցված են  թմրամիջոցների իրացմամբ զբաղվող շուրջ 50 խանութ-հարթակներ, կապ է հաստատել նշված հարթակը կառավարող տելեգրամյան օգտատիրոջ հետ՝ ցանկություն հայտնելով ձեռք բերել նշված հարթակում գործող խանութ-հարթակ և զբաղվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ: «Kanachu Shuka» հարթակը կառավարող օգտատերը երիտասարդին հայտնել է, որ խանութ-հարթակ ձեռք բերելու համար անհրաժեշտ է «դաշքոին»  տեսակի կրիպտոարժույթի միջոցով վճարել 10․000 ԱՄՆ դոլար: Նշված պահանջը կատարելուց հետո վերջինս երիտասարդին ուղարկել է հեռախոսահամար, ինտերնետային համար և գաղտնաբառ, որոնց միջոցով նա ստացել է իր կողմից ձեռք բերված «Տելեգրամ» հավելվածում թմրամիջոցների վաճառքով զբաղվելու համար նախատեսված «Pablito» հարթակ մուտք գործելու հնարավորություն:

29–ամյա երիտասարդը, տելեգրամյան վերոնշյալ հարթակը կառավարող օգտատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ներգրավվել է հանցավոր կազմակերպության մեջ և իր կողմից ձեռք բերված էջի միջոցով, իրացնելու նպատակով, «Kanachu Shuka» հարթակի օգտատիրոջից ստացել է թմրամիջոցների թաքստոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկություններ, որոնք փոխանցել է իր ցուցումներով գործող «Տելեգրամ» հավելվածում 3 տարբեր կեղծանուններով գրանցված թմրամիջոց տեղադրողներին։

Վերջիններս վերցրել են տրամադրված թմրամիջոցները, ըստ տրված հրահանգների, տեղադրել դրանք Երևան քաղաքի տարբեր հատվածներում գտնվող թաքստոցներում և տեղադրված փաթեթների կոորդինատներն ուղարկել են 29–ամյա երիտասարդին։ Վերջինս իրացրել է դրանք բազմաթիվ անձանց: Նշված եղանակով երիտասարդի կողմից 2023թ․ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում վաճառվել է առանձնապես խոշոր չափերով շուրջ 13․000 ԱՄՆ դոլար արժեքով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի հերթական խմբաքանակը՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված 9 փաթեթներում՝ հայտնաբերվել է 2023թ․ ապրիլի 28-ին՝ երիտասարդի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ:

Բացի այդ, վերջինս, 2023թ․ աշնանը ապահովել է, որպեսզի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն, տեղափոխվեն և նախապես տեղադրվեն Երևանում գտնվող թաքստոցներում։ Թմրամիջոցների գտնվելու այդ վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և ուղարկվել երիտասարդին, որից հետո այդ տվյալները փոխանցվել են տելեգրամյան հիշյալ խանութ-հարթակների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և պայմանների շուրջ համաձայնած անձանց, ովքեր դրանց հիման վրա ձեռք են բերել թմրամիջոցները:

Պարզվել է նաև, որ 29–ամյա երիտասարդի կողմից «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի «Kanachu Shuka» անվամբ հարթակներում գործող մի քանի խանութ-հարթակների միջոցով թմրամիջոցների իրացումից գոյացել է հսկայական ֆինանսական միջոցներ։ Դրանցից ընդհանուր 107․029․20 ԱՄՆ դոլարին համարժեք 43․296․441․37 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժը քողարկելու, այդ միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ երիտասարդը թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է պարբերաբար փոփոխվող տարատեսակ կրիպտոարժույթային դրամապանակների տվյալներ՝ գումարը փոխանցելու համար։ Այնուհետև նշված դրամապանակներին ստացված միջոցները փոխանցվել են «Բինանս» համակարգում 29–ամյա երիտասարդի անվամբ գրանցված կրիպտոարժույթային դրամապանակին, որից հետո փոխանցվելով այլ կրիպտոարժույթային դրամապանակների և տարատեսակ փոխարկումների և կանխիկացումների արդյունքում բերվել օրինական շրջանառության դաշտ և օգտագործվել վերջինիս կողմից, այսինքն կատարվել է փողերի լվացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 29–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և դրա արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպության ղեկավարին և մյուս անդամներին հայտնաբերելու, նրանց գործողություններին համարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930