Ապրիլի 6-ին «Հայ անտառ» ՊՈԱԿ հաշվապահական հաշվառման բաժնի աշխատակիցը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ «Ֆեյսբուքյան» ֆեյք օգտատեր Զավեն Սոսկանյանը հաճախակի սպառնալիքների տեսքով հաղորդագրություններ է ուղարկում իրեն՝ հայտնելով, որ իր ամուսինը նրա քրոջից երեք երեխա ունի և գումար է պահանջում, ապա սպառնում, թե իրեն կվնասի:
«Ֆեյք է, ես ենթադրում եմ ՝ ուզում են ընտանիք քանդել: Իբրեւ թե ամուսինս երեք երեխա ունի, ամեն երեխային 3000 դոլար է տալիս: Հեքիաթներ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Ես այդ ամենը լուրջ չեմ ընդունում, ուղղակի սպառնալիքներ են: Իրականում ես ուզում եմ իմանալ՝ ով է այդ ամենը գրել, այդքան բան»,- Aravot.am-ին ասաց «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննություն է ընթանում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ