«Փոքր երկրները պետք է որոշակի գործառույթ ունենան, որպեսզի գոյատեւեն, հատկապես եթե Հարավային Կովկասի նման տարածաշրջանում են գտնվում»,-այս մասին այսօր «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն․ հայեցակարգից իրականություն» փորձագիտական համաժողովում հայտարարեց Թոռնիկե Շարաշենիձեն՝ GIPA-ից։
Նրա խոսքով՝ Վրաստանը փոքր երկիր է եւ պարտավոր է որոշակի գործառույթ ունենալ, Վրաստանը էներգետիկ միջանցքի մաս է կազմում, եւ հենց դա Վրաստանին վերադարձրել է քարտեզի մեջ․ «Վրաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ուսումնասիրել է իր էներգետիկ ներուժը, հիմա Վրաստանը ողջունում է Հայաստանի վերադարձը տարածաշրջան, որովհետեւ Հայաստանի հետ համագործակցությունը կարող է զարգացնել նաեւ Վրաստանի հնարավորությունները որպես էներգետիկ հանգույց։ Պետք է հաշվի առնել աշխարհակարգի փոփոխությունները, Չինաստանը զարգանում է, աճում է եւ հենց դա է պատճառներից մեկը, որ Վրաստանը Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքեց։ Իհարկե, Վրաստանում շատերը մեղադրում են իշխանությանը, որ արեւմտամետ կողմնորոշումը փոխում է, չինաստանամետ է դառնում, Վրաստանին մեղադրում են պրոռուսական կողմնորոշում ունենալու համար»։
Շարաշենիձեի խոսքով՝ 2008-ից սկսած Վրաստանը գտնվում է այսպես ասած՝ գոյատեւման ռեժիմում, Թբիլիսից 40 կիլոմետր հեռավորության վրա ռուսական զորքեր են կանգնած․ «Ուկրաինայում պատերազմի սկսումից ի վեր Վրաստանի գոյատեւման ռեժիմն է՛լ ավելի է մեծացել, որովհետեւ եթե Վրաստանը ՌԴ-ին տա ագրեսիայի մեկ այլ հնարավորություն, այդ դեպքում որեւէ մեկը Վրաստանին չի կարողանա օգնել, որովհետեւ ի տարբերություն Ուկրաինայի, ռազմավարական տեսանկյունից Վրաստանն այդքան կարեւոր չէ աշխարհի համար»։
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, նա ասաց՝ ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերությունը կարեւոր է Վրաստանի համար, քանի որ Վրաստանը Հայաստանին տեսնում է որպես միակ ժողովրդավարական երկիր տարածաշրջանում, որը դեպի արեւմտյան ինտեգրացիա է գնում․ «Վրաստանի համար կարեւոր է խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի ունենանք խաղաղություն կամ պետք է ԵՄ մաս լինես կամ պետք է ուժերի հավասարակշռություն ապահովես։ Որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն լինի՝ պետք է ուժերի հավասարակշռությունը վերականգնվի։
Կարդացեք նաև
Մենք հիմա շատ ենք անհանգստացած ՀՀ-ում իրավիճակով, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները շարունակվում են մնալ բարդ։ Վրաստանը հետաքրքրված է խաղաղությամբ, որովհետեւ Վրաստանն իրեն կապված է զգում հայ ժողովրդի հետ, մենք շատ մոտ մշակութային կապեր ունենք։ Բացի այդ, մենք պրագմատիկ տեսանկյունից ենք հետաքրքրված, որովհետեւ սա մեր գոյատեւման բանալին է, տնտեսական բարեկեցության բանալին է»։
Վրաստանը, ըստ բանախոսի, հանձնառու է արեւմուտքի հետ ինտեգրմանը։ Նա ասաց՝ հասկանալի է, որ ԵՄ-ին անդամակցությունը շուտ չի լինի, բայց մինչ այդ Վրաստանը պետք է գոյատեւի, կենդանի մնա եւ հետո մտածի ինչ-որ կառույցին անդամակցելու մասին․ «Մենք չգիտենք ինչպես կավարտվի Ուկրաինայում պատերազմը եւ դրա արդյունքը մեծ ազդեցություն է ունենալու ԵՄ-ում Վրաստանի ինտեգրման հնարավորության վրա։ Եթե Վրաստանն ու Հայաստանը լինեն գործընկերներ եվրոպական ինտեգրացիայի հարցում, ապա մենք միմյանց ավելի ուժեղ կդարձնենք։ Եթե Վրաստանը դառնա ԵՄ անդամ, ՀՀ-ին ավելի հեշտ կլինի ինտեգրվել ԵՄ-ին եւ հակառակը»։
Շարաշենիձեի խոսքով՝ Վրաստանում հիմա քննարկում են հնարավորությունը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, բայց Թբիլիսիին մոտ ռուսական բազա կա․ «Եվ քանի դեռ ռուսները գտնվում են Վրաստանի տարածքում, որեւէ մեկը չի թողնելու Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամ դառնալ»։
Անդրադառնալով վրաց-ռուսական հարաբերություններին, նա ասաց՝ ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունները տնտեսական առավելություններ ունեն, օրինակ` ՌԴ-ն ողջունում է ռուս զբոսաշրջիկներին Վրաստանում․ «Այս պահին վրացական ապրանքները՝ գինին, հանքային ջուրը ոչ բոլոր շուկաներն են հաղթահարել։ Հիմա ունենք ԵՄ-ի ի հետ ազատ առեւտրի համաձայնագիր, բայց շատ դժվար է Եմ շուկա մտնել»։
Նրա խոսքով՝ ի վերջո, որքան շատ ռուս զբոսաշրջիկ այցելի Վրաստան, այնքան շատ հաճելի տպավորություններով կվերադառնան ՌԴ եւ այդքան դժվար կլինի ՌԴ-ին պատերազմ հրահրել Վրաստանի դեմ։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ