Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըտենց բան չի՛ եղել, սո՛ւտ ես ասում, սուտ չխոսաս»… «Դուք-ով խոսա, հա՞, ձեր անունը չի հիշատակվել». Ալեն Սիմոնյանի ու Աննա Գրիգորյանի վեճը՝ թքելու թեմայով

Ապրիլ 11,2024 17:20

Այսօր ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը թվարկեց կառավարության ձախողումները. «Այն, ինչ արել եք Սյունիքում, այսօր անում եք Տավուշում ու ասում եք՝ սահմանազատում է տեղի ունենում: Ոչ մի սահմանազատում էլ տեղի չի ունենում: Որոշում չկա, որ Տավուշի այդ տարածքները պետք է հանձնվեն, դա հանձնաժողովի որոշումը չէ, դա առանձին կայացված որոշում է՝ ո՞ւմ կողմից: Տարածքները հանձնվում են, բայց այն տարածքները, որ մերն են Սյունիքում, Վարդենիսում, մեզ չեն վերադարձվում: Ավելին՝ ասում են՝ տարածքները տանք, խաղաղություն էլ չենք ստանում, բա ձեր զիջման իմաստը ո՞րն է:

Դուք ասում էիք՝ ձեռքս կկտրեմ, այդ տարածքները չեմ տա ռազմական պարտության ամենաթույլ պահին: Հիմա 3 տարի հետո էդ ո՞նց եք բանակցել, որ հիմա պետք է տաք: Կա՛մ դուք ասել եք, որ փաստաթղթում դա չլինի, բայց պայմանավորվածությունը շարունակել է մնալ, հիմա եք կատարում, կա՛մ դուք 3 տարի այնպես եք բանակցել եւ մեզ այն հանգրվանի եք հասցրել, որ ռազմական պարտության պահին մենք ավելի լավ վիճակում ենք գտնվել, քան այս պահին:

Ի վերջո` ձեր ղեկավարած Հայաստանում միայն 2023-ին 36 հազար 512 քաղաքացի է մեկնել ու չի վերադարձել, ձեր ղեկավարած ՀՀ-ում 2023-ին բանակում զոհվածների թիվը 64 է եղել տարբեր պատճառներով: Ձեր ղեկավարած Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյան կարող է թքել մարդու վրա, ոչ ուղղակի թքել, այլ պարտադրել, որ անվտանգության աշխատակիցները բռնեն մարդու ձեռքերը ու թքել եւ դա չունենա ո՛չ իրավական հետեւանք, ո՛չ քաղաքական հետեւանք»:

Տեղից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացականչեց. «Ըտենց բան չի՛ եղել, սո՛ւտ ես ասում, սուտ չխոսաս»:

Աննա Գրիգորյանն արձագանքեց. «Դուք-ով խոսա, հա՞, ձեր անունը չի հիշատակվել»:

Աննա Գրիգորյանը նշեց նաեւ այն դեպքերի մասին, երբ ՔՊ-ականները «ականջ են կտրում, լեզու են կտրում». «Դատախազությունն ասում է՝ դե լավ, ասաց, որ կտրում է, հո չկտրե՞ց: Մեր երկրում զոհված զինծառայողի մորը կարող են քարշ տալով տանել, այսինքն, կարող է գտնվել հայ մարդ, ով նման հրաման է իջեցնում եւ կարող են գտնվել հայ մարդիկ, ովքեր այդ հրամանը կատարում են: Սա անբարոյական հարթակի ամենաներքեւի շեմն է անհաղթահարելի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930