Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում դատավորը որոշում կայացրեց երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով՝ մինչև հունիսի 15-ը ներառյալ։
Այս որոշումը լսելուց և դատական նիստի ավարտից հետո դատարանի դահլիճում հավաքվածները գոչեցին՝ ամոթ։
Արմեն Աշոտյանն ի պատասխան ասաց․ «Ամոթ եք գոռում մարդկանց, որոնք ամոթ չունեն։ Պարզ է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանն է գրել այս որոշումը։ Երբ ես նստում էի, Հայաստանն Արցախ ուներ, Արցախը հայկական էր, հիմա Արցախը հայկական չի, չգիտեմ՝ դուրս գալուցս ի՞նչն է մնալու հայկական»։
Լրագրողների հարցին՝ ո՞վ պետք է երաշխավորի, որ Ձեզ բաց թողնեն՝ Նիկոլ Փաշինյա՞նը, Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց․ «Դուք կարծում եք՝ ես կհամաձայնե՞մ, որ Նիկոլ Փաշինյանը կամ իր նման որևէ մեկը գա, ինձ համար երաշխավորի»։
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանը վստահեցրեց՝ պայքարը շարունակում է, և հորդորեց՝ հանկարծ չընկճվել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ