ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում Արմեն Աշոտյանը ներկայացրեց 10 փաստ ու 10 փաստարկ, թե ինչու ինչքը չպետք է գտնվի կալանքի տակ։
Նա նշեց․ «Այս դատավարության շուրջ էմոցիան և ներվը շատ է։ Խնդիրը միայն այն չէ, որ մեղադրանքների 36 հատորը որևէ առնչություն չունի իմ անձի հետ, զավեշտ է։ Խնդիրն այն է, որ անազատության մեջ մարդ կա, որը ես եմ, որը 10 ամիս կտրված է իր ընտանիքից, իր երկու անչափահաս որդիներից, ամենածայրաստիճան հալածանքի է ենթարկվում և այն աստիճան անհասկանալի, որ դատական դեպարտամենտ կոչված մարմինը հարկ է համարում Ձեր նախորդ կալանքի որոշումը կայացնելուց հետո ռոլիկ թողարկել ու փորձել հիմնավորել, թե ինչու է Աշոտյանը նստած։ Դա իմ խոսքերը չեն, չեմ հորինում, դա ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հիմնավորումն էր, որ քանի որ հասկանալի չէ հասարակությանը՝ ինչու է նստած Աշոտյանը, սենց ռոլիկ ենք նկարել։ Այ, էդ աստիճանի 10 ամիս տևող դատավարությունը հասարակության համար մերժելի է, հասկանալի չէ, որ ԲԴԽ-ն, Կարեն Անդրեասյան պրոդաքշընը ստիպված էր ռոլիկ նկարել, որ հասարակությանը գրեթե ուղիղ խոսք է Կարեն Անդրեասյանի շուրթերից, որ ժողովուրդը հասկանա, թե ինչու եմ ես նստած»։
Դիմելով նախագահող դատավորին՝ Արմեն Աշոտյանն ասաց․ «Քանի որ ջանք եք գործադրում այս վեց ամիսներին ստեղծել տպավորություն, թե քննում ենք փաստական, փաստագրական, ինտելեկտուալ հիմքով, թեպետ վերջում, երբ տեսնում ենք, որ փաստարկները մեղադրողի կողմից չեն հերիքում, գործի է անցնում Ձեր դատավարական գործիքը՝ չագուչը։ Ի վերջո, չագուչը դեռ գործի չի անցել, մինչև որ մենք դիտարկենք, որ մենք գտնվում ենք բաց, փաստական բանավեճի մեջ»։
Այնուհետև Արմեն Աշոտյանը ներկայացրեց 10 փաստերը, թե ինչու ինքը չպետք է մնա կալանքի տակ․ «Փաստ 1․ ինձ վերագրվող դրվագներում՝ հայտնի գաղտնալսման, իմ մասնակցությամբ որևէ գաղտնալսված դրվագ գոյություն չունի, որ առիթ տա մեկնաբանելու՝ ես միջամտել եմ, թե՝ ոչ։
Կարդացեք նաև
Փաստ 2․ ինձ ենթարկել են բազմաթիվ գաղտնի քննչական գործողությունների ժամանակի երկար կտրվածքով: Ինձ լսելու պատմությունից գեթ մեկ դրվագ չկա, որը կարող է այս կամ այն տիպի ապացույց լինել։
Փաստ 3․ ուզել եմ առերեսում, չեն տվել։ Խի՞ են մերժել մեր առերեսման պահանջը: Թող անեին, ասեին՝ մեղադրյալ Աշոտյան, արել ես էսինչ բանը, ես էլ միջազգայիններին ասեի՝ կներեք, տղերք ջան, արել եմ։
Փաստ 4․ վկաները հերքում են իմ միջամտության, ազդեցության փաստը։
Փաստ 5․ առաջին նիստերին մարդկանց՝ մեղադրյալներին հարցնում էին՝ Աշոտյանը ձեր վրա ճնշում գործադրե՞լ է, բոլորն ասել էին՝ ոչ։ Մեղադրյալները այս դահլիճում ուղիղ եթերում հայտարարել են, որ ես երբեք ազդեցություն չեմ գործադրել։
Փաստ 6․ ինձ մեղսագրվել է 3 մեղադրանք՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ նշվել է, որ երեք մեղադրանքներից ամենածանրը չի կարող դրվել իմ կալանքի հիմքում, հնարավոր հանցավոր արարք կատարելու մոտիվացիան, այսինքն, նվազում է։
Փաստ 7․ այլընտրանքային խափանման միջոցներ կան, որոնց համակցված կիրառումն անգամ ավելի ուժեղ է, քան պարզապես անազատությունը։
Փաստ 8․ որևէ որոշման մեջ տնային կալանքը՝ այն էլ այս պայմաններում, ինչո՞վ է ավելի լիբերալ, քան իմ էսօրվա ռեժիմը, որովհետև այսօր իմ խափանման միջոցն անազատությունն է, բայց ես ունեմ զանգերի իրավունք։ Իսկ տնային կալանքի պարագայում կարող եք որոշել՝ ես զանգերի իրավունք չունենամ։ Հիմա որտեղի՞ց կարող եմ ավելի շատ ըստ Ձեզ միջամտել զանգելով՝ Նուբարաշենի խցի՞ց, թե՞ մեր տնից՝ չզանգելով։ Իմ տեսակցությունները բաց են ցանկացած անձի համար․ ամիսը երկու անգամ կարող են գալ, իսկ տնային կալանքի դեպքում կարող եք դնել սահմանափակում, որ ոչ ոքի հետ չհանդիպեմ։ Էդ խի՞ տնային կալանքն ավելի խիստ չի, քան Նուբարաշենի խուցը։ Ես արտաքին աշխարհի հետ, որի միջոցով կարող էի ենթադրյալ ազդել տնային կալանքի պայմաններում կունենամ զրո հնարավորություն, իսկ հիմա տեսականորեն այդ հնարավորություններն ունեմ փաստացի»։
Արմեն Աշոտյանը 9-րդ փաստով հայտարարեց՝ իր ենթադրյալ միջամտության մասին քննիչի կողմից տեղեկություններ ունենալուց միայն երկու ամիս հետո է ինքը կալանավորվել:
Իրեն կալանավորելու մասին էլ ասաց․ «Մեղադրանքը՝ չբացակայելու խափանման միջոցով էլի իմ քաղաքական գործունեության վրա ազդում էր, քանի որ հետո չկարողացա միջազգային ասպարեզում հանդես գալ, բայց դա իշխանության կողմից ինձ առաջադրված մեղադրանքի դեղին քարտ էր՝ խելոք մնա, քիչ խոսիր։ Ես այդ դեղին քարտը չընդունեցի, քաղաքական իմաստով դալտոնիկ էի, չտեսա»։
Ըստ Արմեն Աշոտյանի փաստարկի՝ ինքը քաղաքական բանտարկյալ է, քանի որ դա ՀՀ հասարակության գնահատականն է, ըստ սոցիոլոգիական հետազոտությունների, միջազգային քաղաքական մարմինների գնահատականն է․ «Իշխանությունը կրվել է մարդկանց սրտերի և հոգիների կռիվը իմ մասով։ Չեն կարողացել ստեղծել տպավորություն, որ Աշոտյանը թալանչի է»։
Նա հորդորեց նախագահող դատավորին օգնել իր որոշմամբ, որպեսզի ՀՀ-ի վրայից դուրս գա մի երկրի պիտակը, որն ունի քաղբանտարկալներ․ «Իմ ու մյուս քաղբանտարկյալների հարցով դատարանները պետք է քթածակ ունենան․ երկրի իմիջի հարց է։ Ես մեղավոր չեմ, որ իմ անունը օգտագործվում է, որ ՀՀ-ն Ադրբեջանի կողքին են դնում»։
Արմեն Աշոտյանն ասաց՝ իրեն վատ է զգում, որ մենք երկրում ունեք Տավուշի գյուղերի խնդիր, բայց երեկ պատգամավորները ստիպված եկել էին իրեն պաշտպանելու․ «Հետո հասկացա՝ ինձ պաշտպանելն ու Տավուշի գյուղերը պաշտպանելը նույն բանն է, քանի որ նույն տեղից իրականացվող քաղաքականությունից են պաշտպանում։ Օգնեք մեր երկրին սարքեք մի հատ գժական բում, որ այս մի աղմկահարույց գործով մյուսներն էլ տեսնեն, որ քաղբանտարկյալների թեման պետք է վերադարձնել նորմալ քաղաքական ռեժիմի»։
Արմեն Աշոտյանը փաստեց՝ երկու խմբակցության խորհրդի՝ ամբողջ ընդդիմության երաշխավորությունն իր անձի հանդեպ հղի է լրջագույն քաղաքական հետևանքներով․ «Երկու խմբակցությունների գլխին կախվելու են վարկաբեկումներ, քրեական գործեր, եթե ես ինձ վատ պահեմ։ ՀՀ-ն հայտնվելու է խորհրդարանական ճգնաժամի մեջ։ Սրանից ավելի լավ երաշխավորություն ո՞րն է, որ Աշոտյան Արմենը չի կարող իրեն վատ պահել՝ հակառակ դեպքում երկրում ընդդիմության գլխին բերելու է շատ մեծ արհավիրք։ Այդ դեպքում ես կնպաստեմ Նիկոլ Փաշինյանին․ իսկ ես ձեռքերս կկտրեմ, բայց այդ ամենը չեմ անի»։
Արմեն Աշոտյանի վերջին փաստարկն էր այն, որ այս գործը հարուցված է 2019-ից, և եթե Արմեն Աշոտյանը տեսականորեն ինչ-որ մեկի վրա ազդելու, ինչ որ իրեղեն ապացույց ոչնչացնելու, կեղծելու, թաքցնելու կարիք ունենար, հանգիստ կարող էր անել․ «Չկա կարիք նստեցնելու այդ հիմնավորմամբ մի մարդու, որը նախորդ չորս տարիներին կարող էր անել ու չի արել դա։ Ամենասկզբից էլ պարզ էր, որ իմ շուրջն է պտտվում գործը, պարզ էր, թե ինչու է ՊՎԾ-ն մտել Բժշկական»։
Վահե Դոլմազյանը, լսելով Արմեն Աշոտյանի պաշտպանների, Արմեն Աշոտյանի ելույթները, այնուհետև մեղադրողի ելույթները, հայտարարեց․ «Անկախ նրանից, թե այդ հետևություններն ում կողմից են կատարվում, դատարանը արձանագրում է, որ դատարանը քաղաքական մարմին չէ, քաղաքական մարմնի գնահատականով չի կարող առաջնորդվել՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական մարմին և ինչ հայտարարություն է անում։ Դատարանն իր կողմից կայացվող որոշումները երբևէ չի կարող պայմանավորել որևէ քաղաքական մարմնի կողմից արտահայտված դիրքորոշումը հաշվի առնելով։ Հետևաբար, աշխարհի ամենամեծ կուսակցությունն էլ ունեցող քա մարմինը, թե որևէ իրավապաշտպան կազմակերպություն, որոնք տարբեր գործոններ հաշվի առնելով հետևություն են անում, դա նրանց սեփական կարծիքն է։ Դա չի կարող դատարանի համար լինել ուղենշային»։
Դատարանը գտավ՝ քանի դեռ չեն անցել հիմնական դատալսումների, ապացույցները չեն հետազոտվել, առնվազն չեն հարցաքննվել վկաները, որոնց վրա ազդեցության մասով դատարանը գտել է, որ կարող է ազդեցություն լինել, նման պայմաններում որոշում կայացրեց՝ երկարաձգել կալանքի ժամկետը։
Ըստ դատարանի՝ խափանման միջոց կալանքի գործողության ժամկետում տեղի չեն ունեցել այնպիսի փոփոխություններ, որը դատարանին հիմք կտա խափանման միջոցը փոխելու համար։ Ու դատավորը հայտարարեց․ «Դատարանը գտնում է, որ կալանքի գործողության պայմանները չեն վերացել, չեն ենթարկվել փոփոխությունների, ուստի դատարանը գտնում է, որ խափանման միջոց կալանքի ժամկետը պետք է երկարաձգել ևս երեք ամիս ժամկետով՝ հունիսի 15-ը ներառյալ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ