ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Տավուշցիները ձեզ են սպասում, ասել եք՝ 10 օր անցնի, կգամ կխոսենք, կամ մարդ կգա կխոսի։ Էդ մարդիկ հիմա անորոշության մեջ են։ Պարոն Փաշինյան, ձեր ընդդիմադիր գործունեության ժամանակ, երբ մի քանի հեկտար տարածք էինք կորցրել, դուք շատ էմոցիոնալ ելույթներ էիք ունենում։ Ասում էիք՝ եթե իքս տարածք է հանձնվում, չպիտի գցել նախկինների վրա»։
Պատգամավորի խոսքով՝ 3-4 շաբաթ առաջ տավուշցիները որոշակի խաղաղ պայմաններում անհոգ ապրում էին, բայց իրենց կյանքը խաթարվեց։ «Ի՞նչ տեղի ունեցավ երկու կամ երեք շաբաթ առաջ, եկան եւ ասացին այդ մարդկանց, որ դուք պետք է գնաք զիջումների, այլապես թուրքերը եւ ադրբեջանցիները կհարձակվեն մեզ վրա, եւ ձեզ համար շատ վատ կլինի։ Մարդիկ շոկի մեջ են»,- ասաց նա։
Ըստ Դանիելյանի՝ տավուշցիների մեծամասնությունը նախքան այդ չէր էլ պատկերացնում, որ ադրբեջանցին կգա եւ կկանգնի մեր միջպետական մայրուղու ու կենսական նշանակության տարածքների վրա։ Նա նշեց, որ տավուշցիների կյանքն ամբողջությամբ փոխվել է։
«Այսօր Տավուշի մեր գյուղացիները չգիտեն ինչ անել՝ վարուցանքից սկսած մինչեւ առօրյա կյանքը փոխվել է այդ մարդկանց, որովհետեւ այն, ինչի մասին մենք խոսում ենք, դրանք իրենց համար կենսական նշանակություն ունեցող տարածքներ են։ Եթե ճանապարհը, կոմունիկացիաները կամ ինչ-որ մի բան վերահսկվի Ադրբեջանի կողմից, եթե դպրոցից 50 մետր հեռավորության վրա պետք է կանգնի Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումը, որեւիցե մեկը չի կարող այդտեղ հանգիստ ապրել։ Եվ որեւէ մեկը չի կարող այս ամբիոնից ասել, որ դա ամենապահով տեղն է լինելու, լո՞ւրջ եք ասում, ո՞նց կարող է այդտեղ ապահով լինել, ո՞նց կարող է հայ մարդն այնտեղ ապահով ապրել»,- նշեց պատգամավորը։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ բազմաթիվ տավուշցիներ իրեն զանգում ու հարցնում են՝ «ի՞նչ է կատարվում այդտեղ, Ազգային ժողովում ի՞նչ է կատարվում, ի՞նչ է լինելու»։
Գառնիկ Դանիելյանն ասաց, որ մարդկանց պետք է հստակ պատասխաններ տրվեն, անորոշության մեջ ապրելը սարսափելի է։ Պատգամավորը նշեց, որ դա ոչ թե 4 գյուղերի հարցն է, այլ Հայաստանի Հանրապետության լինելիության հարցն է։
Նա նշեց, որ Տավուշի այդ տարածքներում ապրել են հայեր, դրանք հայկական տարածքներ են։
«Որ ասում եք՝ Եվրոմիություն, բա իրենց չեք հարցնո՞ւմ, որ Ադրբեջանն ագրեսիայի է դիմում, խի՞ սանկցիաներ չեք կիրառում։ Ինչո՞ւ Ադրբեջանը պիտի ամեն անգամ ցեղասպանություն գործի, էթնիկ զտումներ անի, պահանջներ ներկայացնի անիրատեսական, ասի՝ Հայաստանն էլ «Արեւմտյան Ադրբեջան» է, մենք էլ լռենք, այդ միջազգային հանրությունն էլ լռի։ Ամոթ է, երբ ԱԳ նախարարը գալիս է այստեղ ու ասում՝ մենք դաշնակից չունենք, պիտի տանք, որ չհարձակվի։ Բա ձեր քաղաքականությունը ո՞րն է»,- նշեց պատգամավորը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ