ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին․ «Տիկին Մկրտչյան, ձեր քաղաքական ամբողջ կապիտալը, այն է՝ 1-2 տոկոսն ամբողջովին մսխել եք, այստեղ էլ Ընտրական օրենսգրքի պահանջով եք հայտնվել։ Կներեք, բայց դուք человек-ցուցակի եւ «սենդվիչ Տոմայի» իրավահաջորդն եք։
Դուք մեզ մեղադրում եք ոչ լեգիտիմ իշխանության զավթման համար, բայց դուք տարիներ շարունակ զավթել եք քաղաքացու ձայնը, դրան տիրացել եք։ Ձայնի իրավունքից զրկած տիկին Մկրտչյանի խմբակն այսօր մեզ նոր մեղադրանքներ է ներկայացնում, այն է՝ 4 գյուղերի տարածքների հանձնման մասին մեղադրանք է ներկայացնում, մինչդեռ ՀՀԿ-ական մարզպետն ու իր ՀՅԴ-ական տեղակալը 2016-ին արդեն ձեզ հայտնի առաջարկ էին ներկայացնում Վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների ժամանակ»։
Սոնա Ղազարյանն անդրադարձավ նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ելույթին․ «Պարզվում է՝ պարոն Աբրահամյանը որոշել է մեզ արտաքին հարաբերությունների մաստեր կլաս տալ։ Ասում է՝ մեր օրոք էլ հայ-ռուսական հարաբերություններն իդեալական չէին, բայց աշխատելու ձեւ կա։ Ասեմ, թե որն է Հանրապետականի աշխատելու ձեւը՝ երեք տարի բանակցել Ասոցացման համաձայնագրի շուրջ, հետո հարցազրույց տալ եւ ասել՝ ՀՀ միացումը ԵԱՏՄ-ին տրամաբանական չէ, բայց մեկ գիշերում մտափոխվել եւ միանալ Մաքսային միությանը։ Պարոն Աբրահամյան, մեզ ձեր նման խորհրդատուներ պետք չեն, մենք վարում ենք մեր քաղաքականությունը եւ քաղաքացիների հետ շատ թափանցիկ ձեւով»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ