Ֆիրդուսի թաղամասին առնչվող շուրջ երկու տասնյակ գործեր գտնվում են դատարանում: Թեմայի վերաբերյալ Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ Ֆիրդուսի թաղամասի բնակիչների շահերի ներկայացուցիչ փաստաբան Գենյա Պետրոսյանը նշեց, որ այս պահին 4 քաղաքացիական գործ կա հարուցված՝ ձեռք բերող կազմակերպության՝ «Զեյթուն քոնսթրաքշնի» կողմից՝ ընդդեմ Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի:
Փաստաբանի խոսքով. «Հայցադիմումի հիմքում դրված է հանրային գերակա շահի ապահովման նպատակով գույքի հարկադիր օտարման պահանջը: Եվ բնականաբար, այս հայցադիմումների եւ առհասարակ գործի քննության միակ իրավական հիմքը կառավարության 2018թ թիվ 332-Ն որոշումն է, որով 33 թաղամասի նկատմամբ ճանաչվել է հանրային գերակա բացառիկ շահ: Եվ այդ հիմքով ձեռք բերողը իրավասու է դիմել դատարան եւ պահանջել գույքի նկատմամբ իրավունքի դադարեցում եւ գույքի փոխանցում ձեռքբերողին»:
Գենյա Պետրոսյանը հավելեց, որ բավականին խնդրահարույց զարգացումներ են տեղի ունենում դատարաններում, մասնավորապես թիվ 332-Ն որոշումը ներկայումս գտնվում է վարչական դատարանում՝ վիճարկման փուլում. «Վիճարկվում է դրա իրավաչափությունը՝ հիմք ընդունելով հանրային գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքով սահմանված պահանջը: Այն է՝ երբ որ օրենքով այդ նպատակի իրականացումը չի սկսվում կառավարության որոշումն ընդունելուց հետո 7 տարվա ընթացքում, ուրեմն այլեւս հանրային գերակա շահ առկա չէ»:
Կարդացեք նաև
Փաստաբանի ձեւակերպմամբ, այս ամենին զուգահեռ ընթանում են գործընթացներ՝ դատական եւ քաղաքացիական գործերի շրջանակում, պահանջ է ներկայացված հարկադիր օտարել նույն այդ՝ կառավարության որոշման հիման վրա Ռուբեն Աթոյանին պատկանող անշարժ գույքերը, որոնք ընդգրկված են օտարման գոտում:
«Մենք որպես փաստաբաններ՝ դատարան ենք ներկայացրել կասեցման միջնորդություն՝ խնդրելով, որ կասեցվի քաղաքացիական գործերի վարույթը՝ մինչեւ վարչական գործով որոշվի՝ արդյոք կառավարության տվյալ որոշումն իրավաչա՞փ է: Հակառակ դեպքում, եթե անվավեր է ճանաչվում կառավարության թիվ 332-Ն որոշումը, ապա այլեւս որեւէ իրավական հիմք չկա տվյալ անշարժ գույքերը հարկադիր օտարելու, ինչպես նաեւ անհրաժեշտություն չկա դրա դիմաց փոխհատուցում, համարժեքություն եւ այլ խնդիրներ քննարկելու»,-ընդգծեց Գենյա Պետրոսյանը:
Փաստաբանն ասաց, որ բոլոր 4 գործերով կասեցման միջնորդությունները բավարարվել են քաղաքացիական դատարանի կողմից, սակայն ձեռքբերողը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, մեկ գործով կասեցման որոշումը մնացել է ուժի մեջ, իսկ մնացած 3 գործերով վերացվել են կասեցման որոշումները:
Նրա ձեւակերպմամբ, կատարվածը տարակուսելի է, չունի հիմնավորումներ. «Մեր գնահատմամբ՝ օրենքի աղաղակող խախտում է տեղի ունեցել, որովհետեւ տվյալ դեպքում գործի վարույթի կասեցումը ոչ թե դատարանի հայեցողական լիազորությունն է, այլ պարտականությունը: Եթե գործի վարույթը շարունակելն անհնար է մինչեւ մեկ այլ վարույթով դատական ակտ կայացնելը, սա հանդիսանում է պարտադիր կասեցման հիմք, եւ դատավորը պարտավոր է կասեցնել վարույթը, սպասել ու տեսնել՝ արդյոք տվյալ որոշումը իրավաչա՞փ է, վավե՞ր է ճանաչվում դատարանի կողմից, այնուհետեւ նոր շարունակել այս գործընթացը եւ դատական կարգով գնալ գույքերի հարկադիր օտարման պրոցեսի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի