Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց AMADEE-24 Մարսի անալոգային հետազոտական ծրագիրը Հայաստանում

Ապրիլ 11,2024 15:28

Հայաստանում շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած «AMADEE-24» մարսյան անալոգային առաքելությունը մոտեցավ ավարտին։

Ծրագիրն իրականացվում է 2-3 տարին մեկ՝ տարբեր երկրներում՝ սիմուլացնելով տիեզերական ռոբոտների և տիեզերագնացների կյանքը Մարսյան միջավայրում։

Այս տարի ծրագրի իրականացման համար ընտրվել էր Հայաստանը՝ Արարատի մարզը։ Այստեղ մոդելավորված մարսյան կայանում մի քանի շաբաթ շարունակ մեկուսացել էին Հայաստան ժամանած 6 անալոգային տիեզերագնացները, ովքեր այս ժամանակահատվածում իրականացրին տարբեր գիտափորձեր, փորձարկեցին տիեզերական տեխնոլոգիաներ, ռոբոտներ ու մարսագնացներ։

Առաքելության ընթացքում իրականացված գիտահետազոտական աշխատանքների արդյունքում հավաքագրվել են արժեքավոր գիտական տվյալներ, որոնց հետագա վերլուծությունը կնպաստի դեպի Մարս՝ մարդու ապագա իրական թռիչքների նախապատրաստությանը։

Ծրագրի կյանքի է կոչվել Ավստրիական տիեզերական ֆորումի և Հայկական տիեզերական ֆորումի սերտ համագործակցության շնորհիվ՝ «Հայաստանի աերոտիեզերական գործակալության» և ավելի քան երեսուն գործընկերների ջանքերի շնորհիվ։

Ծրագրի իրականացման առաջին իսկ օրվանից որպես ռազմավարական գործընկեր աշխատանքներին է միացել հայկական «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցը՝ ի դեմս «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն» հիմնադրամի և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի։

«Մոտ 7 տարի շարունակ «Ինստիգեյթ»-ն զբաղվում է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում միկրոէլեկտրոնային համակարգերի մշակմամբ՝ աշխատելով ֆրանսիական, իսպանական ընկերությունների հետ։ Քանի որ «Իրական դպրոց»-ն էլ ուսուցումը կազմակերպում է իրական նախագծերի հիման վրա, մեզ շատ հոգեհարազատ էր ոլորտը և միջավայրը, ուստի որոշեցինք ծրագրի ռազմավարական գործընկերը դառնալ»,- նշում է «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցի և «Իրական դպրոց» հիմնադրամի տնօրեն Արման Պողոսյանը։

Գիտահետազոտական կենտրոնն աջակցել է Հայաստանում առաքելության համար ընտրված տարածքի եռաչափ մոդելավորման և դրա հիման վրա բացառիկ ճշգրիտ բարձրությունների քարտեզի ստեղծման գործում։

«Իրական դպրոց»-ի ուսանողներն առաքելության ողջ ընթացքում ապահովել են տարածքի արտաքին անվտանգությունը՝ իրականացնելով 24-ժամյա հերթապահություն «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից ստեղծված կառավարման կենտրոնում, կիրառելով բազմաթիվ թվային լուծումներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և այլ տեսահսկման միջոցներ։

Առաքելության ավարտից հետո՝ օրեր առաջ Երևանի «Իրական դպրոց»-ում հյուրընկալվել էին Ավտրիայի տիեզերական ֆորումի նախագահ Գերնոտ Գրյոմերը և Հայկական տիեզերական ֆորումի ղեկավար Հայկ Ասլանյանը, ովքեր ծրագրի մասնակից ուսանողներին հանձնեցին մասնակցության վկայականները, այնուհետև ունեցան դասախոսություն Իջևանի «Իրական դպրոց»-ում։

Հիշեցնենք, որ «Ինստիգեյթ»-ը հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր և ինքնաբավ ընկերություններ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930