Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր գործիչները, որոնք չեն պատկերացնում իրական Հայաստանի գերադասությունն ամեն ինչի նկատմամբ, չունեն միտք եւ բանականություն»․ Շիրակ Թորոսյան

Ապրիլ 11,2024 15:13

ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, որ ուզում է անդրադառնալ պատմական Հայաստան-իրական Հայաստանի խոսույթին։

«Ո՞րն է պատմական Հայաստանը, պատմական Հայաստանը 300 հազար քկմ տարածքով Մեծ Հայքի 15 նահանգներն են, որը մենք հարյուրամյակների կամ հազարամյակների ընթացքում մաս առ մաս կորցրել ենք։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք պետք է խորքային նայենք ու հասկանանք, թե ինչո՞ւ ենք մեր պատմական հայրենիքի 1/10-ի վրա մնացել այսօր՝ ունենալով Հայաստանի Հանրապետություն։ Ո՞րն է եղել դրա պատճառը։ Մի բան ակնհայտ է՝ հավանաբար մենք այդ հազարամյակներում ճիշտ չենք ընկալել պետության արժեքը եւ այդ պատճառով աստիճանաբար կորցրել ենք։ Ընդ որում, կորցրել ենք ոչ միայն աշխարհաքաղաքական իրողությունների, այլ նաեւ ներքաղաքական խնդիրների եւ մասնավորապես դավաճանության պատճառով։

Այսօր ոչ ոք չի հակադրում պատմական Հայաստանը Հայաստանի Հանրապետության հետ, պարզապես մեզ համար պետք է դառը դաս լինի եւ դառը դաս է, թե ինչո՞ւ պատմական Հայաստանի միայն 10 տոկոսի վրա այսօր ունեն ՀՀ։ Միգուցե սխալ դիվանագիտությո՞ւն ենք վարել դարերի ընթացքում։ Ինչո՞ւ մենք միշտ խոսում ենք ավանդական դիվանագիտության մասին եւ չենք խոսում այլընտրանքային այն մեր հզոր դիվանագետների մասին, որոնց օրոք Հայաստանը լրջագույն ձեռքբերումներ է ունեցել»,- ասաց նա։

Շիրակ Թորոսյանը նշեց, որ պատմական Հայաստանի իրողություններից լավ դասեր չենք քաղել, չենք համալրել մեր դիվանագիտության ինստիտուցիոնալ հիշողությունն ըստ կարեւորագույնի։ Հետեւաբար, շարունակաբար կրկնել ենք այն սխալները, որոնք բերել հասցրել են մեզ այսօրվան։

«Այո, ո՞վ չի ուզում պատմական Հայաստան, 15 նահանգներ։ Ուզո՞ւմ եք մի քանի նահանգ թվարկեմ, օրինակ՝ Մոկք, Վասպուրական, Աղձնիք, Ուտիք, Փայտակարան, Պարսկահայք, Գուգարք։ Եվ մենք ունենք այսօր Հայաստանի Հանրապետություն։

Բոլորս էլ հասկանում ենք, որ հայրենիքը եւ հատկապես պատմական հայրենիքը հուզական երեւույթ է եւ նաեւ երազանք։ Ես, անշուշտ, ընդունում եմ, որ հույզը եւ երազանքը եւս քաղաքական կատեգորիա է, այն գործիչը, որը չունի հույզ եւ երազանք, ես նրան կիսատ-պռատ քաղաքական գործիչ եմ համարում։ Գտնում եմ, որ այն քաղաքական գործիչները, այն մարդիկ, որոնք չեն մտածում այդ հույզի եւ երազանքի մասին, նրանք սիրտ եւ հոգի չունեն։ Բայց բոլոր այն քաղաքական գործիչները եւ մարդիկ, որոնք չեն պատկերացնում իրական Հայաստանի Հանրապետության գերադասությունն ամեն ինչի նկատմամբ, այլ կերպ ասած՝ ամեն ինչը չեն ստորադասում ՀՀ շահերին, այսինքն՝ չեն գիտակցում, ու պատկերացնում ռեալ պոլիտիկը, նրանք չունեն միտք եւ բանականություն»,- ասաց Թորոսյանը։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Շիրակ Թորոսյանը նշեց․ «Այն միջավայրը, որտեղ կասկածի տակ է դրվում Հայաստանի ինքնիշխանությունը եւ սուվերենությունը, այդ միջավայրում որեւէ հարաբերություն զարգանալ չի կարող»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930