«Մեր կողմից դատարանին առաջարկվող այլընտրանքային խափանման միջոցները՝ տնային կալանք, գրավ, հեղինակավոր անձանց երաշխավորություն, լիովին ունակ են չեզոքացնելու Արմեն Աշոտյանի կողմից ապացուցման գործընթացին միջամտելու մասին վարույթն իրականացնող մարմնի ցանկացած մտավախություն»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Նա ասաց՝ պնդում ենք, որ խափանման միջոց կալանքի ժամկետի երկարացման հիմքերը բացակայում են․ առկա չեն շարունակական կալանքն արդարացնող հիմքեր․ «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումների արդյունքում նվազել է Արմեն Աշոտյանին մեղսագրվող արարքների ծանրության հետևանքով վարույթին խոչընդոտելու ռիսկը։ Մեր առաջարկած այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու են չեզոքացնելու մեր վստահորդի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու մասին ցանկացած մտավախություն։
Մենք առաջարկում ենք Արմենի Աշոտյանի կալանքը շարունակել տնային պայմաններում, ընդ որում, մենք չենք առարկում, որ Արմեն Աշոտյանի վրա դրվեն տնային կալանք խափանման միջոցին վերաբերող լրացուցիչ սահմանափակումներ։ Այս պայմաններում տնային կալանքը գրեթե ամբողջությամբ նույնանում է դասական կամ բանտային կալանքին։ Եթե տնային կալանքը գրեթե ամբողջությամբ նույնանում է դասական կալանքի հետ, ապա սահմանափակումների երաշխիքային բնույթով տնային կալանքը կարող է գերազանցել դասական կալանքին, որոնք մենք առաջարկում ենք համակցել 40 միլիոն դրամի չափով գրավի խափանման միջով։ Այն ինքնին ի զորու է փարատելու վարույթին խոչընդոտելու ցանկացած մտավախություն։ Այդ խոշոր գումարը՝ ակնհայտ Արմեն Աշոտյանի գույքային իրավիճակին անհամապատասխան գումար կորցնելու ռիսկը օբյեկտիվորեն ունի պատշաճ վարքագծի երաշխիքային մեծ արժեք։ Մենք առաջարկում ենք համակցել նաև երրորդը՝ ԱԺ պատգամավորների երաշխավորությունը»։
Կարդացեք նաև
Ավարտելով ելույթը՝ Ռուբեն Մելիքյանը դիմելով դատարանին ասաց․ «Եթե դատարանը համարի, որ անբավարար են մեր նշած հիմքերը, և դա չի կարող ապահովել Արմեն Աշոտյանի պատշաճ վարքագիծը, խնդրում ենք մանրամասնել, թե ինչու են դրանք անբավարար, այլ ոչ թե ընդհանուր բառերով նշել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ