Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս միակողմանի կենսական զիջումները ոչ թե սոսկ տարածքների հանձնման, այլ իրականում հայկական պետականության սողացող հանձնման մասին են»․ Արմեն Ռուստամյան

Ապրիլ 11,2024 14:50

«ԱԺ կողմից 2021-2026 թվականների համար հաստատված կառավարության ծրագրի եւ մինչ օրս դրա կատարողականի համեմատությունը պարզորոշ ի ցույց է դարձնում ոչ միայն այս երկուսի անհամապատասխանությունը, այլ դրանց ակնհայտ հակառակությունը: Այսինքն՝ ՀՀ կառավարությունը կատարել է ՀՀ ԱԺ կողմից հաստատված ծրագրի հակառակը: Խորհրդարանական երկրում սա ոչ միայն կառավարության գործունեության հետ կապված ոչ լեգիտիմության խնդիր է առաջացնում, այլ նաեւ հարուցում է նրա նկատմամբ սահմանադրական լիազորությունների վերազանցման մեղադրանք»,- ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Հաստատում երկրորդ՝ այն ինչ կառավարությունն այսօր փաստացի է իրականացնում՝ ի հեճուկս ծրագրով իր ստանձնած պարտավորության, ըստ էության ուղղված է ազգային շահերի խեղաթյուրմամբ կամ լիովին անտեսմամբ՝ կենսական զիջումներ կատարելով մեր երկրի անվտանգային սպառնալիքների մեծացմանը, որի վերջնարդյունքը խաղաղության պատրանքի դիմաց աշխարհաքաղաքական մակարդակում հայկական գործոնի իսպառ վերացումն է:

Այսինքն, պատկերավոր ասած՝ Հայաստանը աշխարհաքաղաքական գծի վրայից դրվելու է «աշխարհաքաղաքական պարկի» մեջ, երբ նրա գոյությունն այլեւս աշխարհաքաղաքական առումով ոչ մի նշանակություն չի ունենա: Թուրք-ադրբեջանական տանդեմի շարունակական պահանջները հենց սրան են ուղղված՝ մեր ֆիզիկական գոյությունը թույլ տալու դիմաց»,- ասաց նա։

Ռուստամյանն անդրադարձավ ծրագրի եւ դրա կատարողականի հակասություններին․ «Ըստ ծրագրի՝ «ՀՀ անվտանգության ապահովման գործոնների թվում են՝ հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, 102-րդ ռազմաբազայի շարունակական հագեցումը, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ներգրավվածության ընդլայնումը ՀՀ պետական սահմանի պահպանության գործում, ՀԱՊԿ-ը, որը դիտարկելով որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարեւորագույն օղակ, կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում ՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա։ ՀՀ շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, եւ սա լինելու է կառավարության առաջնահերթությունների շարքում»։

Հասել ենք 2024 թիվ եւ կառավարության կատարածը, տեսնողը կտեսնի, որ այս ամեն ինչի ճիշտ հակառակն է եղել: Կատարվածը ոչ մի առնչություն չի կարող ունենալ ինստիտուցիոնալ ժողովրդավարության եւ իրավական պետության հետ: Կառավարությունը կամ կատարում է խորհրդարանի հաստատած ծրագիրը կամ դադարեցնում է իր լիազորությունները: Եթե գործող ծրագրի իրականացման համար ստեղծվում են անհաղթահարելի պայմաններ, ապա խորհրդարան է գալիս նոր կառավարություն եւ հաստատման է բերում նոր ծրագիր: Սա է սահմանադրական կարգը»,- ասաց նա։

Ըստ Ռուստամյանի՝ այն, ինչ տեղի ունեցավ Արցախի մասով, ոչ միայն ծրագրով, այլ նաեւ մեր ամենասարսափելի երազում հնարավոր չէր պատկերացնել: «Ի՞նչ է ծրագրով նախատեսված էր, որ Արցախի ժողովրդին պետք է միայնակ թողնել ադրբեջանական հրոսակների դեմ եւ հայրենազրկե՞լ ու դեռ մի տեղ էլ արդարացնե՞լ Ադրբեջանի կողմից կատարված որոշ գործողություններ, թե՞ ճիշտ հակառակը՝ բոլոր միջոցներով երաշխավորել արցախահայության անվտանգությունը: Կառավարությունը տեսնելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության հասնել հնարավոր է միայն նրա օրեցօր աճող պահանջները բավարարելու միջոցով, դարձել է այդ պահանջների փաստացի հիմնավորողը, լեգիտիմացնողը եւ կատարողը: Իսկ Ադրբեջանը, ոչ ավել, ոչ պակաս պահանջում է՝ ինչը կասենք մերն է պետք է տաք մեզ, իսկ ինչը կհամարենք մեզ համար վտանգավոր, պետք է վերացնենք:

Եվ այս կառավարությունը հլու-հնազանդ սա գործադրում է: Մասնավորապես, Ադրբեջանից պնդեցին՝ մերն է Արցախը, այս կառավարությունը հայտարարեց, որ այո, Արցախը Ադրբեջան է, եւ Հայաստանը կապ չունի դրա հետ։ Եվ Արցախը հայաթափվեց: Ադրբեջանը հայտարարեց՝ թե GPS -ով իրենցն են Կապան -Ճակատեն ճանապարհի եւ Սյունիքի տարածքի իրենց նշած հատվածները, այստեղից ասացին՝ այո, համեցեք: Հիմա Տավուշից են տարածքներ պահանջում, եւ կառավարությունը լծվել է դա հիմնավորելու եւ դրանք տալու գործին՝ բացատրելով, որ դե ճիշտ են ասում, իրենցն է: Ադրբեջանից ասում են, որ սահմանի յուրաքանչյուր հատված իր ուրույն քարտեզով է պետք սահմանազատել, այստեղից հաստատում են, թե ամբողջ սահմանը որոշող որեւէ քարտեզ չկա: Դե որովհետեւ հատվածական սահմանազատումը միայն Ադրբեջանին է ձեռնտու, ուրեմն պետք է մի կերպ հիմնավորել:

Ադրբեջանի համար անընդունելի եւ վտանգավոր են մեր Սահմանադրությունը, օրենքները եւ միջազգային դատարաններում ներկայացված հայտերը: Այս կառավարությունն ահավասիկ սկսել է դրանցից հրաժարվելու եւ վերանայելու գործընթացը: Իհարկե, այս շարունակական զիջումների վերջին արարը կլինի, երբ այս իշխանությունները բոլոր զիջումներից հետո արդեն պատրաստի միջավայր կձեւավորեն իրականացնելու Ադրբեջանի գլխավոր պահանջը՝ վերածել Հայաստանը փաստացի Արեւմտյան Ադրբեջանի:

Արցախն ադրբեջանական ճանաչելու կառավարության քայլն ինքնին արդեն ոչ միայն աղաղակող անարդարություն է, այլ իսկական ազգակործան ավեր է գործել ու, ցավոք, դեռ շարունակում է գործել: Խորքի մեջ այս իշխանությունների համար ոչ այնքան կարեւոր է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ճանաչեն Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը, այլ ճանաչվի հենց իրենց իշխանության տարածքը, մի տարածք, որի վրա կարողանան պահպանել իրենց իշխանությունը: Իսկ իրենցից հետո՝ «մեզնից հետո, թեկուզ ջրհեղեղ» հայտնի տրամաբանության շրջանակներում:

Եվ ուրեմն, այս միակողմանի կենսական զիջումները ոչ թե սոսկ տարածքների հանձնման, այլ իրականում հայկական պետականության սողացող հանձնման մասին են: Եվ զավեշտալին այն է, որ այսքանից հետո փորձ է արվում Ադրբեջանի գործակալը լինելու մեջ մեղադրել բոլոր նրանց, ովքեր փաստարկված ահազանգում են այս իշխանությունների կողմից Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին»,- հայտարարեց Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ կառավարության քաղաքական հավատամքը դարձել է պարտվողականությունն ու զիջողականությունը: Ադրբեջանը, վախեցնելով պատերազմով, մեզնից նորանոր զիջումներ է կորզում, իսկ այս կառավարությունը իր հերթին, մեր ժողովրդին վախեցնելով անխուսափելի պարտությամբ ստիպում է ապավինել Ադրբեջանի խոստացած խաղաղությանը:

«Ակնհայտ է, որ այդպիսի խաղաղության երաշխավորը կարող է միայն հենց թուրք-ադրբեջանական տանդեմը լինել: Եվ պետք չէ տպավորություն ստեղծել, թե այդ նոր անվտանգային համակարգի ճարտարապետը միավորված Արեւմուտքն է լինելու: Արեւմուտքը մեկ անգամ չէ, որ կարեւորել է, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գլխավոր դերակատարությունն ու առաջնորդությունը այս տարածաշրջանում: Հետեւաբար, Ռուսաստանից դժգոհելով, նախկին անվտանգային համակարգը փոխարինում ենք թվացյալ արեւմտյանով, որի իրական առանցքը Թուրքիան է լինելու: Այսինքն, անվտանգային համակարգի այսպիսի փոփոխության վերջնարդյունքում պարզապես Ռուսաստանի փոխարեն գալու է Թուրքիան։ Եվ ուրեմն, հարցերի հարցը հետեւյալն է՝ կառավարությունը իր ծրագրով չնախատեսված, փաստացի ապօրինի եւ ինքնագլուխ, ժողովրդի թիկունքում այս ի՞նչ իբրեւ թե անվտանգային նոր համակարգ է ձեւավորում»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930