Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաբկեն Թունյան. 2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով

Ապրիլ 11,2024 14:42

2023 թվականին տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական աճը կազմել է 29,5 տոկոս, միջին տարեկան աճը եղել է 9,8 տոկոս, ինչը մեր առջեւ դրված թիրախից բարձր է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով հաշվետու տարվա տնտեսական զարգացումներին եւ գրանցված ցուցանիշներին:

Ազգային ժողովն ապրիլի 11-ի նիստում շարունակվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը:

Բաբկեն Թունյանի ներկայացմամբ անցյալ տարվա տվյալներով տնտեսության աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ` գյուղատնտեսության, որտեղ արձանագրվել է թեթեւ անկում: Սակայն, ըստ զեկուցողի, ցուցանիշը որոշ չափով պայմանավորված է վիճակագրական տվյալների թերի լինելով:

Մշտապես հնչող քննադատություններին ի պատասխան` Բաբկեն Թունյանը նշել է, որ 2023 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է գնանկում` 0,6 տոկոսի չափով, իսկ տարեկան միջին գնաճը կազմել է 2 տոկոս: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում միջին աշխատավարձն աճել է 14,6 տոկոսով. գրանցվել է աշխատավարձերի առաջանցիկ աճ գների նկատմամբ: Արտահանման առաջանցիկ աճ է գրանցվել նաեւ ներմուծման նկատմամբ: Զբոսաշրջության ոլորտում եւս գրանցվել է էական աճ: 2023 թվականին Հայաստան է այցելել ավելի քան 2,3 մլն զբոսաշրջիկ: Աշխատանքի արտադրողականությունը ՀՀ-ում վերջին երեք տարիների ընթացքում աճել է 1,5 անգամ: Գործազրկության մակարդակը կազմել է 12 տոկոս: Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն անցյալ տարվա վերջին կազմել է 48 տոկոս: Անդրադառնալով կապիտալ ծախսերին` զեկուցողը նշել է, որ անցյալ տարի կապիտալ ծախսերի ճշտված պլանը եղել է 516 մլրդ դրամ, կատարողականը` շուրջ 96 տոկոս: «Այսինքն` մենք մի կողմից բարձրացրել ենք կապիտալ ծախսերի շեմը եւ ապահովել նաեւ ավելի բարձր կատարողական, ինչը նշանակում է, որ մեր տնտեսական աճի պոտենցիալը գալիք տարիների համար բավականին ավելացել է»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը` հավելելով, որ անցյալ տարի եղել են ֆորս-մաժորային այնպիսի իրավիճակներ, ինչպիսին էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար մեր հայրենակիցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը, զեկուցողի ներկայացմամբ, բավականին ծավալուն աշխատանք է պահանջել թե’ ֆինանսական եւ թե’ ռեսուրսների առումով:

Հանձնաժողովի նախագահի տեղակալի գնահատմամբ այս ամենով հանդերձ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ցուցադրել է բարձր դիմադրողականություն եւ կարողացել է պատշաճ արձագանքել առկա մարտահրավերներին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բավականին արդյունավետ է աշխատել Կառավարության հետ, ընդունվել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, փոփոխություններ, լրացումներ` ուղղված տնտեսական միջավայրի բարելավմանը: Զգալիորեն բարելավվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը:

Ի պատասխան պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե տնտեսական աճի տեմպերը մեկ երրորդով դանդաղել են` Բաբկեն Թունյանը պատասխանել է. «Մենք ունենք Կառավարության ծրագրով սահմանված թիրախ` առնվազն տարեկան 7 տոկոս տնտեսական աճ եւ մենք համեմատում ենք դրա հետ»: Հանձնաժողովի նախագահի տեղակալն անդրադարձել է նաեւ մասնավոր տրանսֆերտների նվազմանն ու ոսկերչական արտադրատեսակների աճին վերաբերող հարցերին: Նրա ներկայացմամբ անցյալ տարվա վերջից սկսած ՀՀ-ում էականորեն աճել է ոսկյա զարդերի արտադրությունն ու արտահանումը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930