«Ոչ միայն Վրաստանի, այլեւ Հայաստանի տեսանկյունից կարեւոր է, որ կարողանանք հասնել տարածաշրջանային հավասարակշռության։ Դա շատ կարեւոր մարտահրավեր է Հայաստանի եւ Վրաստանի համար, եւ առհասարակ, Հարավային Կովկասի բոլոր ազգերի համար։ Այսինքն՝ ի՞նչ պետք է անենք, որպեսզի տարածաշրջանային հավասարակշռությունը պահենք՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական դերակատարների գործոնը» ,-այս մասին այսօր «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն․ հայեցակարգից իրականություն» փորձագիտական համաժողովում հայտարարեց վրացական «Geocase» կենտրոնի նախագահ Վիկտոր Կիպիանին (նրա լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից)։
Նա անդրադառնալով ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին հայտարարություններին, ասաց՝ Վրաստանի տեսանկյունից մենք կուզենանք հասկանալ, թե դա ինչ բովանդակություն է ներառում, ինչ է ենթադրում։ Կիպիանին ասաց, որ ՀՀ ԱԳՆ-ում հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ այդ քաղաքականությունը դեռ սկզբունքների մակարդակում է եւ այդ քաղաքականությունը կարծրացնելու նպատակ կա՝ ներառյալ անվտանգային քաղաքականությունը։
«Դիվերսիֆիկացման քաղաքականությունը բավականին խրախուսիչ է, շատ խոստումնալից, որովհետեւ այն երկու ազգերին է՛լ ավելի է մոտեցնում միմյանց։ Վրաստանը հիմա դիվերսիֆիկացիայի իր սեփական տարբերակով է առաջ գնում։ Վրաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան չորս հենասյունով է։ Առաջինը՝ ԱՄՆ-ն է, մենք ռազմավարական գործընկերության նպատակ ունենք, դրա վերաբերյալ փաստաթուղթ ունենք։ Կարեւոր է, որ հետեւենք դրան, կան մարդիկ, որոնց դա այնքան էլ դուր չի գալիս, բայց անկախ նրանց դուր գալուց, մենք պետք է այդ հարաբերությունները զարգացնենք։
2-րդ հենասյունը ԵՄ-ն է։ Մենք հիմա մի ճանապարհի վրա ենք գտնվում, որը կարող եմ անվանել ինտեգրացիա, եւ հուսով եմ, որ այս տարվա վերջին նոր գլուխ կբացենք, կսկսենք բանակցությունները Վրաստանի՝ ԵՄ անդամակցության համար։
Կարդացեք նաև
Հաջորդը Չինաստանն է, ես հաճախ դա անվանում եմ Չինաստանի հետ աշխատանքային հարաբերություններ, չնայած վերջերս մենք նաեւ հայտարարեցինք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին։ Դեռ պետք է տեսնենք, թե գործնականում դա ինչպես է աշխատելու։
Հաջորդը ՌԴ-ն է, որը մենք անվանում ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների կառավարում»,-ասաց Կիպիանին։
Նրա կարծիքով՝ Վրաստանի քաղաքականությունը հաճախ այնքան էլ լավ կապակցված չի եղել տարածաշրջանի զարգացումների հետ եւ շատ կարեւոր է, որ Վրաստանը վերլուծի, թե իր հարեւան երկրներում ինչ է տեղի ունենում, որպեսզի հնարավոր լինի ավելի կայուն հիմք ստեղծել միմյանց ավելի լավ հասկանալու համար։
«Տարածաշրջանային ենթակառուցվածքներ․․․ գեղեցիկ բառեր են, որոնք մենք քննարկումների ժամանակ ասում ենք։ Կապակցվածություն եւ փոխկախվածություն․․․ այն նախաձեռնությունը, որը հայտարարել է Փաշինյանը, ինչպես նաեւ Վրաստանի կողմից են նախաձեռնություններ եղել կապված նավահանգստի կառուցման, սեւծովյան էլեկտրական մալուխների կառուցման հետ, դրանք ստեղծում են բովանդակություն՝ կապակցվածության տեսանկյունից, եւ նաեւ ստեղծում են հնարավորություն, որպեսզի նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացման եւ առեւտրի շնորհիվ կարողանանք խաղաղության հասնել»,-ասաց փորձագետը։
Նրա խոսքով՝ անվտանգությունը միայն զենքերի մասին չէ, այն սոցիալական կապակցվածության մասին է, ինստիտուցիոնալ կենսունակության մասին է․ «Այսինքն, ներսից երկրի ամրության մասին է, եւ հենց այս տեսանկյունից կարող եմ ասել, որ մեր ազգերը կողք կողքի են եղել տարիներ շարունակ ոչ միայն էմոցիոնալ տեսանկյունից»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ