Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր հռչակած իրական կամ պատմական Հայաստան դիլեման խիստ արհեստական է, որովհետև դուք արդեն ընտրել եք հանձնվող Հայաստանը»․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 11,2024 14:08

«Իշխանության այն մոտեցումը, որ եթե հայտնի 4 գյուղերը չհանձնենք, պատերազմը կվերսկսվի, արդեն իսկ բավարար է քաղաքական և մասնագիտական գնահատական տալու ոչ միայն կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքին եւ դրա արդյունքներին, այլ առհասարակ կառավարության՝ անվտանգության եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ իրականացրած քաղաքականությանն ու մոտեցումներին»,- ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ անվստահությունը երկրի անվտանգային համակարգի նկատմամբ եւ միջազգային զսպման գործիքների բացակայությունը լավագույնս բնորոշում է մեր երկրի իրական վիճակը բոլոր հնարավոր հարթություններում, այս դեպքում՝ առաջին հերթին երկրի անվտանգության տեսանկյունից:

«Այս տեսանկյունից 2023 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկու իրադարձության եմ ցանկանում անդրադառնալ, որոնք հստակ պատասխան ու գնահատական են տալիս այս ամենին։ Առաջին, 2023 թվականին Արավուս-Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցած վերատեղակայումները, որի հետեւանքը ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հսկայական հատվածի օկուպացիան է, որն ի դեպ, մինչեւ հիմա գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ երբեմնի շեն հողերը, որոնք Սյունիքի այդ հատվածի գյուղերի համար ապրուստի միջոց էին, վերածվել են ադրբեջանական կրակակետերի։ Ի դեպ՝ այդ օրերին, երբ խոսք էր գնում ադրբեջանական ներխուժման մասին, պաշտոնական կեղծիքի պակաս չկար: Մի մասը սկզբում փորձում էին համոզել հանրությանը, որ ադրբեջանցիներն իրենց հատվածում են բնագծեր տեղակայում, մի մասը պնդում էր, որ բանակցություններ են և Ադրբեջանը, այսպես կոչված, սահմանային ճշտումներից հետո հետ է վերադարձնելու դրանք, մի մասն էլ իրականությունն իմանալով՝ պարզապես տղամարդուն ոչ հարիր վարքագծով էին զբաղված՝ վարկաբեկում, վիրավորում էին բոլոր նրանց, ովքեր անվստահությամբ էին մոտենում իշխանության այն հավաստիացումներին, թե բանակցությունների միջոցով, կարճ ժամանակ անց այդ տարածքները կվերադարձվեն»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում գրանցվեց ֆիասկո, որովհետեւ առաջին հայացքից պարզ երևացող գործընթացը տապալվեց, ու ադրբեջանական զինված ուժերը տեղակայվեցին ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ անվտանգային առումով ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողվեց, որովհետեւ իրադրությունը ճիշտ չգնահատեց եւ ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկեց: Որպես հետևանք՝ իրադրության ողջ ծանրությունն ընկավ այդ հատվածում սահմանային անվտանգության համար պատասխանատու բանակային կորպուսի, հատուկ առաջադրանքներ լուծող ստորաբաժանումների, աշխարհազորի, ԱԱԾ սահմանապահ զորքերի վրա, ովքեր ստեղծված բարդ պայմաններում անձնազոհության գնով, ադրբեջանական կրակահերթերի, ականանետերի եւ ԱԹՍ-ների հարվածների ներքո մարտական դիրքեր էին տեղակայում եւ ծառայություն տանում:

«Երկրորդ ինդիկատորը, դա 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգությունն էր՝ Արցախի հանձնումը եւ զիջումը: Կլինեն մարդիկ, ովքեր կասեն, թե դա ՀՀ իշխանության համար տապալում չէ, որովհետև դրանից դեռ մեկ տարի առաջ հայտարարվել էր, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, սակայն խոսքն այս դեպքում այլ փաստերի մասին է: Իշխանության հռչակած նպատակներում ի սկզբանե հայտարարվում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին, որն ամրագրված էր ոչ միայն Ազգային անվտանգության դոկտրինի թարմացված տարբերակում, այլ այս կառավարության ծրագրում եւ այս քաղաքական ուժի նախընտրական ծրագրում:

Ի՞նչ եղավ հետո: Հետո հայտարարվեց Արցախի հարցով նշաձողի իջեցման մասին, ավելի ուշ ընդգծվեց, որ իշխանությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ: Դա այն փուլն էր, որ իշխանությունը սկսեց խոսել բացառապես արցախցիների իրավունքների եւ անվտանգության մասին:

Ի՞նչ եղավ դրանից հետո, բոլորս ենք հիշում: Ադրբեջանը նախ 9-ամսյա շրջափակման ենթարկեց Արցախը, որն, ըստ էության, ցեղասպանության դրսեւորում էր, ապա լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, որի հետեւանքը արցախցիների բռնի տեղահանությունն էր, որն այդ ողջ ընթացքում եւս ուղեկցվում էր ցեղասպանության դրսեւորումներով:

Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ գործընթացն իրականացվում էր հայաստանյան իշխանության լռության ներքո, այստեղ նկատի չունեմ զուտ հայտարարությունները, այլ հանցավոր անգործությունը: Ինչեւէ, եթե նույնիսկ վերցնենք այս կառավարության առավելագույն իջեցված նշաձողը՝ զուտ արցախցիների իրավունքների եւ անվտանգության մասով, ապա նույնիսկ այս նպատակն ու ստանձնած պարտավորությունը ձախողվեց»,- ասաց նա։

Արտաքին քաղաքականության տեսանկյունից, Աբրահամյանի խոսքով, Հայաստանի կառավարությունն իր խնդիրը չկատարեց, որովհետեւ նույնիսկ իր առավելագույն զիջման պարագայում Ադրբեջանն օգտագործեց ՀՀ պաշտոնյաների հայտարարություններն ու խայտառակ բառապաշարը, փորձեց լեգիտիմացնել Արցախի նկատմամբ ուժի կիրառումը, ինչի որոշակի դրսեւորումները, ցավոք, նկատելի են նաեւ այսօր: Հետեւանքներն այն էր, որ պատերազմը չկանխվեց, միջազգային գործընկերների, կառույցների հետ աշխատանքը տապալվեց, իսկ որպես այդ ամենի շարունակություն՝ արցախցիները բռնի տեղահանվեցին:

«Նույն թեման, երբ դիտարկում ես անվտանգության տեսանկյունից, ապա սրա հետեւանքով Հայաստանն, ըստ էության, զրկվեց իր հիմնական զրահաբաճկոնից, եւ անվտանգային նոր սպառնալիքները տեղափոխվեցին ՀՀ սահման։ Եվ դա այս ընթացքում իր արտացոլումն է ստանում Հայաստանի առաջնագծի տարբեր ուղղություններով»,- ասաց նա։

Աբրահամյանը նաեւ ասաց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակի իջեցումը, ՀԱՊԿ-ի հետ գործնականում ակտիվության սառեցումը, բավականին անորոշ ու վտանգավոր իրադրություն են ստեղծել: «Հայաստանի կառավարության քաղաքականության ամենամեծ խնդիրն այն է, որ երկիրը տեղափոխել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախումների դաշտ եւ ցանկացած քայլ, եթե դա նույնիսկ անկեղծ է եւ դրա տակ թաքնված ականներ չկան, դիտարկվում է հակա-ների դաշտում։ Այստեղ կարեւոր չէ, թե այս փուլում դա հակառուսականությունն է, թե հակաարեւմտյան ուղղությունը: ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է դիտարկել ոչ միայն արդյունավետության, օգտակարության կամ փոխշահավետության հարթությունում, այլ պետք է ռեալ պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ հարաբերությունների շեշտակի նվազեցումը, դեռ չեմ խոսում ընդգծված լարվածության առկայության մասին: Ես ինքս մեծ հնարավորություն տեսնում եմ՝ ռուսական կողմի հետ աշխատելու եւ եղած հնարավորությունն ու պոտենցիալը նոր մակարդակ տեղափոխելու հարցում, սակայն դա չի նշանակում, որ ես այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները ներդաշնակ կամ իդեալական եմ համարել»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ իշխանության անզորության պայմաններում Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ՀՀ տարածքը՝ իշխանության հետ խոսելով ուժի եւ սպառնալիքի լեզվով:

«Անկախ այն հանգամանքից, թե մեր հանրության որ շերտը իշխանության և նրա ղեկավարի գործունեությունը ինչպիսին կհամարի՝ ապաշնորհ, հակապետական կամ դավաճանական, մի բան փաստ է՝ կառավարությունն իր ծրագրով նախատեսված առաջնահերթություններում, նպատակներում տապալվել է։ Իմ միանշանակ համոզմունքն է, որ դուք մեր երկիրը փլուզման եք տանում եւ դա անում եք գիտակցված: Իսկ ձեր հռչակած իրական կամ պատմական Հայաստան դիլեման խիստ արհեստական է, որովհետև դուք արդեն ընտրել եք հանձնվող Հայաստանը»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930