Ապրիլի 9-ին, ժամը 8:9-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Աշտարակ համայնքի Ավան բնակավայրի վարչական ղեկավարը և հայտնել, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը նշված տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օսմանյանի դիակը՝ դեմքի և պարանոցի շրջանում բռնության հետքերով:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 69-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել Ավան գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը:
Կարդացեք նաև
Ապրիլի 10-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքը, ըստ որի՝ Դալվորիկ Օսմանյանի մահը շնչահեղձության հետևանք էր:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ավանցի 63-ամյա տղամարդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել 69-ամյա տղամարդուն: Նա նույնաբովանդակ խոստովանական ցուցմունք է տվել նաև Արագածոտնի մարզային քննչական վարչությունում:
63-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն