«Մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, որն ունի իր կանոնները»,- քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Այսօրվա դատական նիստը կլինի որոշիչ՝ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնել-չերկարացնելու տեսանկյունից։
Տիգրան Աթանեսյանը վստահեցրեց՝ մնում է իր համոզմունքին․ «Ունեմ իմ ուրույն դիրքորոշումը․ քաղաքական դատավարությունները, թեպետ իմ կոլեգաները հսկայական աշխատանք կատարեցին նաև այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու համար, երաշխավորությունը կազմակերպելու առումով, բայց ես ունեմ իմ ուրույն դիրքորոշումը և հավատում եմ, որ քաղաքական դատավարություններում, ցավոք, կոնկրետ նաև այս դեպքում Դուք չունեք իշխանություն Արմեն Աշոտյանին կալանավորելու կամ կալանքից թողնելու։ Որոշումները կայացվում են այլ տեղ։ Չգիտեմ՝ ինչ որոշումներ են այնտեղ կայացվել, բայց մի բանում վստահ եմ, որ քաղաքական բանտարկյալի առջև մի օր բանտի դռները ինքնաբերաբար են բացվում, և քաղաքական գործընթացը շարունակվում է։ Կալանքը կրում է պատժիչ բնույթ։ Սա քաղաքական ընդդիմադիրներին լռեցնելու, ճնշելու փորձ է»։
Կարդացեք նաև
Տիգրան Աթանեսյանը հայտարարեց․ «Արմեն Աշոտյանը ենթակա է անհապաղ ազատ արձակման։ Ոչինչ չի փոխվել, և եթե դատական գործը շարունակվի, մենք գործ կունենանք ոչ թե դատական փուլի հետ, այլ քաղաքական արարի։ Իսկ դրա կանոններն այլ են, որոշումները կայացվում են այլ տեղերում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ