Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, որի մաս է կազմում նաև նոր անվտանգային համակարգի ստեղծումը, կարևոր գործոն է Հայաստանի համար. Արայիկ Հարությունյան

Ապրիլ 11,2024 13:34

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովին:

Համաժողովին մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, փորձագետներ Հայաստանից, Վրաստանից: Տեսաուղերձով հանդես է եկել Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան:

Համաժողովի շրջանակում Արայիկ Հարությունյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Ձերդ գերազանցություն հարգելի դեսպաններ,
Հարգելի հյուրեր,
Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովին:

Վստահ եմ, որ ձևավորվող մասնագիտական այս հարթակը հերթական ազդակը կլինի մեր երկու երկրների միջև խորացող համագործակցության համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծապես կարևորում է փորձագիտական համայնքի կարծիքն ու դերակատարությունը Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցության հետագա հեռանկարները բացահայտելու գործում: Լիահույս եմ, որ այսօրվա միջոցառումը հիանալի հնարավորություն կստեղծի դրա համար:

Մեր երկրների հարաբերություններն արդեն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն, մինչդեռ մեր ժողովուրդների առնչությունների տարեգրությունն ունի հարյուրամյակների պատմություն: Սա ամուր հիմք է, որի վրա խարսխված են մեր այսօրվա հարաբերությունները, և որը պետք է ամրապնդել և զարգացնել:

Հայաստանի և Վրաստանի փոխգործակցության առանցքն արժեհամակարգային նմանությունն է, որը միահյուսված է ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև օրենքի անվերապահ գերակայության նույնական ընկալումներով: Կարևոր է ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի միջև այս տարվա հունվարին ստորագրված ռազմավարական համագործակցության մասին հռչակագրում էական է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը: Օրակարգում է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հարցը:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ևս մեկ անգամ շնորհավորել Վրաստանի մեր գործընկերներին և վրաց ժողովրդին՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու առիթով: Լիահույս եմ, որ այդ իրադարձությունն էլ ավելի կնպաստի տարածաշրջանի կայունացմանն ու բարգավաճմանը: Հայաստանի Հանրապետությունը սատարել և սատարում է Եվրոպական միությանն անդամակցելու Թբիլիսիի ձգտումներին:

Այստեղ կցանկանայի նշել, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է: Այդ գործընկերության իրավական հիմքը 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որով ստեղծվել է գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակ: Համաձայնագրի արդյունավետ կիրարկման նպատակով, վերջինիս համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախաձեռնությամբ, մշակվել է նշյալ համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզ՝ բաղկացած 300-ից ավելի միջոցառումներից: ԵՄ հետ համագործակցությունն արդեն իսկ նպաստել է Հայաստանում արդարադատության, պետական կառավարման բնագավառներում, տնտեսության և մի շարք այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Եվրոպական միության հետ համատեղ և վերջինիս աջակցությամբ իրականացվել են նաև ժողովրդավարական հասարակության կայացմանն ուղղված բարեփոխումներ:

Հարգելի գործընկերներ,
Հարգելի ներկաներ,

Հայաստանն այժմ գտնվում է շատ կարևոր շրջափուլում: Այսօր մենք իրականացնում ենք արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա, որի արդյունքում ձգտում ենք զարգացնել հարաբերություններն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային դերակատարների հետ՝ միաժամանակ շարունակելով հարաբերություններն ավանդական գործընկերների հետ՝ նոր կապերի հաստատման և խորացման միջոցով: Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, որի մաս են կազմում նաև նոր անվտանգային համակարգի ստեղծումն ու պաշտպանական ոլորտում նոր գործընկերությունների հաստատումը, կարևոր գործոն է Հայաստանի Հանրապետության համար:

Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը նոր փորձություններ ու մարտահրավերներ է բերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Այս առումով երկրները, որոնք ունեն ընդհանուր ձգտումներ, պետք է սերտորեն համագործակցեն՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին և սպառնալիքներին: Սակայն, հարկ է նշել, որ աշխարհաքաղաքական նոր իրողություններում մեր երկրները կանգնած են ոչ միայն մարտահրավերների, այլև նոր հնարավորությունների առաջ: Համագործակցության համար նոր հորիզոններ բացելը, տնտեսական կապերի ընդլայնումը, տարածաշրջանում իրական և տևական խաղաղության հնարավորությունը մեզ համար բացում են հեռանկարներ, որոնք պետք է առավելագույնս օգտագործվեն մեր պետությունների և ժողովուրդների կողմից:

Վերոնշյալի համատեքստում Հայաստանի կառավարությունն առաջ է քաշել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ միտված տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, սեփական տարածքներով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա: Տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքով մի կողմից՝ Սև ծովի, մյուս կողմից՝ Պարսից ծոցի և Օմանի ծոցի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման և ինտերնետային մալուխների հզորությունների էական ավելացում: «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի Հյուսիս-Հարավ հատվածը ներառում է երկաթուղային հաղորդակցության ստեղծում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում, իսկ Արևելք-Արևմուտք հատվածը կարող է տարաբնույթ կապուղիների միջոցով Հայաստանի տարածքով Կասպից ծովը միացնել Միջերկրական ծովին և Սև ծովի թուրքական նավահանգիստներին:

Ներկա իրավիճակում, երբ երկրները տրանսպորտային և տնտեսական նոր հնարավորությունների փնտրտուքի ճանապարհին են, Հարավային Կովկասը կարող է դառնալ տարանցիկ նոր հանգույց Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև:

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ վստահություն հայտնել, որ այս համաժողովը արդյունավետ հարթակ կդառնա մեր երկրների միջև փորձագիտական կարծիքների և փորձի փոխանակման համար:

Շնորհակալություն ուշադրության համար և բարի երթ համաժողովին»:

Համաժողովի մասնակիցներին այնուհետև ներկայացվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930