«Պարոն Փաշինյան, երեկ «պովոդոկ» բառի հայերեն համարժեքն էիք փնտրում, դա թոկն է, մանավանդ ձեր խոսքի համատեքստում։ Եվ դա Հայաստանի եւ մեր հավաքական ճակատագրի մասին ձեր անձնական խեղված պատկերացումներն ու վախերն են, ձեր անձնական պարտությունը, որ թոկի պես պարտադրում եք հայ ժողովրդին՝ կտրելով նրան իր արմատից, հակադրելով պատմական և իրական հայաստանները»,- ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Բանակցային գործընթացը զրոյական կետից սկսելու ձեր համոզումը ցեղասպանական հանգրվան ունեցավ, ու հիմա դժվար չէ պատկերացնել, թե Հայաստանի պատմական ճակատագիրը փոխելու ձեր «փրկչական» առաքելությունը ինչ նոր ողբերգության կհանգեցնի: Պառակտեցիք եւ հակադրեցիք հնարավոր ամեն բան, անգամ Հայաստանը Հայաստանին»,- ասաց նա։
Լիլիթ Գալստյանն անդրադարձավ կրթական համակարգի խնդիրներին։
«Կայուն, ներառական, համընդհանուր բարեկեցություն ապահովող և մասնակցային կրթական համակարգ, այսպիսին է կառավարության ծրագրային խոստումը։ Հաստատումներ, որոնք որեւէ աղերս չունեն իրականության հետ։
Կարդացեք նաև
«Մենք դպրոց կառուցել չգիտենք», երեկ հայտարարեց Փաշինյանը, համաձայն եմ։ Դուք նույնիսկ ձեր համար բրենդային դարձրած ասֆալտ փռել չգիտեք, ավելացնում եմ ես։ Եվ այսպիսի իրականության մեջ հավակնում եք «Ակադեմիական քաղաք» կառուցել։ Մշակվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, մեկնարկել են գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, փաստում է կատարողականը:
Հարց եմ բարձրացրել՝ անվտանգային կոլապսի, հարաճուն արտաքին պարտքի պայմաններում սա ի՞նչ առաջնահերթություն է, ի՞նչ հիմնավորում է ընկած այդ գաղափարի տակ, ովքե՞ր են պատվիրատուները։ Նախարարը փորձել է հակադարձել:
Օրերս ԳԱԱ ընդհանուր ժողովն էր։ Բոլոր բանախոսները միաձայն հաստատում էին, որ դա հարկադրանք է, չունի իրավական և գիտական հիմք, բուհական եւ ակադեմիական համակարգը քանդելու եւ շենքերի զավթման կործանարար գործընթաց է։ «Սա գիտական մտավորականությանը եւ Ակադեմիան վերացնելու հստակ քայլ է», պնդում էր ձեր քաղաքական թիմի երբեմնի ջատագով, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը։ Ակադեմիայի ղեկավարությունը հայտարարում է եւ համապատասխան որոշումով բանաձեւում, որ անցնող 5 տարիներին ԿԳՄՍ-ին ուղղված բոլոր առաջարկությունները մնացել են անպատասխան՝ ԿԳՄՍ-ի հետ երկխոսություն անհնարինության պատճառով։ Լավ, բա դուք ո՞ւմ հետ եք քննարկել այս ծրագիրը, եթե ընդվզում է բուհական համակարգը, եթե ընդվզում է Ակադեմիան։ Մի՞թե կարելի է կաբինետում նստած ինչ-ոչ մեկի հիվանդագին երեւակայության արդյունքը պրոյեկտել տասնամյակների ժառանգության վրա, կեղծ եւ մտացածին հաստատումներով վարկաբեկել եւ մի ամբողջ բուհական եւ ակադեմիական համակարգ»,- ասաց նա։
Ըստ նրա՝ գիտական հանրությանն ու Հայ Առաքելական եկեղեցուն արհամարհելու ցցուն օրինակ է նաեւ 7-րդ դասարանի պատմության դասագիրքը։ «Պատմագիտական գրեթե ողջ հանրույթը, հարյուրից ավելի ինստիտուցիոնալ գիտնականներ 150-ից ավելի գիտական անճշտություններ ու խեղաթյուրումներ են փաստում, առաջարկում շրջանառությունից հանել դասագիրքը, որը գրվել է ոչ Հայոց պատմության մասնագետի կողմից եւ խմբագրվել նրա կնոջ կողմից։ Բայց միեւնույն է, հենվելով մեկ հեղինակ-մեկ փորձագետ ձևաչափի ու նախօրոք որդեգրված «գնացեք եւ հաշտվեք» վարքագծի վրա, դասագիրքը մնում է շրջանառության մեջ»,- ասաց նա։
Պատգամավորը հավելեց, որ այդ խոտանը՝ պատմության դասագիրքը, 30 մլն դրամ է արժեցել։ Այս ձախողված գործընթացի համար ոչ միայն որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել, այլեւ նույն հեղինակին է վստահվել նաեւ 8-րդ դասարանի պատմության դասագիրքը։
«Սա դասագրքային միակ սկանդալը չէ։ Հիշեցնեմ, որ Հանրապետության 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանցիները` հանրակրթության սովորողների գրեթե մեկ քառորդը, ուսումնական տարին սկսեց առանց դասագրքերի։ Այս դասարաններում ներդրվել է ռուսերենի եւ ֆրանսերենի նոր չափորոշիչ, սակայն նոր դասագրքեր այդպես էլ չեն տպագրվել։ Սա կրթական իրավունքի խախտում է, լիազոր մարմնի իրավասությունների եւ պարտականությունների ձախողում։ Սոցիալական ցանցերը լի են նաեւ այլ դասագրքերում տեղ գտած վրիպակներով եւ խայտառակ սխալներով։
Եվ ես իրավունք ունեմ պնդելու, որ դասագրքաստեղծությամբ զբաղվող «Մասնակցային դպրոց» հիմնադրամն առհասարակ կոմպետենտ չէ, եւ արձանագրվող իրողությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում»,- հավելեց նա։
Գալստյանը նաեւ ասաց, մշակութային հաստատությունների կապիտալ ծախսերի կատարողականն ընդամենը 30 տոկոս է. Սա գուցեեւ լավ է, եթե հաշվի առնենք, թե ինչ որակով էին տեղի ունենալու այդ շինաշխատանքները եւ ինչպես էին փոշիացնելու գումարները:
«2018-ին դուք հայտարարում էիք, որ «մանդատ եք ստացել՝ կրթական համակարգից արմատախիլ անելու բոլոր կուսակցական եւ խմբային երեւույթներն ու շահերը»։ Անհերքելի է Ավինյանի քարոզարշավին մանկավարժական տասնյակ կոլեկտիվների մասնակցությանը, բուհերից եւ ընդհանրապես կրթական համակարգից ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների բացահայտ զտումը։ Որոշներն այս դահլիճում են»,- ընդգծեց նա։
Լիլիթ Գալստյանը հավելեց․ «100-200 հազար դրամի անարդյունավետ, ընդ որում չապացուցված, ծախսի համար ընդդիմադիր համայնքապետեր եք տարիներով կեղեքվում քրեակատարողական հիմնարկներում, իսկ տվյալ դեպքում բուհին 7 մլն-ի վնաս հասցրած, բայց իշխանությունների հովանավորյալ Գյուրջինյանը ընտրվում է բուհի ռեկտոր, այն դեպքում, երբ ՀՀ օրենքի համաձայն՝ նախորդ ընտրության արդյունքներն անվավեր չեն ճանաչվել, իսկ ռեկտորի նախորդ ընտրության արդյունքներն այս պահին վիճարկվում են դատարանում։ Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի նախագահը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է»։
«Իրականում այնպես էլ չէ, որ հասարակությունը չի տեսնում ու չի գնահատում կառավարող ուժի աղետաբերությունն ու երկրի կոլապսը։
Վերջին սոցիալական հարցումներն այդ մասին են, եւ երկրում տիրող մթնոլորտի հավաքական գնահատականը քաոսը, անորոշությունն ու հուսալքությունն է։ Ես լքում եմ ամբիոնն ու ասում՝ ձեզ մոտ չի ստացվում, չեք կարողանում, հեռացեք»,- հայտարարեց Լիլիթ Գալստյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Թե չէ ձեր մոտ շատ է ստացվում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ