Լրահոս
Օրվա լրահոսը

Հետպատերազմյան իրավիճակը՝ ՀՀ տարածքի օկուպացիան, Արցախում էթնիկ զտումը, տարածաշրջանում ստեղծում է նոր անկայուն իրավիճակ, ինչը մտահոգում է Վրաստանին․ Ջոնի Մելիքյան

Ապրիլ 11,2024 13:08

Հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար շատ կարեւոր է երկու երկրների քաղաքացիների միջեւ երկխոսությունը, եւ մեզ համար կարեւոր է, որ վրաց փորձագետներն իրենց հանրությանը ներկայացնեն այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ, քանի որ հակառակորդները, բարի չկամեցող երկրները դրան դեմ են, եւ իրենք աշխատում են մեր հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունենալ։ Այս մասին այսօր «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն․ հայեցակարգից իրականություն» փորձագիտական համաժողովում հայտարարեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը։

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում Հայաստանից գնացած ուղերձներն ի վերջո ստացան իրենց պատասխանը, այս տարի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվեց ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը, որը նոր հարաբերությունների սկիզբն է։

«Ի տարբերություն վրաց-ադրբեջանական հարաբերությունների, որոնք սկսվել են տնտեսական համագործակցությամբ տարբեր ռազմավարական նախաձեռնություններում, այսօր մենք ստեղծված տարածաշրջանային նոր ֆոնին գնում ենք այլ ճանապարհով։ Երկու երկրներին միացնող արժեքները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, յուրաքանչյուրի՝ ԵՄ ինտեգրման ուղին, դրանք ընդհանրություններ են, որոնք տալիս են հնարավորություն ավելի ակտիվ աշխատելու եւ փորձով փոխանակվելու»,-ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով ՝ 2020-ի պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը, ՀՀ տարածքի օկուպացիան․ Արցախում էթնիկ զտումը, Արցախի նկատմամբ ագրեսիան, այսօր տարածաշրջանում ստեղծում է նոր անկայուն իրավիճակ, ինչը մտահոգում է Վրաստանին․ «Եվ այս ֆոնին մենք տեսնում ենք ակտիվ քաղաքական երկխոսություն, փոխադարձ այցեր, առաջիկայում սպասվում են այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցեր, եւ մենք այսօր մի փուլում ենք, որ պետք է հարաբերությունների օրակարգը թարմացնենք՝ այն ոլորտներում, որտեղ արդեն կան հարաբերություններ, նոր թափ տանք, դիտարկենք նոր ուղղություններ, որտեղ այս տարիների ընթացքում կաշկանդված ենք եղել։ Համագործակցությունը կարող է տեղի ունենալ նաեւ պաշտպանական ոլորտում»։

Տնտեսական համագործակցությունը մեզ համար կարեւոր ոլորտ է, եւ ինչպես փորձագետն ասաց՝ այդ ոլորտը պետք է լցվի նոր նախագծերով՝ հայ-վրացական կամ տարածաշրջանային․ «Այստեղ շատ կարեւոր են ենթակառուցվածքները, Հայաստանի մասում մոդեռնիզացիան նախկինում գործած ճանապարհների, երկաթուղիների վերագործարկումը, ինչը առնվազն հնարավորություն է մեր բարեկամ պետությունների՝ Վրաստան-Իրան առեւտրաշրջանառության ավելացման համար, այլ երկրների՝ մեր տարածքով բեռների տեղափոխման, եւ ապագայում, եթե Ադրբեջանն ու Թուրքիան հասկանան, որ կարեւոր է կայունությունն այս տարածաշրջանում, խաղաղությունը, իրենք եւս միանան»։

Փորձագետի կարծիքով՝ ՀՀ-ի առաջ քաշած խաղաղության խաչմերուկը ենթադրում է ենթակառուցվածքների զարգացում, իսկ հետագայում էլ դրանց օգտագործումը հարեւանների կողմից․ «Այս պարագայում Վրաստանն ու Իրանը կարող են օգտվել դրանից, հետագայում էլ՝ Ադրբեջանն ու Թուրքիան՝ եթե ցանկություն ունենան այս նախագծով ներկայացված կետերով՝ ինքնիշխանության սկզբունքի վրա, ապա կարող ենք ակնկալել ապագայում կայունություն տարածաշրջանում, իսկ այդ ամենը կբերի խաղաղության»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930