Լրահոս
Օրվա լրահոսը

«Զուտ ներհոսքը նվազել է, փողը ժամանակին գալիս մնում էր Հայաստանում, հիմա գալիս, բարեւում՝ գնում է»․ Արթուր Խաչատրյան

Ապրիլ 11,2024 11:42

ԱԺ նիստում կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականի ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց հարակից զեկուցող ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին․ «Տնտեսական աճի տեմպերը 1/3-ով դանդաղել են, արդյոք այդ մասին չպե՞տք է անդրադարձ լիներ այս զեկույցի մեջ։

Երկրորդ, 2022 թվականի համեմատ, 2023 թվականին ֆիզիկական անձանց անունով բանկային համակարգով կատարված փոխանցումների զուտ ներհոսքը էականորեն ընկել է, 30-35 տոկոսի կարգի է, եթե նայենք այս տարվա հունվարին՝ 20 տոկոսի կարգի է։ Արդյոք այդ հարցին չպե՞տք է այստեղ անդրադարձ լիներ։

Երրորդ, 2023 թվականի նոյեմբերին երեք տարվա միջինի համեմատ ոսկերչական արտադրանքի ծավալի աճը 13,5 անգամ է եղել։ Ինչպե՞ս եղավ, որ այդ ոլորտը երեք տարի աշխատել է իր կարողությունների 7 տոկոսի չափով, եւ մարդիկ դեռ շնչում են։ Արդյոք այս փաստաթղթի մեջ տնտեսական այդ ֆենոմենին չպե՞տք է անդրադարձ լիներ։

Արդյոք այս զեկույցն ամբողջակա՞ն է, եթե այդ ֆունդամենտալ հարցերին այստեղ որեւէ արձագանք չկա»։

Բաբկեն Թունյանն ասաց․ «Տնտեսական աճի դանդաղման հետ կապված ինձ հետաքրքիր է, թե բազիսայինը ո՞րն եք ընկալում։ Այսինքն՝ եթե ասում եք՝ աճը դանդաղել է, նկատի ունեք 2022 թվականի աճի համեմա՞տ է մեր տնտեսական աճը դանդաղել։ Եթե այդպես է, ուրեմն կարող եք նաեւ 2021 թվականի հետ համեմատել։

Մենք ունեցել ենք թիրախ՝ սահմանված կառավարության ծրագրով, տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ։ Եվ մենք համեմատում ենք դրա հետ։

Ինչ վերաբերում է մասնավոր տրանսֆերտների ծավալների նվազմանը եւ ոսկերչական արտադրատեսակների ցուցանիշների բարձրացմանը, իհարկե, տեսականորեն կարելի էր ամեն ինչ ներառել այս զեկույցում, սակայն այդ դեպքում այս զեկույցը բրոշյուրի փոխարեն մի քանի հատորանոց գիրք կդառնար, որը համոզված եմ՝ ձեզնից ոչ ոք չէր կարդա։

Ոսկերչական արտադրատեսակների աճը, իմ կարծիքով, տարօրինակ չէ, որովհետեւ ստեղծվել է տնտեսական հնարավորություն, եւ անցած տարվա վերջերից սկսած՝ ՀՀ-ում էականորեն աճել է ոսկյա զարդերի արտադրությունն ու արտահանումը։ Ես ինքս եղել եմ այդ արտադրությունում, ծանոթացել եմ կատարված ներդրումներին, տեսել եմ ինչով են զբաղվում, եւ կարող եմ ասել, որ այդտեղ մենք ոչ թե թվանկարչության հետ գործ ունենք, այլ ռեալ արտադրությունների»։

Արթուր Խաչատրյանը շարունակեց հարցադրումը․ «Զուտ ներհոսքը նվազել է, փողը ժամանակին գալիս մնում էր Հայաստանում, հիմա գալիս, բարեւում՝ գնում է։ Եթե ոսկերչական ոլորտի մասին ձեր ասածը ճշմարտություն է, 7 տոկոսից հասել են 100 տոկոսի, ուրեմն հասկանում եք, չէ՞, թե ինչքան հիմնական միջոցների ներդրում պետք է լիներ, այդ ոսկերիչներին որտեղի՞ց գտան, որ արտադրությունը 14 անգամ մեծացել է։ Սա կառավարության անկեղծ զեկույց պետք է լիներ, ոչ թե թիթեռնիկներ ու ոսկե զարդեր նկարել»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930