Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ նորագույն պատմության մեջ արձանագրվեց, որ ՀՀ ԱԺ-ն չճանաչեց ապրիլի 10-ը որպես Մարաղայի կոտորածի հիշատակության օր»․ Լիլիթ Մարտիրոսյան

Ապրիլ 11,2024 10:43

«Ցավալի փաստ է՝ ՀՀ նորագույն պատմության մեջ 2022-ի մարտի 1-ին արձանագրվեց, որ ՀՀ ԱԺ-ն չճանաչեց ապրիլի 10-ը՝ որպես Մարաղայի կոտորածի հիշատակության օր»,- «Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի» կողմից նորաստեղծ «Արցախ» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Մարաղա․ շարունակվող ցեղասպանություն. չընդհատվող պայքար» խորագրով ինտերակտիվ պանելային քննարկման ժամանակ փաստեց «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։

Նա ասաց՝ մասնագիտությամբ ցեղասպանագետ է, և թեպետ տարիներ շարունակ հետազոտում էին տարբեր երկրներում տեղի ունեցող ցեղասպանությունները, նաև անդրադարձել են Սումգայիթի, Բաքվի ջարդերին, սակայն իր ուսումնասիրության շրջանակում տեղ չէին գտել Մարաղայի կոտորածները․ «Ինձ համար զարմանալի էր, որ 2016-ին ԳԱԱ-ում պատահական իմացա Մարաղայի կոտորածի մասին։ Ցավով եմ արձանագրում՝ շատ երիտասարդներ այսօր նաև ՀՀ-ում գուցե չեն լսել այդ կոտորածների մասին։ Դա հիմք դարձավ, որ իմ դաշտային հետազոտությունն իրականացնեմ»։

Լիլիթ Մարտիրոսյանն ասաց՝ 2018-ի ապրիլին մեկնել է Նոր Մարաղա գյուղ, հարցազրույցներ վերցրել բնակիչներից։ Կարծում է՝ արձանագրելը կարևոր է․ «Մարաղայի ցեղասպանությունն ամբողջությամբ չի ներկայացվել մեր հանրությանը»։

Լիլիթ Մարտիրոսյանն ասաց՝ մարաղացիներն իրենց խնդրել են, որ հետամուտ լինեն՝ Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրվի հուշակոթող Մարաղայի կոտորածների անմահ զոհերի հիշատակին նվիրված․ «Ցավոք, 2019-ի մեր նամակ- խնդրանքին այդ ժամանակվա Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ի պատասխան նշել էր, որ Ծիծեռնակաբերդի տարածքում Մարաղայի հուշաքարի տեղադրումն անբարո քայլ է։ Հորդորել էինք ևս մեկ անգամ ընթերցել, քանի որ կարծում էինք՝ գուցե սխալ են հասկացել։ Նրանք կրկին մեզ պատասխանել էին, որ մարաղացիները կարող են գնալ Մարաղա գյուղ և իրենց հարգանքի տուրքը մատուցել։ Մենք նշել էինք, որ Մարաղան Ադրբեջանի տիրապետության տակ է»։

Լիլիթ Մարտիրոսյանը վստահեցրեց՝ հավատում են, որ մի օր իրենց կհաջողվի, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Բաքվի, Սումգայիթի և Գանձակի խաչքարերի կողքին տեղադրվի նաև Մարաղայի անմեղ զոհերին նվիրված հուշակոթող։

Ցեղասպանագետը նաև ցավով նշեց․ «Ցավոք, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը մերժեց իմ նամակ-խնդրանքը՝ թեպետ եղել է իմ դասախոսը և մեծ ավանդ ունի միջազգային իրավունքի ոլորտում։ Նա ինձ չթույլատրեց, որ ես գնամ ԱԺ և ներկայացնեմ մեր օրինագիծը»։

Նաև հայտնեց՝ նոր օրինագիծ են ներկայացրել ՀՀ ԱԺ, որ ապրիլի 10-ը համարվի Մարաղայի խաղաղ բնակչության զոհերի հիշատակության օր․ «Մենք հիշում ենք, որովհետև, եթե մենք մոռանում ենք, դատապարտվելու ենք, որ այն կրկնվի։ 2023-ին Արցախի Հանրապետության կորուստը և հայաթափումն այս խոսքերի վկայությունն է։ Մենք պետք է հետամուտ լինենք, ցավոք, այսօր էլ Արցախում մշակութային ցեղասպանությունը շարունակվում է։ Ադրբեջանը փորձելու է ոչնչացնել մեր հայկական հետքը։ Մենք՝ մասնագետներս, պետք է լինենք հավատարիմ մեր առաքելությանն ու սկզբունքներին, որ ժառանգել ենք պատմականորեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930