Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ խնդիր է հեմանգիոման և որքանո՞վ է այն վտանգավոր

Ապրիլ 11,2024 09:30

Հեմանգիոման կամ վաղ մանկական (ինֆանտիլ) հեմանգիոման արյունատար անոթների բարորակ նորագոյացություն է։

Ինֆանտիլ կամ վաղ մանկական հեմանգիոման երեխաների շրջանում առավել տարածված նորագոյացություններից է, որը, սովորաբար, աճում է որոշակի ժամանակահատվածում, այնուհետև վերանում է՝ առանց բժշկական միջամտության։ Հեմանգիոմաները մեծամասամբ խնդիրներ չեն առաջացնում, սակայն որոշ դեպքերում կարող են բացվել և արյունահոսել կամ խոցոտվել։ Դա կարող է ցավոտ լինել։ Դրանից բացի հեմանգիոմաները կարող են առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ու ողնաշարի անոմալիաների դեպքում։

Հեմանգիոմաներ կարող են առաջանալ ինչպես մաշկի, այնպես էլ ներքին օրգանների վրա, այդ թվում՝ լյարդի, երիկամների, աղիների, թոքերի, գլխուղեղի։

Ինչպե՞ս են առաջանում հեմանգիոմաները

Մաշկի վրա հեմանգիոմաները ձևավորվում են մարմնի մի հատվածում արյունատար անոթների անոմալ կուտակման հետևանքով։ Գիտնականները դեռ լիովին չեն պարզել, թե ինչու են այունատար անոթները խմբվում, և կա ենթադրություն, որ դա կարող է պայմանավորված լինել հղիության ընթացքում ընկերքի կողմից արտադրվող որոշ սպիտակուցներով։

Մաշկի վրա ձևավորվող հեմանգիոմաները կարող են լինել մակերեսային, խորանիստ կամ խառը՝ տեղակայվելով մաշկի վերին կամ ենթամաշկային շերտերում։ Մակերեսային հեմանգիոմաները սովորաբար կարմիր բծերի կամ կարմիր խալերի նման են լինում, աճելով կարող են դառնալ ուռուցիկ և մաշկից բարձրացած։ Նմանատիպ տեսքի համար նախկինում ինֆանտիլ հեմանգիոմաներն անվանում էին «ելականման հեմանգիոմաներ»։

Լյարդի (հեպատիկ) հեմանգիոմաները ձևավորվում են լյարդի մակերեսին կամ ներսում և կարող են կապված լինել կամ չլինել ինֆանտիլ հեմանգիոմաների հետ։ Համարվում է, որ ոչ ինֆանտիլ հեմանգիոմաները զգայուն են էստրոգենի նկատմամբ։ Էստրոգենի ավելցուկը կարող է խթանել լյարդի հեմանգիոմայի աճը։

Տեղակայումից ու չափսից կախված՝ հեմանգիոմաները սովորաբար խնդիրներ չեն առաջացնում, սակայն ախտանշաններ կարող են դրսևորվել, եթե հեմանգիոմաները շատ են մեծանում,  տեղակայված են լինում զգայուն հատվածներում կամ բազմակի են լինում։

Աղեստամոքսային համակարգում ու լյարդի վրա առաջացած հեմանգիոմաները կարող են առաջացնել սրտխառնոց, փսխում, անհարմարության զգացում որովայնում, ախորժակի կորուստ, որովայնում լցվածության զգացում։

Ներքին օրգանների հեմանգիոմաները ախտորոշվում են ՈՒՁՀ, ՄՌՏ կամ ՀՏ հետազոտության միջոցով և շատ հաճախ պատահաբար են հայտնաբերվում։

Հեմանգիոմաները հիմնականում բուժման կարիք չեն առաջացնում, բացառությամբ որոշ դեպքերի, օրինակ՝ երբ մաշկի հեմանգիոմաները խոցոտվում են, շատ են մեծանում կամ ցավեր են առաջացնում, տեղակայված են զգայուն հատվածներում և այլն։

Հեմանգիոմաների բուժման համար կարող են նշանակվել բետա-պաշարիչ դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են մակերեսային ոչ մեծ հեմանգիոմաների, ինչպես նաև խոցոտված հեմանգիոմաների դեպքում։

Կարող են կիրառվել նաև կորտիկոստերոիդային դեղամիջոցներ, որոնք ներարկվում են հեմանգիոմայի մեջ՝ աճը և բորբոքումը դադարեցնելու համար։

Մաշկի վերին շերտերի հեմանգիոմաները կարելի է հեռացնել լազերային թերապիայի օգնությամբ։

Ըստ անհրաժեշտության ներքին օրգանների հեմանգիոմաների բուժումն իրականացվում է վիրահատական եղանակով՝ հեմանգիոմայի, ախտահարված օրգանի կամ վնասված հատվածի հեռացման միջոցով։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930