Դատարանը մերժել է 7,5 տարի ՔԿՀ-ում գտնվող 63-ամյա դատապարտյալին
2024 թվականի մարտի 19-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակել է դատապարտյալ Ռադիկ Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության՝ «2014 թվականի սեպտեմբերի 8-ից սկսած Ռադիկ Գաբրիելյանի կենսաթոշակն ամբողջությամբ վճարել պարտավորեցնելու պահանջի մասին» գործով որոշումը: Անազատության մեջ գտնվող դատապարտյալը դեռ 2022 թվականի օգոստոսի 31-ին էր հայցապահանջ ներկայացրել ՀՀ վարչական դատարան, եւ դատարանը միայն 2024-ին կայացրեց որոշում:
Թե պատասխանողը, թե երրորդ անձը պատշաճ ծանուցված լինելով նախնական դատական նիստերի, դատաքննության մասին, չեն ներկայացել, հետեւաբար, դատարանի որոշմամբ գործը քննվել է նրանց բացակայությամբ:
Դատապարտյալը հայտնել էր, որ 2014 թվականի հունիսի 27-ից գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում. շուրջ յոթուկես տարի։ Տառապում է «Երիկամների քրոնիկ անբավարարվածության» ախտորոշմամբ հիվանդությունով, փորին տեղադրված է միզաթողության կատետոր: Հայտնել է, որ թույլ է, ուժասպառ, ազոտի բարձր մակարդակով, արյան մեջ կրեատինինի նույնքան բարձր տոկոսայնությամբ «շարունակ գամված է եղել անկողին հիշեցնող մահճակալին, անօգնական, անտարբեր վիճակում»: Նա զրկվել է կենսաթոշակային իրավունքից հենց այդ անտարբերության պատճառով: Ըստ նրա, 2014 թվականից ի վեր, եւ ավելի տարիների համար չվճարվելով ոչ մի գումար՝ դիմումը մերժվել է անհեթեթ պատճառաբանությամբ։
Կարդացեք նաև
Դատապարտյալի 63 տարին լրացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտվելու երրորդ ամսում, եւ եթե իրեն ապահովեին անհրաժեշտ օժանդակություն ու պայմաններ, կբացառվեր այս վիճակը:
Հիշեցնեմ, որ նախնական դատական անդրանիկ նիստը հրավիրվել էր 2022թ. դեկտեմբերի 22-ին: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Աննա Դիլբարյան) որոշմամբ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից պահանջվել են ապացույցներ: ՀՀ վարչական դատարանի նախագահի 2023 թվականի հունիսի 21-ի թիվ 44-Ա հրամանով ՀՀ վարչական դատարանի դատավոր Աննա Դիլբարյանին տրամադրվել է հղիության արձակուրդ, այդ պատճառով վարչական գործը 2023 թվականի օգոստոսի 2-ին մակագրվել է ՀՀ վարչական դատարանի մեկ այլ դատավորի՝ Մհեր Պետրոսյանին:
Այս դատավորը նախնական դատական նիստ է հրավիրել 2023 թվականի հոկտեմբերի 19-ին, իսկ դատաքննության գործը պատրաստ էր այս տարվա փետրվարի 26-ին: Այդ օրն էլ ավարտվել է գործի «քննությունը», նշանակվել հրապարակման օրը:
Քրեակատարողական հիմնարկը պատասխան էր ուղարկել դատարան, համաձայն որի, հիմնարկի պետին կենսաթոշակ նշանակելու միջնորդության վերաբերյալ դատապարտյալի դիմումը օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերով, որի հիման վրա Ռ. Գաբրիելյանին նշանակվել է ծերության նպաստ, իսկ 2021 թվականի ապրիլի 8-ի դիմումով եւ կից փաստաթղթերով դիմելու օրվանից տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար նրան նշանակվել է ծերության նպաստի փոխարեն՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ: Հետեւաբար, ըստ ՔԿՀ-ի, հայցը անհիմն է եւ ենթակա է մերժման:
Երրորդ անձն առարկություն էր ուղարկել դատարան, հայտնելով. «Առկա չէ պատասխանողի կողմից միջամտող վարչական ակտ, որի առկայության պարագայում միայն հայցվորը կարող էր ներկայացնել պարտավորեցման հայց»:
Ֆինանսների նախարարությունը գտնում էր, որ՝ «Օրենսդիրը տարանջատել է «կենսաթոշակի իրավունք» եւ «կենսաթոշակ ստանալու իրավունք» հասկացությունները, ընդ որում, դրանցից յուրաքանչյուրի ծագման համար օրենքով նախատեսվել են տարբեր իրավաբանական փաստեր, մասնավորապես, կենսաթոշակի իրավունքը ծագում է օրենքով նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում, իսկ կենսաթոշակ ստանալու իրավունքը կենսաթոշակի իրավունքի առկայությամբ պայմանավորված՝ համապատասխան մարմին սահմանված կարգով դիմելու պարագայում: Այս դեպքում առկա չէ որեւէ իրավական հիմք հայցվորին 01.07.2014 թվականից կենսաթոշակ նշանակելու համար, ուստի, հայցն անհիմն է եւ ենթակա մերժման»:
Ըստ վարչական դատարանի. «Տարբեր են կենսաթոշակի իրավունքի եւ կենսաթոշակ ստանալու իրավունքի ծագման նախադրյալները. եթե կոնկրետ դեպքում, տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունքի ծագման նախադրյալներն են որոշակի տարիքը լրանալը եւ որոշակի աշխատանքային ստաժի առկայությունը, ապա կենսաթոշակ ստանալու իրավունքի ծագման նախադրյալներն են կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում դիմում ու անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելը»:
Ծառայությունը քրեակատարողական հիմնարկում գտնվող պատիժ կրող անձի` կենսաթոշակ նշանակելու մասին գրավոր դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերը եւ քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանով ճշտում է նրան կենսաթոշակ նշանակած լինելու հանգամանքը: Կենսաթոշակ նշանակած չլինելու դեպքում փաստաթղթերն ուղարկում է իր՝ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության կամ Պետական պահպանության ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում՝ դրա մասին հայտնելով քրեակատարողական հիմնարկի ղեկավարին: Նույն հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, պատիժ կրող անձի գրավոր դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է կենսաթոշակ:
ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի նոյեմբերի 29-ի ՍԴՈ-1325 որոշման մեջ արձանագրված է. «ա) կենսաթոշակի իրավունքը, որպես սոցիալական ապահովության սահմանադրական իրավունքի դրսեւորման ձեւ, ելակետային է, այն նախապայման է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու համար,
բ) կենսաթոշակի իրավունքն ունի ծագման իր նախադրյալներն ու օրինական հիմքերը,
գ) կենսաթոշակ ստանալու իրավունքը կենսաթոշակի իրավունքի իրացման երաշխիքն է` օրենքով սահմանված իրավապայմանների առկայության պարագայում»:
Դատարանն արձանագրում է, որ բոլոր դեպքերում կենսաթոշակ նշանակելու համար հիմք է հանդիսանում անձի դիմումը, հետեւաբար, համապատասխան դիմումի՝ ավելի վաղ չներկայացնելու պայմաններում հայցվորի վկայակոչած փաստարկները հիմք չեն 2014 թվականի սեպտեմբերի 8-ից սկսած Ռադիկ Գաբրիելյանին չվճարված կենսաթոշակը վճարելուն պարտավորեցնելու համար, դրանք հերքվում են ՀՀ սահմանադրական դատարանի՝ վերը նշված իրավական դիրքորոշմամբ։
Դատարանն արձանագրում է, որ հայցվորն իր կենսաթոշակը պահանջում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից, մինչդեռ քրեակատարողական հիմնարկը կենսաթոշակը վճարող մարմին չէ: Դատարանը փաստել էր, որ 2014 թվականի սեպտեմբերի 8-ից սկսած Ռադիկ Գաբրիելյանին չվճարված կենսաթոշակը վճարելուն վարչական մարմնին պարտավորեցնելու իրավական եւ փաստական հիմքեր առկա չեն, ուստի հայցվորի պահանջը ենթակա է մերժման։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.04.2024