«Ներխուժեցին գյուղ, ժողովրդի որոշ մասը մնացել էր տներում, համայնքն Ադրբեջանի տիրապետության տակ էր, սկսեցին այդ մարդկանց մորթել, փողոցներում իրոք գլուխներ էին թափված, ես փոքր եմ եղել, բայց շատ բաների ականատես եմ եղել։ Դա ցեղասպանություն էր»,- «Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի» կողմից նորաստեղծ «Արցախ» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Մարաղա․ շարունակվող ցեղասպանություն. չընդհատվող պայքար» խորագրով ինտերակտիվ պանելային քննարկման ժամանակ իր հիշողությունները ներկայացրեց Մարաղայի ցեղասպանությունը վերապրած բնակիչներից պարոն Գաբրիելյանը։
Նա ցավով նշեց, իրենց սերունդը՝ մինչև 1977 թվականը, մանկություն չի տեսել․ «Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել մեր ժողովրդի հետ։ Մի քանի անգամ են տեղահանվել մեր համայնքի բնակիչները։ Այն ժամանակ ստիպված ենք եղել գալ Հայաստան, պատերազմը երբ վերջացավ, Նոր Մարաղա համայնք հիմնեցինք, բայց հետո նորից հայտնվեցինք փողոցներում։ Արդեն երրորդ անգամն է մեր մարաղեցիներն այդ վիճակում են հայտնվում։ Մեր տարիքը՝ մինչև 77 թիվը, մանկություն չի տեսել։ Կցանկանայինք՝ սրանից հետո մեր երեխաները նորմալ կյանքով ապրեին Հայաստանում»։
Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան, Մարաղայի ցեղասպանությունը վերապրած պարոն Գաբրիելյանը պատասխանեց․ «Ճիշտն ասեմ՝ չեմ պատկերացնում։ Ճիշտ է՝ Սյունիքում եմ ապրում, հինգ երեխա ունեմ, բայց այս պահին ապագաս չեմ պատկերացնում, չեմ էլ պատրաստվում հայրենիքը լքել։ Տեսնենք՝ ինչ կլինի»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ